Գերմանիայում կբացվի առաջին իսլամական բանկը, գրում է The Financial Times Deutschland-ը։ Թուրքական Kuveyt Turk ներդրումային հիմնադրամը մասնաճյուղի բացման կապակցությամբ այժմ հարցում է պատրաստում Գերմանիայի ֆինանսական իշխանությունների համար և պատրաստվում է այն ներկայացնել հոկտեմբերին։
Kuveyt Turk-ը մտադիր է բանկը բացել Ֆրանկֆուրտում, որը Գերմանիայի ֆինանսական կենտրոնն է։ Հետագայում մասնաճյուղեր կբացվեն նաև գերմանական այլ քաղաքներում, որոնցում ապրում են մեծ թվով մուսուլմաններ։ Մասնավորապես՝ հերթի մեջ է բանկի բացումը Բեռլինում։
Իսլամական բանկերի աշխատանքը կառուցվում է շարիաթի նորմերի վրա։ Դրանցում արգլված է, օրինակ, տոկոսադրույքներ գանձել։ Այն դեպքերում, երբ հաճախորդը ցանկանում է վարկ վերցնել՝ տուն գնելու համար, շարիաթի նորմերով աշխատող բանկը պարզապես գնում է այդ տունը, ապա այն վաճառում է հաճախորդին հավելագնով։
Kuveyt Turk-ը ակնկալում է, որ Գերմանիայում մասնաճյուղերի բացումը կդառնա հաջող բիզնես, քանի որ այս երկրում ավելի քան 4 մլն մուսուլման է ապրում։ Սակայն շարիաթի նորմերն առաջացնում են խնդիրներ՝ կապված, մասնավորապես, հարկման հետ։ Այսպես, իսլամական բանկի հաճախորդի՝ տուն գնելու դեպքում ֆինանսական ինստիտուտը ստիպված կլինի կրկնակի հարկ վճարել գերմանական գանձապետարան՝ նախ տան գնումից, ապա դրա՝ հաճախորդին վաճառելուց։ Դա գործարքը կդարձնի զգալի թանկ, քան սովորական բանկում։
Ավելի վաղ Kuveyt Turk-ը պատրաստվում էր բանկ բացել Մանհեյմում, սակայն այդպես էլ չստացավ արտոնագիր Գերմանիայի իշխանություններից, այդ իսկ պատճառով էլ այնտեղ գործում է ոչ մեծ մասնաճյուղ, որը զբաղվում է Թուրքիա փողերի փոխանցմամբ։
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀ
Civilnet











