2026 vs 2021. ՔՊ-ի նախընտրական ծրագրերի տարբերությունները

Լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ապրիլի 3-ին հրապարակել է Ազգային ժողովի 2026-ի ընտրությունների նախընտրական ծրագիրը։ Կուսակցությունը 2026-2031 թվականների առանցքային անելիքների մեջ ներկայացրել է տարբեր ոլորտների վերաբերող 100 կետ։
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը համեմատել է 2020-ի հետպատերազմյան շրջանում կուսակցության 2021-ին ներկայացրած և 2026-ի նախընտրական ծրագրերը։
Գաղափարախոսություն, արտաքին քաղաքականություն և անվտանգություն
Գաղափարախոսություն
2021-ի ծրագրում առանցքային էր համահայկական մոտեցումը։ Արտաքին քաղաքականության ուղենիշ նշվում էր Հայաստանի և Արցախի ժողովրդի, ինչպես նաև սփյուռքահայության իրավունքների, անվտանգության և շահերի ապահովումը։
2026-ի ծրագրում որպես առանցքային գաղափար ներկայացվում է «Իրական Հայաստանի» մոտեցումը։ Ծրագրի նախաբանում նշվում է, որ դրա հիմքում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն է և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։ Ծրագիրն ազդարարում է. «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը երազանքի հայրենիքի փնտրտուքը դադարեցնելու մասին է. Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքների հայրենիքը»։
Լեռնային Ղարաբաղի հարցը և խաղաղությունը
2021-ի ծրագրում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դիտարկվում էր Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման և «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառման շրջանակում։ Նշվում էր, որ Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը. բանակցային առաջնահերթություն էր համարվում «նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո»:
2026-ի ծրագրում «Արցախ», «ինքնորոշում», «ԼՂԻՄ» կամ «ԵԱՀԿ Մինսկի խումբ» եզրույթներն այլևս չկան։ Փոխարենը շեշտվում է «Խաղաղության ինստիտուցիոնալացումը»։ Նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը «միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչել են՝ հիմք ընդունելով 1991-ի Ալմա-Աթայի հռչակագիրը»: Իսկ արցախահայության խնդիրը ձևակերպված է զուտ որպես սոցիալական կետ. «Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովում»։
Ծրագրում նաև նշվում է Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի շարունակության և խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման կարևորության մասին։ Բաքվում պահվող հայ գերիների խնդրին որևէ անդրադարձ չկա։
Ուշագրավ է, որ չի գործածվում նաև «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական եզրույթը, ինչպես նաև «բռնի տեղահանված» արտահայտությունը։ Սա արտահայտում է նաև վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչների հռետորաբանության փոփոխությունը։

Միջազգային գործընկերներ և արտաքին քաղաքականություն
2021-ի ծրագրում նշվում էր, որ Հայաստանը շարունակելու է «ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը»։ ՀԱՊԿ-ը դիտարկվում էր «Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակ» և շեշտվում էր կառույցի աշխատանքներում ակտիվ ներգրավվածության կարևորությունը։ Ծրագրում ընդգծվում էր, որ զարգացվում են Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները։

