Գլխավոր Լրահոս

Հայաստանի Հանրապետությունն արդյոք կենսունա՞կ պետություն է

Հայաստանի Հանրապետությունն արդյոք կենսունա՞կ պետություն է

Վիգէն Չըթըրեան

Անկախ Հայաստանն ունեցել է կառուցվածքային չլուծված խնդիրների մի ամբողջ շարք՝ անգամ մինչև 2018-ի Թավշյա հեղափոխությունը և 2020-ի պատերազմն ու պարտությունը։ Տնտեսությունը փոքր է և անարդյունավետ, բնակչությունը՝ նվազող և ծերացող։ Երկիրն ունի չլուծված հակամարտություններ երկու հարևանների հետ՝ պատերազմ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ և շարունակվող կոնֆլիկտ Թուրքիայի հետ՝ Հայոց ցեղասպանության և այլ հարցերի շուրջ: Այս երեք խնդիրները մեծ մարտահրավերներ են սահմանափակ ռեսուրսներով և փոքր ու դեպի ծով ելք չունեցող երկրի համար:

Այնուամենայնիվ, կա չորրորդ և հիմնական մարտահրավերը, որին Հայաստանը շարունակում է առերեսվել անկախության երեք տասնամյակների ընթացքում։ Դա նրա քաղաքական դասի անկարողությունն է՝ լուծելու հայոց պետականության կենսունակությանն առնչվող երկարամյա մարտահրավերներից որևէ մեկը: Այս անկարողությունը թույլ առաջնորդության արդյունքն է, որն ունակ չէ պատկերացնել օբյեկտիվ խնդիրները, մոդելավորել զարգացումները կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում և առաջարկել պրագմատիկ լուծումներ:

Տնտեսական մարտահրավերներ

Հայաստանի տնտեսությունը փոքր է և անարդյունավետ։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2022-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 14,4 մլրդ դոլար, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ 7000 դոլարից մի փոքր ավելի։ Գործազրկությունը պաշտոնապես կազմում է 12 տոկոս, իսկ երիտասարդության շրջանում այն 30 տոկոսից ավելի է։ Աղքատությունը 26 տոկոսից անդին է:

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը գնահատում է մեկ ժամում 19,5 դոլար։ Վրաստանում այն 17 դոլար է, իսկ Ադրբեջանում՝ 16 դոլար: Սա շատ ցածր է Ռուսաստանի (30 դոլար), Թուրքիայի (40 դոլար) ցուցանիշներից, էլ չասած այնպիսի առաջադեմ երկրների մասին, ինչպիսիք են Կանադան (56 դոլար), Իսրայելը (59 դոլար) կամ Շվեյցարիան ( 67 դոլար): Հայաստանը տրանսֆերտներից ամենաշատ կախված 15 երկրների շարքում է (1995-2019 թթ.՝ ՀՆԱ-ի 14 տոկոսը)։

Կառուցվածքային այս խնդիրները տնտեսական փլուզման արդյունքն են, որի միջով Հայաստանն անցավ 1990-ականների սկզբին՝ Խորհրդային Միության անկումից անմիջապես հետո։ Դրանից հետո Հայաստանը չի կարողացել արդիականացնել իր տնտեսությունը։ Արդյունքում կազմաքանդվեց նախկինում գոյություն ունեցող խորհրդային արդյունաբերական ենթակառուցվածքը, գիտական ինստիտուտները բովանդակազուրկ եղան, կրթությունը անկում ապրեց, ինչը հանգեցրեց երկարաժամկետ կառուցվածքային հետևանքների՝ ցածր արտադրողականությամբ, համակարգային գործազրկությամբ և աղքատությամբ։

Խորհրդային տնտեսական մոդելից վայրի կապիտալիզմի անցման ժամանակաշրջանի փոփոխությունները բացասական ազդեցություն ունեցան Հայաստանի ժողովրդագրության վրա՝ զանգվածային արտագաղթի և երկարաժամկետ ցածր ծնելիության պատճառով՝ հանգեցնելով Հայաստանի բնակչության կտրուկ նվազման։ 1989-ի 3,3 միլիոնից, երբ անցկացվեց խորհրդային վերջին մարդահամարը, բնակչությունը այժմ նվազել է 2,9 միլիոնի՝ ըստ պաշտոնական տվյալների: ՄԱԿ-ի կանխատեսումներով Հայաստանի բնակչությունը մինչև 2050-ը կկազմի 2,6 միլիոն։

