«ՌԻԱ Նովոստին» Հայաստանի էներգետիկ կախվածության և ՀԷՑ-ի շուրջ ընտրովի փաստեր է ներկայացնում

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» պետական լրատվական գործակալությունը սեպտեմբերի 2-ին «Ուկրաինայի ճանապարհով․ Հայաստանի եվրոպական երազանքները նրան կործանման կհասցնեն» վերնագրով հոդված է հրապարակել։ Հեղինակ Սերգեյ Սավչուկը մի շարք պնդումներ է ներկայացրել ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռանալու, էներգետիկ կախվածության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) պետականացման և Իրանից ներկրվող գազի վերաբերյալ։
#CivilNetCheck-ը պարզել է, որ հոդվածում տեղ գտած որոշ պնդումներ սխալ են, մի քանիսն էլ ներկայացված են առանց էական համատեքստի։
«Էլեկտրիկ Երևանը» Փաշինյանի՝ իշխանության գալու պատճառը չէր
«ՌԻԱ Նովոստին» գրում է, թե էներգետիկայի թեման «անբաժանելիորեն կապված է» Նիկոլ Փաշինյանի անձի հետ, քանի որ նա իշխանության է եկել այսպես կոչված «Էլեկտրամայդանի» արդյունքում։
Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Էլեկտրիկ Երևան» անունը ստացած բողոքի ցույցերը, մինչդեռ, տեղի են ունեցել 2015-ին։
Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել 2018-ին՝ «Թավշյա հեղափոխություն» անունը ստացած շարժման արդյունքում՝ «Էլեկտրիկ Երևան»-ից երեք տարի անց։ Փաշինյանի իշխանության գալը «Էլեկտրիկ Երևանի» հետ կապելը փաստական հիմք չունի։

ՀԷՑ-ի պետականացման հարցում արբիտրաժի որոշումը ներկայացված է ոչ ամբողջական
Հոդվածն անդրադառնում է նաև ՀԷՑ-ի պետականացման գործընթացին։ Նշվում է, որ ընկերությունը նախկինում պատկանում էր ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբին, և պնդում է, թե Ստոկհոլմի արտակարգ արբիտրաժը պարտավորեցրել էր Երևանին դադարեցնել ՀԷՑ-ի օտարման գործողությունները։
«Նույնիսկ Ստոկհոլմի արտակարգ արբիտրաժի միջամտությունը չօգնեց, որը պարտավորեցրել էր Երևանին դադարեցնել սեփականազրկմանն ուղղված բոլոր գործողությունները»,- գրում է նա։
Այս ձևակերպումը սակայն կարևոր մանրամասներ է բաց թողնում։
ՀԷՑ-ի պետականացման գործընթացը սկսվել է 2025-ի հունիսին, դրա սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ եկեղեցուն աջակցող հայտարարությունից ու նրա կալանավորումից հետո:
«Կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ, և իմ հանձնարականն է ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները»,- 2025-ի հունիսին ֆեյսբուքյան իր էջում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հուլիսի սկզբին խորհրդարանը հրատապ կարգով ընդունեց օրենքների փաթեթ, որը հնարավորություն տվեց ՀԷՑ-ի կառավարումը հանձնել ժամանակավոր կառավարչի։
Սահմանադրական դատարանը հետագայում այդ օրենքները Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց։
Դրանից հետո ընկերության սեփականատերերը դիմեցին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC) շրջանակում նշանակված արտակարգ արբիտրին՝ պահանջելով արգելել ՀԷՑ-ի բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ այլ եղանակով տնօրինումը։
2025-ի հուլիսի 22-ին արտակարգ արբիտրը ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշմամբ սահմանափակել էր Հայաստանի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ հետագա օտարման կամ հարկադիր տնօրինման մի շարք գործողություններ, այդ թվում՝ կառավարման փոփոխության, ժամանակավոր կառավարչի նշանակման, լիցենզիայի դադարեցման և ակտիվների օտարման/բռնագրավման հետ կապված։
Թեև տարբեր իրավաբաններ և մասնագետներ պնդում էին, որ արտակարգ հրատապ արբիտրի որոշումները ենթակա են պարտադիր կատարման, կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարի, հայտարարեցին, թե կոնվենցիայով կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին։
Ավելի ուշ՝ 2025-ի դեկտեմբերի 24-ին, արբիտրաժային տրիբունալը մերժեց Կարապետյանների միջնորդությունը, որով պահանջվում էր արձանագրել արտակարգ արբիտրի հուլիսի 22-ի որոշման՝ Հայաստանի կողմից չկատարումը, վերականգնել ՀԷՑ-ի լիցենզիան ու նախկին ղեկավարության լիազորությունները, դադարեցնել ժամանակավոր կառավարչի լիազորությունները և արգելել ընկերության ակտիվների օտարումը։ Տրիբունալը պահանջված ապահովման միջոցները բավարար հիմնավորված չէր համարել։
Կարևոր է նաև, որ այս որոշումը չի նշանակում, թե արբիտրաժային վեճն ամբողջությամբ ավարտվել է։ Այն վերաբերում էր ապահովման միջոցների կիրառմանը, այլ ոչ թե հիմնական վեճի վերջնական լուծմանը։
2026-ի հունիսին տրիբունալը բավարարեց Հայաստանի՝ վարույթը երկատելու միջնորդությունը՝ նախնական փուլում առանձին քննելու տրիբունալի իրավազորության վերաբերյալ Հայաստանի առարկությունները։
Այսպիսով, «ՌԻԱ Նովոստին» հիշատակում է 2025-ի հուլիսի 22-ի արտակարգ արբիտրի՝ ժամանակավոր միջոցների մասին որոշումը, սակայն չի ներկայացնում դրա հետագա ընթացքը։ Հուլիսյան ակտը ՀԷՑ-ի նկատմամբ Հայաստանի որոշ գործողություններ սահմանափակող ժամանակավոր միջոց էր, ոչ թե պետականացման կամ հիմնական ներդրումային վեճի իրավաչափությունը վերջնականապես լուծող վճիռ։
Իրանի ուղղությունը չի կարող ամբողջությամբ բացառվել Հայաստանի էներգետիկ հաշվարկներից
«ՌԻԱ Նովոստիի» հոդվածում Հայաստանի էներգետիկ հաշվեկշիռը ներկայացվում է այնպես, որ ռուսական գազին այլընտրանքային ուղղությունները գործնականում սահմանափակ են։
Հեղինակը նշում է, որ Հայաստանը տարեկան շուրջ 2,7 մլրդ խմ բնական գազ է ներկրում, որից մոտ 2,2 մլրդ-ը՝ Ռուսաստանից, իսկ մնացածը՝ Իրանից։
Հայաստանում բնական գազի ներմուծման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալները ընդհանուր առմամբ համապատասխանում են այս պատկերին․ 2025-ին Հայաստան է ներմուծվել 2,705 մլրդ խմ բնական գազ, որից 2,229 մլրդ խմ-ն՝ Ռուսաստանից, և 475,8 մլն խմ-ն՝ Իրանից։

Անդրադառնալով Իրանից ներկրվող գազին՝ Սավչուկը նշում է, որ այն Հայաստան է մատակարարվում «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման ծրագրով և չի ուղղվում ներքին գազասպառման շուկային։ Այդ հիմքով նա եզրակացնում է, որ իրանական ուղղությունը չի կարող դիտարկվել ռուսական գազի այլընտրանք և «հաշվարկներից կարելի է բացառել»։
Իրանից ներկրվող գազն իսկապես ներկայում Հայաստան է մատակարարվում «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում․ 2009-ից Հայաստանը ստացած գազը ջերմաէլեկտրակայանում վերածում է էլեկտրաէներգիայի և այն մատակարարում Իրանին։ Ծրագիրը 2023-ին երկարաձգվել է մինչև 2030-ը։
Փոխանակման հանգամանքն ինքնին չի նշանակում, որ իրանական ուղղությունը կարելի է ամբողջությամբ բացառել Հայաստանի էներգետիկ հաշվարկներից։ 2026-ի հուլիսին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ գործող գազատարի թողունակությունը բարձր է ընթացիկ մատակարարումների ծավալից, իսկ 400 կՎ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծի ավարտից հետո հնարավոր կլինի մեծացնել Իրան էլեկտրաէներգիայի մատակարարումները։ Նա նաև նշել էր, որ կողմերը համաձայնել են ստեղծել աշխատանքային խումբ՝ փոխանակման ծրագրի ընդլայնման հարցերը քննարկելու համար։

Ավելին, 2026-ի սեպտեմբերին ՏԿԵՆ տարածաշրջանային էներգետիկ շուկաների վարչության պետ Հովհաննես Աբրահամյանը հայտնել էր, որ Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծերից կազմված ամբողջական ցանցը նախատեսվում է շահագործման պատրաստ դարձնել 2031-2033-ին։ Նրա խոսքով՝ այդ ենթակառուցվածքը կարող է գործող էլեկտրաէներգետիկ փոխհոսքերը մեծացնել առնվազն մի քանի անգամ՝ հնարավորություն տալով իրավիճակից կախված էլեկտրաէներգիա թե՛ ներմուծել, թե՛ արտահանել։
Ուստի Իրանի էներգետիկ ուղղությունը Հայաստանի հաշվարկներից ամբողջությամբ բացառելու հիմք չկա։ Թեև իրանական գազի ներկա ծավալներն ու գործող փոխանակման սխեման այն չեն դարձնում Ռուսաստանից ներկրվող գազի լիարժեք փոխարինող, Իրանը Հայաստանի հետ գործող էներգետիկ համագործակցության և ընդլայնման ներուժ ունեցող դիվերսիֆիկացման ուղղություն է։
Կազմակերպություն
Փաստերի ստուգում
Նելլի Լազարյան
CivilNetCheck