2026-ի ծրագրում արձանագրվում է. «ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցված է, և ակտիվությանը վերադառնալուն ուղղված քայլեր չեն ձեռնարկվի»։ Ռուսաստանի հետ հարաբերություններն այլևս ոչ թե «ռազմավարական դաշինք» են, այլ «գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում»։
Միաժամանակ, 2021-ին Եվրոպական միության հետ հարաբերությունները հիմնականում ներկայացվում էին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկման և մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շրջանակում։
2026-ին նշվում է, որ Հայաստանը շարունակելու է ԵՄ-ին անդամակցելու չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ բարեփոխումները, և համապատասխանության դեպքում կարող է դիմել «ԵՄ լիարժեք անդամ դառնալու համար»։
Ծրագրում արտաքին քաղաքականությունը ներկայացվում է որպես «հավասարակշռված և հավասարակշռման» մոտեցում՝ ներառելով հարաբերությունների զարգացում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ գործընկերների հետ։
Անվտանգություն և բանակ
Եթե 2021-ի ծրագրում նշվում էր, որ Զինված ուժերի սպառազինության ու տեխնիկայի արդիականացումն իրականացվելու է «նախևառաջ ՀՀ ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ», ապա 2026-ի ծրագրում շեշտը դրվում է սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, հայրենական արտադրության և համապարփակ պաշտպանության համակարգի աստիճանական ներդրման վրա՝ առանց որևէ կոնկրետ երկրի (այդ թվում՝ ՌԴ-ի) հիշատակման։
2026-ին նշվում է, որ բանակը դիտարկվում է որպես արտաքին անվտանգության ապահովման «պահեստային գործիք», որը կիրառվում է այն դեպքում, երբ դիվանագիտական և այլ միջոցները չեն գործում։
Ծրագրում նաև ամրագրվում է, որ բանակը պետք է ծառայի բացառապես Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության նպատակներին։
Տարածաշրջանային ապաշրջափակում
2021-ի ծրագրում տարածաշրջանային ապաշրջափակումը կապվում էր 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններից բխող քայլերի իրագործման հետ։
2026-ի ծրագրում ապաշրջափակման ուղղությամբ նշվում է TRIPP նախագիծը՝ որպես տարածաշրջանային կապուղիների բացմանն ուղղված նախաձեռնություն։
Սահմանադրություն և ներքին լեգիտիմություն
2021-ի ծրագրում Սահմանադրությանը վերաբերող հարցերը հիմնականում ներկայացվում էին դատաիրավական համակարգի բարեփոխումների համատեքստում, այդ թվում՝ Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ առաջարկներով։
2026-ում շեշտվում է նոր Սահմանադրություն ընդունման անհրաժեշտությանը։ Մասնավորապես նշվում է, որ գործող Սահմանադրության լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում նախկին հանրաքվեների արդյունքների վերաբերյալ առկա հարցադրումների պատճառով։
Ծրագրում որպես լուծում ներկայացվում է նոր Սահմանադրության ընդունումը՝ ժողովրդի կամարտահայտմամբ։ Նշվում է նաև, որ նոր Սահմանադրությամբ նախատեսվում է ներդնել երդվյալ ատենակալների ինստիտուտը։
«Եկեղեցու բարեփոխման» 4-քայլանոց քարտեզ
2026-ի ծրագրում առանձին կետով անդրադարձ է կատարվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և դրա բարեփոխման օրակարգին։
Ծրագրում նշվում է, որ եկեղեցու գործունեության հետևանքով «հավատավոր հանրությունն օտարվել է», ինչպես նաև ներկայացվում է գնահատական, ըստ որի՝ «հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձ անեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ»։
Կուսակցությունն առաջարկում է ճանապարհային քարտեզ, որի առաջին կետն է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում)», որին պետք է հաջորդի նոր կանոնադրության ընդունումը և նոր Կաթողիկոսի ընտրությունը։

Սփյուռքի հետ հարաբերություններ
2021-ին Սփյուռքի հետ աշխատանքը հիմնականում ներկայացվում էր հայրենադարձության խթանման, հումանիտար աջակցության և Սփյուռքի ներուժի օգտագործման համատեքստում։ Նշվում էր ճգնաժամային իրավիճակներում գտնվող համայնքներին աջակցության տրամադրումը, ինչպես նաև «իԳործ» և «Քայլ դեպի տուն» ծրագրերի իրականացումը։
Ծրագրում նաև դիտարկվում էր արևմտահայերենին հատուկ կարգավիճակ տալու օրենսդրական հնարավորությունը՝ «ինտեգրումը հեշտացնելու նպատակով», ինչպես նաև հայրենադարձության ոլորտում թիրախային մոտեցման կիրառումը՝ առաջնահերթություն տալով երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքներին։
2026-ի ծրագրում Սփյուռքի հետ համագործակցության ուղղությամբ ներկայացվում են նոր մոտեցումներ։ Մասնավորապես, նախատեսվում է պետականակենտրոն կազմակերպությունների համաժողովի անցկացում և համահայկական մասնագիտական (իրավաբանական, առողջապահական, ձեռնարկատիրական և այլն) ու երիտասարդական/ուսանողական ցանցերի ստեղծում։
Փաստերի ստուգում
Անի Գրիգորյան
CivilNetCheck