Ռազմավարական երկընտրանք

Հայաստանի քաղաքական դասը ավելի քան երեք տասնամյակ իշխանության չորս տարբեր վարչակազմերով չկարողացավ հաղթահարել պետության առջև ծառացած ռազմավարական մարտահրավերներից որևէ մեկը: Այս ձախողման հիմնական պատճառն այն է, որ չորս հաջորդական վարչակազմերը ղարաբաղյան հակամարտությունը դարձրին ներքին իշխանության պայքարի մաս՝ այն օգտագործելու որպես օրինականության աղբյուր կամ որպես իրենց ձախողումների քավության նոխազ։ Կառուցվածքային խնդիրներից բացի, Հայաստանը և ավելի լայն առումով՝ հայերը՝ Արցախն ու Սփյուռքը ներառյալ, ունեն առաջնորդության պակասուրդ։

Բացի այդ, 2018-ի Թավշյա հեղափոխության և 2020-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հաջորդական իրադարձությունները բացահայտեցին պետական ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքական ինստիտուտների և զինված ուժերի կառուցվածքային հսկայական թուլությունները։ 2018-ի հեղափոխությունը բացահայտեց, որ Հայաստանի քաղաքական ինստիտուտները պարզունակ են և անկարող են կազմակերպել իրավահաջորդություն՝ հենց Թավշյա հեղափոխության «ժողովրդավարացման» խոստումի պահանջը։ Հեղափոխությունը ի ցույց դրեց նաև պետության արդիականացման և արդյունավետության անհրաժեշտությունը՝ պայքար կոռուպցիայի դեմ, որն իր հերթին հանգեցրեց աննախադեպ բևեռացման հայաստանյան թե՛ վերնախավի,  թե՛ հասարակության մեջ:

Պետությո՞ւն, թե՞ ազգ

2020-ին հաջորդած ժամանակահատվածում ձևավորվում են երկու հիմնական գաղափարներ՝ մեկը հարցականի տակ է դնում Հայաստանի՝ որպես անկախ ինքնիշխան պետություն գոյատևելու կարողությունը, հետևաբար՝ առաջ քաշելով արտաքին (ռուսական, ամերիկյան) աջակցությանն ապավինելու անհրաժեշտությունը: Այս թեզը կաղում  է նրանով, որ Ռուսաստանը կարծես թե չի շտապում լուծել Հայաստանի անվտանգության խնդիրները, իսկ ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասում սահմանափակվում է ընդամենը միջնորդությամբ։

Ձևավորվող մյուս գաղափարը Հայաստանի՝ «միայն պետական շահով և որպես պետություն» առաջնորդվելու մասին է։ Այս բանավեճն օգտակար է, այդ թվում՝ Հայաստանի պետական ինստիտուտները զարգացնելու և նրա պետական շահերը սահմանելու անհրաժեշտության տեսանկյունից՝ թեկուզ երեք տասնամյակ ուշացումով։ Բայցևայնպես, այն բազմաթիվ անպատասխան հարցեր է թողնում. պետությունը որպես կառույց ինչի՞ համար է։ Ներկա բանավեճը բռնում է «պետության» կողմն ընդդեմ «ազգի». այն մի կողմ է դնում Արցախի հայությանը, ինչպես նաև Սփյուռքին։ Վերջինն անգամ պարզունակ կերպով հավասարեցվում է Դաշնակցությանը, ինչը բոլորովին այդպես չէ։ Խնդիրն այն է, որ եթե անգամ Արցախը պետական շահերի համար թողնված է Ռուսաստանի հայեցողությանը, Բաքվի իշխանությունները շարունակում են իրենց ագրեսիան ոչ միայն Արցախի, այլև հենց Հայաստանի («Արևմտյան Ադրբեջան») դեմ, իսկ Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակումը՝ չնայած մի շարք պայմանավորվածություններին և դիվանագիտական ջանքերին։

