Գլխավոր Լրահոս

Ֆրանսիայից Հայաստան զրահամեքենաների մատակարարման տեղեկության հետքերով. որքանո՞վ է լուրը հավաստի

Ֆրանսիայից Հայաստան զրահամեքենաների մատակարարման տեղեկության հետքերով. որքանո՞վ է լուրը հավաստի

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Լրատվամիջոցներում հունիսի 14-ին լուր տարածվեց, թե Ֆրանսիայում հայտարարել են, որ Հայաստանին 50 զրահապատ փոխադրիչ կմատակարարվի։ 

Տեղեկությունը տարածող լրատվականները նշում էին, որ մատակարարումների մասին հարցազրույցներից մեկում հայտարարել է Եվրոպայում հեռանկարների և անվտանգության ինստիտուտի (IPSE) տնօրեն Էմանուել Դյուպուին։

«Ֆրանսիան Հայաստանին 50 միավոր VAB MK3 զրահապատ փոխադրիչ կմատակարարի։ […] Մատակարարումների ժամկետների և ժամանակացույցի մասին չեն հայտնում»,- գրել էին լրատվականները։ 

Այս տեղեկությունն ակտիվ արտատպել են նաև ադրբեջանական լրատվամիջոցները։ 

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը` #CivilNetCheck-ը, որոշեց ուսումնասիրել վերոնշյալ հարցազրույցն ու պարզել, թե իրականում ինչ է խոսվել դրանում։ 

Տեղեկությունը հիմնավոր չէ 

Պաշտպանության, անվտանգության և սպառազինության ոլորտում խորհրդատու Էմանուել Դյուպուն մասնագիտացած է Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում պատերազմի և անվտանգության թեմաներով։ 

Հարցազրույցը, որին հղում էին արել լրատվականները, նա տվել էր ֆրանսիական Caucase de France լրատվականին, և պատասխանել էր Ֆրանսիայի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վարվող բանակցություններում ակտիվության, Ֆրանսիայի՝ Հայաստանին ակտիվ աջակցության և նմանատիպ այլ հարցերի։ 

Caucase de France-ի լրագրողը նրան հարց է ուղղել այս տարվա մայիսին լրատվամիջոցներում տարածված տեղեկության մասին, թե Ֆրանսիան սկսել է զենք մատակարարել Հայաստան և արդեն 50 զրահամեքենա է ուղարկել Երևան։

«Ինչպե՞ս դա կարող է ազդել տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վրա: Արդյոք այս գործողությունները տեղի՞ն են այն համատեքստում, երբ Ֆրանսիան իրեն որպես միջնորդ է դիտում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- հարց է ուղղել լրագրողը։ 

Դյուպունը պատասխանում է՝ որևէ խնդրահարույց բան չկա, որ Փարիզն ու Երևանը հետևում են 2022-ի սեպտեմբերին կնքված ռազմական համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագրին, ըստ որի՝ երկու երկրների զինված ուժերը պետք է խորացնեն ոչ միայն իրենց գործառնական փոխգործակցությունը, այլև կարողությունները։

Նա ընդգծում է, որ Փարիզն ու Բաքուն նույնպես ձգտում են ամրապնդել իրենց ռազմական համագործակցությունը, ինչպես Իտալիան, մասնավորապես, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին(ԳՀԽ) միջոցով, որին Ադրբեջանը գործընկեր է 1994 թվականի մայիսից: Հայաստանը ևս ՆԱՏՕ-ի ԳՀԽ-ի անդամ է՝ 1994-ի հոկտեմբերից։

Դյուպունը նաև հիշեցնում է առաջիկայում Ֆրանսիայի պաշտպանության հարցերով ​​կցորդի  Երևան ժամանման մասին, որը կլրացնի Թբիլիսում տեղակայվածին. «Մնում է դիտարկել Բաքվում ռազմական կցորդի նշանակման հարցը՝ հաշվի առնելով Բաքվի քաղաքական իշխանությունների և պաշտպանության ոլորտի արդյունաբերողների հետ գործակցության ձգտումները»։ 

«Վերադառնանք Հայաստան։ Այդպիսով՝ 50 զրահամեքենաների (VAB MK3) մատակարարմանը, որոնց 50-ամյա տարիքը (1976թ.) չի կարող արդարացնել արտահայտված մտահոգությունները։ Խոսքն ավելի շատ նրա մասին էր, որ դրանք կարող էին հայտնվել սխալ ձեռքերում»,- նշում է զրուցակիցը։    

VAB Mk3 զրահամեքենան

 Դյուպունն ընդգծում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը այդ օրակարգում զբաղեցնում էր երկրորդական տեղ։ «Այսպիսով, Ուկրաինան և Իսրայելը հարց էին բարձրացրել, որ այդ տեխնիկաները՝ նախատեսված Հայաստանի սահմաններին տեղակայելու համար,- զուգակցված Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման Եվրամիության քաղաքացիական առաքելության ստեղծման հետ, որը բաղկացած էր հարյուր անզեն դիտորդներից, այդ թվում՝ մի քանի ֆրանսիացի ժանդարմներից,- կարող են հայտնվել Ռուսատանի և Իրանի զինված ուժերի ձեռքերում»- նշում է նա։ 

Դյուպունի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանն իրենց հերթին դա դիտարկել են որպես Երևանի և Բաքվի միջև ռազմական հավասարակշռության տագնապալի խախտում։ «Փաստացի, այդտեղ ավելի մեծ ռիսկ կա՝ Երևանին ավելի ժամանակակից մեքենաների մատակարարման, քան հենց ավելի վաղ նշված VAB MK3-ներն են, մասնավորապես՝ ֆրանսիական Arquus ընկերության արտադրության Bastion և Sherpa զրահամեքենաների, որոնց մասին ևս խոսք կա, ինչը ավելի խնդրահարույց կլինի»,- ասում է Դյուպունը։ 

Նա հիշեցնում, որ թեև Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ գործակցում է, մասնավորապես՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում, բայց 1992-ին Տաշքենդում ստորագրել է Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը։ «Դա 2002-ին հանգեցրեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ դառնալուն՝ Հայաստանը դե ֆակտո և դե յուրե դնելով Մոսկվայի ուղեծրում»- եզրափակում է Դյուպունը։  

Այսպիսով, Եվրոպայում հեռանկարների և անվտանգության ինստիտուտի տնօրեն Էմանուել Դյուպուն որևէ հստակ տեղեկություն չի հայտնում Ֆրանսիայից Հայաստան զրահամեքենաների տրամադրման մասին։ Թեև նշում է, որ քննարկումներ եղել են, սակայն մատակարարումների մասին որևէ հստակ պնդում չի անում։ 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում