Ալիևը Բաքվում Էրդողանի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է։ Ուշագրավ է, որ Թուրքիայի նախագահն իր խոսքում չի օգտագործել «միջանցք» եզրույթը։ Փոխարենը Էրդողանը խոսել է Շուշիում թուրքական գլխավոր հյուպատոսություն բացելու մասին, որն ըստ նրա՝ ուղերձ կլինի Հայաստանին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին պետական այցով գտնվում է Ադրբեջանում: Այցի ընթացքում կայացել են նեղ և լայն կազմով հանդիպումներ. սկզբում զրուցել են երկու երկրների նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որից հետո կայացել են պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններ: Դրանց հետևել է երկու երկրների նախագահների մամուլի ասուլիսը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է երկու երկրների միջև խորացող հարաբերությունների և ընդհանուր անելիքների մասին՝ առանձնացնելով հատկապես արտաքին քաղաքական, պաշտպանական, հաղորդակցությունների և ենթակառուցվածքների զարգացման ոլորտները:
«Ղարաբաղյան պատերազմից հետո ինչպես նշել էի, ադրբեջանական բանակը պետք է զարգանա թուրքական բանակի օրինակով, ինչն էլ մենք այժմ իրականացնում ենք»,- հայտարարել է Ալիևը։
Նա կարևորել է նաև երկրների միջև ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցությունը:
«Այսօրվա աշխարհում ուժային գործոնը առաջնահերթ նշանակություն ունի։ Ափսոս, որ միջազգային իրավունքը չի գործում, մենք դա տեսել ենք նախորդ 30 տարիների ընթացքում: Մեր համատեղ գործողությունները [Թուրքիայի հետ] մեզ ավելի ուժեղ կդարձնեն, թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Անդրադառնալով հաղորդակցությունների թեմային, Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր տեղ է զբաղեցրել Թուրքիայի նախագահի հետ իրենց զրույցում․ «Այդ միջանցքի բացումը անխուսափելի է, որքան շուտ այն իրականանա, այնքան լավ, դա բոլոր պետությունների համար էլ նոր հնարավորություններ կստեղծի»։
Թուրքիայի նախագահն իր խոսքում հիմնականում հանդես է եկել նույն շեշտադրումներով, ինչ Իլհամ Ալիևը՝ ռազմաարդյունաբերության ոլորտի զարգացում, ռազմաաուսումնական ծրագրերի շարունակականություն և այլն։
Էրդողանը նույնպես անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցության ուղիների թեմային։ Ուշագրավ է, որ Թուրքիայի նախագահը՝ խոսելով Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապվող ճանապարհի մասին, չի օգտագործել «միջանցք» եզրույթը:
«Զանգեզուրի թեման [նկատի ունի ճանապարհը] արագ լուծելու դեպքում երկու կարևոր օգուտ կլինի՝ կբացվեն ցամաքային և երկաթուղային ճանապարհները»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ նշելով որ դրանք Թուրքիային ավելի ամուր կկապեն ինչպես Նախիջևանին, այնպես էլ Ադրբեջանին:
Ասուլիսին նախորդած պատվիրակությունների հանդիպմանը Էրդողանը նորից հայտարարել է Շուշիում թուրքական գլխավոր հյուպատոսություն բացելու մասին:
Ըստ ադրբեջանական աղբյուների նա մասնավորապես նշել է․ «Մենք պատրաստ ենք Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացել, երբ դուք [ադրբեջանական կողմը] ցանկանաք: Եթե մենք կարողանանք առանց հապաղելու այն բացել, դա իհարկե առանձին ուղերձ կլինի ամբողջ աշխարհին, հատկապես Հայաստանին»:
Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Էրդողանը, փաստացի, արտերկիր իր առաջին պաշտոնական այցը կատարում է Ադրբեջան: Դրանից առաջ նա հունիսի 12-ին այցելել էր Հյուսիսային Կիպրոսի ինքնառչակ հանրապետություն:
Civilnet