Երրորդ ուղի՞

Ինչո՞ւ Հայաստանը պետք է ինքնիշխան պետություն լինի: 1988-ի սկզբին, երբ Հայաստանում սկսված ազգային վերելքը՝ Ղարաբաղյան շարժումը, ժողովրդին ի վերջո տարավ դեպի անկախություն, ենթադրում էր, որ Հայաստանին ինքնիշխանություն է պետք, քանի որ (խորհրդային) պետությունը չի կարողացել պաշտպանել հայերի ֆիզիկական անվտանգությունը: Սա սումգայիթյան ջարդերի արդյունքն էր (1988-ի փետրվարի 26-28): Փաստարկվում էր, որ հայկական պետությունն անհրաժեշտություն է ժողովրդին պաշտպանելու համար։ Ոչ հակառակը:

Հայաստանը թղթի վրա խորհրդարանական ժողովրդավարական երկիր է, բայց գործնականում հետևում է նույն մեխանիզմներին, ինչ նախորդ կառավարությունները, և նման է բրեժնևյան ժամանակաշրջանի պոլիտբյուրոյի։ Գործադիրի՝ արական սեռի ղեկավարը չորս-հինգ մերձավորներով որոշում է հիմնական բոլոր հարցերը։ Հայաստանի վարչակազմը գործում է հավատարմության հիման վրա, որտեղ միայն պետության վերին օղակներն են աշխատում՝ սահմանափակ արդյունքներով։ Պետական կառավարման մնացած մասը անտեղյակ է, ապակողմնորոշված, դառնացած, անարդյունավետ, անկարող և այլն: Պետական ինստիտուտները երկար ժամանակ օգտագործվել են որպես կառավարչի սոցիալական բազա (կրկին խորհրդային ժառանգություն): Զարմանալի չէ, որ նախարարություններն այդքան թերզարգացած են, քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո նրանք երբեք չեն անցել անհրաժեշտ բարեփոխումների միջով:

2018-ի հեղափոխությունը ահազանգ էր քաղաքական արմատական բարեփոխումների (ժողովրդավարացում) և ինստիտուցիոնալ արդիականացման (հակակոռուպցիոն պայքար) անհրաժեշտության մասին։ 2020-ի պարտությունը կարող էր սթափեցնող լինել Հայաստանի ղեկավարության համար` բացահայտելու պարտության տանող իր խորը ձախողումների պատճառները:

Հայաստանն ունի՞ արդյոք անհրաժեշտ ռեսուրսներ՝ դիմակայելու ադրբեջանա-թուրքական ներկայիս ագրեսիվ դաշինքին։ Դժվար է պատասխանել այս հարցին։ Բայց Հայաստանի և Արցախի դեմ ներկայիս հարձակումներին միակ պատասխանը արդյունավետ, ժամանակակից Հայաստան կառուցելն է թե՛ պետական կառույցների, թե՛ տնտեսական գործունեության արդյունավետության առումով։ Եթե Հայաստանը շարժվի այդ ուղղությամբ, չիրացված մեծ ներուժ կհայտնաբերի։ Նախևառաջ՝ ներկայիս քաղաքական և պետական ինստիտուտները չեն կարողանում համախմբել Հայաստանի մարդկային ռեսուրսները։ Երկրորդ՝ չի իրացվում Սփյուռքի մարդկային ներուժը, որ կարող է մեծ օգուտ բերել Հայաստանին: Դա անելու համար Հայաստանի քաղաքական առաջնորդները պետք է բարեփոխեն պետությունը, բացեն որոշումների կայացման գործընթացները և Սփյուռքին ուղղորդեն դեպի «ժամանակակից և արդյունավետ Հայաստան» նախագիծ:

Վիգէն Չըթըրեանը լրագրող և պրոֆեսոր է, դասավանդում է միջազգային հարաբերություններ Ժնևի Վեբստեր և Ժնևի համալսարաններում: Նա բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հոդվածն անգլերեն՝  Is the Republic of Armenia a Viable State?

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում