«Ձեր ամեն ինչն է ֆեյք»․ իշխանության քննադատությունն ու ՔՊ պատգամավորի հետ փոխկապակցված մեդիայի AI ֆեյքերը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված Medianews.site-ը շարունակում է կեղծ օգտահաշիվների գրառումներ տարածել իր մեծ լսարան ունեցող ֆեյսբուքյան էջերով՝ թիրախավորելով ընդդիմադիրներին։
Օգոստոսի 31-ին կայքը հրապարակել է «Ծննդյանդ օրը ազգիդ ներկայացուցիչները քեզ անեծք են տալիս ու շուտափույթ բանտարկում ցանկանում․ Աննա Օհանյան» վերտառությամբ հոդվածը՝ այն ներկայացնելով որպես ֆեյսբուքյան օգտատեր «Աննա Օհանյանի» գրառում։
«Առավոտից քոչարյանական կոյուղի մեդիաները իրար հերթ չտալով հայտարարում էին, թե՝ օ՜ ի՜նչ իրադարձություն, Պուտինը շնորհավորել է կոբրայի ծնունդը»,- ասված է «Աննա Օհանյան» էջի գրառման մեջ։
#CivilNetCheck-ը դեռ ամիսներ առաջ բացահայտել էր, որ Medianews.site-ը պարբերաբար հրապարակում է չհաստատված ինքնությամբ և անգամ գոյություն չունեցող օգտահաշիվների գրառումներ՝ դրանք ներկայացնելով որպես «հանրային կարծիք»։ Այդ օգտահաշիվներից է «Աննա Օհանյանը», որի գրառումները կայքը շարունակում է պարբերաբար վերածել լրատվական նյութերի։
Տես՝ MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը
Մինչդեռ նման գործելաոճից օգոստոսի 26-ին Ազգային ժողովի ամբիոնից դժգոհել էր ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր Վոլոդյա Հակոբյանը, որը ընդդիմադիրներին մեղադրում էր «բոտերով ֆեյք իրականություն ստեղծելու» մեջ։
«Անգամ ձեր համակիրների մեծ մասը ֆեյք են, ֆեյսբուքում նախընտրական և դրանից առաջ ֆեյք իրականություն էիք ստեղծել, ֆեյք համակիրներ էիք ստեղծել, բոտեր էիք ստեղծել…»,- հայտարարել էր նա։
«Աննա Օհանյան» հայտնի ֆեյքը
Չնայած նախորդ բացահայտմանը՝ Medianews.site-ը շարունակում է ակտիվորեն օգտագործել «Աննա Օհանյան» կեղծ օգտահաշվի գրառումները։ Միայն օգոստոսին կայքը նրա անունից 7 «գրառում» է հրապարակել, որոնց մեծ մասը վիրավորական կամ ծաղրական ձևակերպումներ է պարունակում ընդդիմադիր գործիչների հասցեին՝ «կոբրա», «բես», «սրիկա», «սիմուլյանտ», «տկարամտություն», «սպիսատ եղածներ», «խեղկատակ» և այլն։
Ուշագրավ է, որ «Աննա Օհանյանի» ֆեյսբուքյան էջում այդ գրառումները սովորաբար գրեթե արձագանք չեն ստանում, մինչդեռ Medianews-ի մեծ լսարան ունեցող ֆեյսբուքյան էջերում (էջերից մեկն ունի շուրջ 99 000, մյուսը՝ 269 000 հետևորդ) նույն բովանդակությունը հասնում է հազարավոր օգտատերերի։
Ուշագրավ է, որ «Աննա Օհանյանի» ֆեյսբուքյան էջում այդ գրառումները սովորաբար գրեթե արձագանք չեն ստանում, մինչդեռ Medianews-ի մեծ լսարան ունեցող ֆեյսբուքյան էջերում (էջերից մեկն ունի շուրջ 99 000, մյուսը՝ 269 000 հետևորդ) նույն բովանդակությունը հասնում է հազարավոր օգտատերերի։Օրինակ՝ օգոստոսի 27-ին հրապարակված «Քոչարյանի մոտ քննչական գործողությունների ժամանակ վատանալը դարձել է բնավորության գիծ․ Օհանյան» վերտառությամբ գրառումը «հեղինակի» էջում ստացել էր ընդամենը 4 հավանում, մինչդեռ Medianews-ի ֆեյսբուքյան երկու էջում ստացել է ավելի քան 2 000 հավանում և 200-ից ավելի մեկնաբանություն։

