Հուլիսի 7-ի երեկոյան երեկոյան Ստեփանակերտում՝ Արցախի Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց բողոքի ցույց էր։ Ցուցարարներն ասում են, որ թույլ չեն տալիս՝ փաստաբանները տեսակցեն կալանավորված իրենց հարազատին՝ Արման Իսրայելյանին:
Կալանավորվածի փաստաբան Ռոման Երիցյանն ասաց, որ ԱԱԾ-ում պահվող Արման Իսրայելյանը տեղափոխվել է Արցախի հանրապետական հիվանդանոց՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով, իսկ մյուս փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանին չեն թույլատրում տեսակցել պաշտպանյալին:
«Ծնողները կասկածում են, որ իրենց որդուն ծեծել են: Ես որպես պաշտպան այդ իրավունքը ունեմ, ուզում եմ տեսակցել նրան: Ասում են, որ այսօր չի ստացվում, որովհետև ֆիզիկական բռնության հետքեր ունի, վաղն էլ, օրինակ, այդ հետքերը անցնելու են, նրան էլ ստիպելու են, որ չասի ինձ դրա մասին: Իսկ այսօր ես կարող եմ տեսնել, արձանագրել ու դրա վերաբերյալ հաղորդում ներակայացնել»,- ասում է փաստաբանը:
Փաստաբանն ասաց, որ Արմանը Իսայելյանը մեղադրվում է լրտեսության եղանակով պետական դավաճանության մեջ, ինչը պետական դավաճանություն համարվել չի կարող: Երիցյանն ասաց, որ Արման Իսրայելյանին ձերբակալել են մոտ երկու ամիս առաջ, հիմա նա կալանավորված է, բայց ԱԱԾ-ն չունի կալանավորների պահման վայր. «Ուստի այստեղ մարդիկ ապօրինի են պահվում: Այստեղ ձերբակալվածների վայր է, երեք օրից ավելի չեն կարող պահել: Կալանավորները պետք է պահվեն քննչական մեկուսարանում»:
Արման Իսրայելյանն աշխատել է Արցախում ականազերծմամբ զբաղվող The Halo Trust կազմակերպությունում, ապա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղի գրասենյակում։
«Ոմն ֆեյսբուքյան օգտատեր ներկայացել է Հոլանդիայում բնակվող Ուկրաինայի քաղաքացի: Ասել է՝ Անդրկովկասի վերաբերյալ վերլուծություն ենք անում, ու դա ներկայացնում ենք միջազգային կազմակերպություններին: Կարմիր խաչի վերաբերյալ համացանցում հասանելի տեղեկությունները, թե այն ինչ գործուենություն է ծավալում Արցախում, ուղարկել է այդ մարդուն: Առաջարկ է ստացել համագործակցության, և 100 դոլարով համացանցում հասանելի տեղեկությունները ուղարկում էր այդ մարդուն: Նորից ասեմ՝ համացանցում հասանելի և գաղտնիք չհանդիսացող տեղեկությունները փոխանցում էր այդ մարդկանց: Նրանք կասկածում են, քանի որ այդ մարդը ադրբեջանական IP-ով էր մտնում կայք, ուրեմն թուրք է, ու մերոնք ինֆորմացիա էին տրամադրում նրան: Հասանելի ինֆորմացիա էր տալիս, և ամենակարևորը չգիտեր, թե նա թուրք է: Այդ մարդու էջը զննելիս հնարավոր չէ պատկերացնել, որ թուրք է, Արամ Խաչատրյանի մասին է գրում, ադրբեջանական վանդալիզմն է քննադատում և այլն»,- պատմեց Երիցյանը:
Մյուս փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանն ասաց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածը սահմանում է, որ պաշտպանը անարգել, առանց տեսակցության թվի և տևողության սահմանափակման կարող է տեսակցել պաշտպանյալի հետ, և այդ իրավունքը ենթակա չէ սահմանափակման՝ նույնիսկ պատերազմի և ռազմական դրության պայմաններում:
Ջհանգիրյանը նաև ասաց, որ դիմել է մարդու իրավունքների պաշտպանին։ Նա անմիջապես ներկայացել է, բայց նրան էլ չի հաջողվել խնդիրը կարգավորել. «ՄԻՊ ներկայացուցիչը իրազեկել է դատախազությանը՝ պատիժների նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Մենք դատախազությունից որևէ արձագանք չենք լսել, որը ևս շատ զարմանալի է»:
ԱԱԾ-ի շենքի առաջ էին նաև այլ փաստաբաններ: Ջհանգիրյանը բացատրեց, որ նրանք հաջակցություն իրենց են եկել, քանի որ համարում են, որ փաստաբանների մասնագիտական իրավունքը խախտվում է: ԱԱԾ-ի շենքի առջև էին նաև Արման Իսրայելյանի հարազատները:
Civilnet











