Fitch միջազգային վարկանշային գործակալությունը հնարավոր է` իջեցնի ԱՄՆ-ի վարկային վարկանիշը, եթե մինչև 2013թ. 1-ին կիսամյակը բյուջեի դեֆիցիտը չկրճատվի, ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է գործակալության գործադիր տնօրեն Դեյվիդ Ռայլին: Ներկայում ԱՄՆ-ի վարկային վարկանիշը բարձրագույն` AAA մակարդակում է` բացասական կանխատեսմամբ:
Ռայլիի խոսքով` Վաշինգտոնը պետք է գործուն մեթոդ մշակի պետբյուջեի ծախսերի աճի դեմ պայքարի համար: «ԱՄՆ-ը պետք է հարկային և պարտքային խնդիրների խելամիտ լուծում գտնի, այլ ոչ թե գործի խիստ արմատապես և բախտին ապավինելով»,- ասել է Fitch-ի գործադիր տնօրենը:
Ռայլին հավելել է, որ 2012թ. վերջին ԱՄՆ-ին սպառնացող գլխավոր խնդիրը հարկերի բարձրացման և ծախսերի կրճատման միջև ընտրությունը կլինի, ինչը բացասաբար կազդի տնտեսական աճի վրա:
Հատկանշական է, որ միակ գործակալությունը, որ իջեցրել է ԱՄՆ-ի վարկանիշը, Standard&Poor's-ն է: 2011թ. օգոստոսին այն իջեցրեց Միացյալ Նահանգների բարձրագույն` AAA վարկանիշը մինչև AA+: S&P-ի փորձագետների կարծիքով` վարկանիշի իջեցման պատճառը պետական ծախսերի կրճատման անբավարար մակարդակն էր:
Երրորդ առաջատար գործակալությունը` Moody's-ը, պահում է ԱՄՆ-ի վարկային վարկանիշը բարձրագույն` AAA մակարդակում:
Civilnet