Նախորդ հետաքննությամբ #CivilNetCheck-ը պարզել էր, որ «Աննա Օհանյանի» էջում հրապարակված երեք անձնական լուսանկարներն էլ մեծ հավանականությամբ ստեղծված են արհեստական բանականությամբ։ Հետաքննության ընթացքում #CivilNetCheck-ը գրել էր նաև օգտահաշվին՝ փորձելով պարզել դրա իրական ինքնությունն, սակայն որևէ արձագանք չէր ստացել։ Հետևաբար օգտահաշվի հետևում իրական անձի առկայությունը որևէ կերպ չի հաստատվել։
«Արա Հակոբյան»․ 7 ընկեր ունեցող մյուս ֆեյքը
Բացի «Աննա Օհանյանից», Medianews-ը արտատպում է նաև ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր «Արա Հակոբյանի» գրառումները։ Օրինակ՝ հուլիսի 16-ին կայքում է հայտնվել «Սա արդեն լրիվ կապիկություն է․ քաղաքական բոմժերի սեզոնը համարենք բացված․ Հակոբյան», իսկ օգոստոսի 24-ին ««Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ոչ միայն տկարամիտ են, այլ նաև խիստ անհասկացող․ Հակոբյան» վերտառությամբ նյութերը։
Սակայն նման բովանդակությամբ գրառումներ Հակոբյանի էջում առկա չէ։
Վերջին գրառումը կատարվել է ապրիլի 9-ին։ Չի բացառվում, որ դրանք հետագայում ջնջվել են կամ ընդհանրապես չեն հրապարակվել այդ էջում։ Այս «օգտատիրոջն» էլ նախորդ հետաքննության մեջ անդրադարձել էինք։ Ինչպես «Աննա Օհանյանի» դեպքում, «Արա Հակոբյանի» անձնական լուսանկարները ևս ստեղծված են արհեստական բանականության միջոցով։

«Արա Հակոբյան» օգտահաշիվը ֆեյսբուքում ունի ընդամենը 7 ընկեր, որոնց թվում են Տարոն Չախոյանը և նույն «Աննա Օհանյան» օգտահաշիվը։
Նախորդ հետաքննությամբ հայտնաբերված արխիվային դոմեյնային տվյալները ցույց էին տվել, որ Medianews.site-ը հիմնադրման պահին գրանցված է եղել Չախոյանի անունով և կոնտակտային տվյալներով, թեև նա հետևողականորեն հերքում է իր կապը կայքի հետ։

Medianews.site-ում հայտնվելուց հետո նույն բովանդակությունը արտատպվում է fbnews.am կայքում, ապա տարածվում ArmeniaNews, Ա Ր Մ Ե Ն Ի Ա ֆեյսբուքյան խմբերում։
Այսպիսով, մինչ ՔՊ պատգամավորները խորհրդարանում ընդդիմությանը մեղադրում են «ֆեյք իրականություն» ստեղծելու մեջ, Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված Medianews.site-ը շարունակում է կեղծ օգտահաշիվների միջոցով քաղաքական բովանդակություն տարածել։ Գրեթե աննկատ մնացող այդ գրառումները կայքի մեծ լսարան ունեցող էջերի և փոխկապակցված հարթակների միջոցով բազմապատկվում ու հասնում են հազարավոր օգտատերերի։
Նելլի Լազարյան
CivilNetCheck









