Գլխավոր Լրահոս

Հայաստանը Իրանի և Հնդկաստանի հետ առևտրային նոր պայմանագիր (դեռ) չի ստորագրել

Հայաստանը Իրանի և Հնդկաստանի հետ առևտրային նոր պայմանագիր (դեռ) չի ստորագրել

Հայկ Հովհաննիսյան, #CivilnetCheck

Սոցցանցերում օրերս տեղեկություն տարածվեց, թե Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է հյուսիս֊հարավ ավտոճանապարհով տարեկան 250 մլրդ դոլարի ապրանքատեղափոխման պայմանագիր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրեց նաև Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը, նրա գրառումը [արխ.] այս պահին ստացել է մոտ 3 000 հավանում և 700 տարածում։ Մինչ այդ տեղեկությունը տարածվել էր տելեգրամյան ալիքներում և ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի շրջանում։

#CivilnetCheck-ը պարզեց՝ նման պայմանագիր երեք երկրների միջև չի ստորագրվել։ Կողմերից և ոչ մեկը պաշտոնապես չի հայտնել միջպետական պայմանագրի ստորագրման մասին։

Արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ) #CivilnetCheck-ին հայտնեցին, որ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցերի շուրջ քննարկումներ կան, սակայն ստորագրված պայմանագրի մասին տեղեկություններ առկա չեն։

Հիշեցնենք, որ ԱԳՆ-ն ապրիլի 20-ին հայտնեց, որ Երևանում Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարությունների միջև տեղի են ունեցել եռակողմ ձևաչափով առաջին քաղաքական խորհրդակցությունները։ 

«Հանդիպմանը մասնավորապես քննարկվել են տնտեսական, տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցեր, նախանշվել են մշակութային և միջմարդկային կապերի խորացման և տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության հեռանկարները»,- նշված էր հաղորդագրությունում։

Ինչ վերաբերում է տարածվող գրառմանը կից պատկերին, որում իբև պատկերված է առևտրային երթուղին, ապա այն հին է, դրանում առկա են մի շարք ուղղագրական սխալներ և ամենայն հավանականությամբ այն ներկայում քննարկվող ծրագրի հետ կապ չունի։ Այս քարտեզը դեռ 2021-ի հոկտեմբերին հրապարակվել էր իրանական մամուլում և վերաբերում էր «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին։

Գործընթացներ, այնուամենայնիվ, ընթանում են

Վերջին շրջանում հայկական, հնդկական և իրանական մամուլում ակտիվ քննարկվում է «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որով Իրանը առևտրային նոր ուղի է ցանկանում ստանալ դեպի Եվրոպա՝ Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով։

Իրանը այս տրանսպորտային նախագիծը մի շարք երկրների՝ այդ թվում Հայաստանի հետ քննարկում է դեռ 2016-ից, սակայն վերջին շրջանում խոսվում է նախագծին նաև Հնդկաստանի միանալու մասին։ 

Հնդկական The Economic Times-ը 2023-ի մարտին գրել էր, որը Հայաստանը Հնդկաստանին առաջարկել է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցք՝ հնդիկ առևտրականներին Ռուսաստանի և Եվրոպայի հետ կապելու համար

«Առաջարկվող միջանցքը, որը կգործարկվի Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին (INSTC) զուգահեռ, կնպաստի Մումբայը [Հնդկաստան - խմբ.] կապել Իրանի Բանդար Աբաս նավահանգստի հետ, այնուհետև Հայաստանով մինչև Եվրոպա կամ Ռուսաստան՝ շրջանցելով Ադրբեջանը, որի հետ Հնդկաստանը սառը հարաբերություններ ունի՝ հաշվի առնելով նրա սերտ համագործակցությունը Թուրքիայի և Պակիստանի հետ»,- նշում էր The Economic Times-ը։

Հարկ է նշել, որ «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային նախագիծը նույնը չէ, ինչ հայտնի «Հյուսիս-Հարավ» նախագիծը, որը շատ ավելի հին պատմություն ունի։

Կողմերի պաշտոնական հայտարարությունները «Պարսից ծոց-Սև ծով» նախագծի վերաբերյալ վկայում են ընթացող բանակցությունների և պայմանավորվածությունների լրջության մասին։

Այսպես, Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին 2022-ի փետրվարին հույս էր հայտնել, որ  «Պարսից ծոց-Սև ծով» նախագծում Հայաստանը  կամրապնդի իր դիրքերը։

«Տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում առևտրային փոխանակումների առատ կարողություններն անխուսափելի են դարձրել Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի հնարավորինս արագ գործարկումը։ Հայաստանի տարածքով անցնող հյուսիս-հարավ ճանապարհը կարող է կարևոր օղակ հանդիսանալ ռազմավարական այս երթուղու համար։ Այս ռազմավարական նպատակի իրագործումը պահանջում է լուրջ վճռականություն և  ջանքերի գործադրում մեր կողմից»,- ասել էր ԻԻՀ դեսպանը։ 

Հնդկաստանին այս նախագծում ներառելու մասին 2023-ի հունվարին 12-ին խոսել էր նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը G-20-ում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողովի» ժամանակ։

«Այս առումով մենք շահագրգռված ենք զարգացնել համագործակցությունը Հյուսիս-Հարավ կապի, ինչպես նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում։ Հայաստանը նշանակալի է համարում Հնդկաստանի ներուժն ու հեռանկարային դերն այս նախագծերում»,- ասել էր նախարար Միրզոյանը։

Նկատենք, որ Հայաստանը 2022-ի ապրիլին արդեն իսկ ստորագրել է «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի վերջնական տարբերակի արձանագրությունը, որը սակայն մինչև այժմ չի վավերացվել։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից 2023-ի մարտին «Sputnik Արմենիա»-ի հայտնել էին, որ Հայաստանն ու Հնդկաստանը բանակցություններ են վարում երկկողմ տրանսպորտային համաձայնագրի ստորագրման շուրջ:

«Ներկայումս Հնդկաստանի հետ ակտիվացել են բանակցությունները տրանսպորտի ոլորտում ՀՀ-ի հետ համագործակցության և միջազգային ավտոմոբիլային փոխադրումների երկկողմ համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ»,- նշված էր ՏԿԵՆ-ի գրությունում։

ՏԿԵՆ-ից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ նախագծի և հայ-հնդկական երկկողմ տրանսպորտային համաձայնագրի վերաբերյալ նոր զարգացումներ առկա չեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում