Գլխավոր Լրահոս

Մեր ընտրությունը վատի ու վատթարագույնի միջև է 

Մեր ընտրությունը վատի ու վատթարագույնի միջև է 

Ինչ խոսք, Հայաստանի տարածքով Ադրբեջանին սուվերեն ճանապարհ տրամադրելը վատ է։ Եթե մեր վերահսկողությունը այդ ճանապարհի վրա տարածվում է մասնակի, դա էլ է վատ։

2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով Նիկոլ Փաշինյանը խոստացել էր ճանապարհ տրամադրել, որն Ադրբեջանը համառորեն միջանցք է կոչում։ Բաքուն Լաչինի միջանցքի շուրջ ամբողջ պատմությունն ի սկզբանե հենց այդ ճանապարհի համար է սարքել՝ օգտվելով ռուսների թուլացումից, անգործությունից ու հետո՝ նաև գործակցությունից։

Ձեռքբերում կարելի էր համարել, եթե Փաշինյանը կարողանար իր ստորագրած փաստաթղթի այդ կետը չկատարել ու բաց պահեր Լաչինի միջանցքը, ապահովեր Արցախի նորմալ կենսագործունեությունն ու սուբյեկտայնությունը։ Բայց չկատարման գինը 2022-ի սեպտեմբերի 230 զոհերն էին, հիմա էլ՝ Արցախն ամբողջությամբ հանձնելու պատրաստակամությունը։

Փաշինյանը սկզբից իջեցրեց նշաձողը՝ իբր միջազգային լայն կոնսոլիդացիայի համար, հետո ընդհանրապես հրաժարվեց Արցախից՝ բախտի քմահաճույքին թողնելով իրենց պատմական հողում ապրող և ՀՀ անձնագիր կրող 120 000 հայի։

Նա անսակարկելի հռչակեց 29,800 կիլոմետրը՝ Արցախն այդ հավասարումից դնելով դուրս։ Ոչինչ, որ 29,800-ը շագրենի կաշվի պես կրճատվում է։

«Ղարաբաղը կտամ, ճանապարհ չեմ տա» տրամաբանությամբ մի ամբողջ հայրենիք՝ գյուղերով, քաղաքներով, պետական ինստիտուտներով, բանակով, պատմությամբ ու հայկական խոր արմատներով, նա ստորադասեց ճանապարհին, որն այնուամենայնիվ չէր կտրելու Հայաստանի կապը Իրանի հետ։ Այդ ճանապարհն ըստ էության տրվում էր ռուսներին, ոչ թե Ադրբեջանին։

Առնվազն կարելի էր փորձել գտնել «ավելին, քան ճանապարհ, նվազ, քան միջանցք» ինչ-որ բանաձև։ Ի վերջո, նոյեմբերի 9-ի հայտարարությունում միջանցք եզրը վերաբերում է միայն Լաչինին, բայց և հատուկ նշում կա դեպի Նախիջևան ճանապարհի մասին։ 

Կրկնեմ՝ ճանապարհը, որը չի կտրում կապը Իրանի հետ, նվազ վատ է, քան Արցախի կորուստը՝ դրա հումանիտար, սոցիալական, հոգեբանական ու պատմական երկարատև տրավմաներով։ Ճանապարհ տալը հումանիտար աղետի չէր հանգեցնելու, թեև աշխարհաքաղաքական առումով ևս մեկ ապտակ կլիներ կքած մեր ինքնությանը։ 

Հայաստանի այսքան թուլացած վիճակում միջանկյալ ինչ-որ կարգավորումը միգուցե հնարավորություն տար մեջքը շտկելու ու չբանակցելու այսքան թույլ ու նվաստացած դիրքից։ 

Բայց այս հարցն ի սկզբանե քննարկումից դուրս դրվեց։ Իմ համոզմամբ՝ մի քանի պատճառով․

- Փաշինյանն ու նրա թիմն այնքան են մանիպուլացրել 1999-ին հայր Ալիևի առաջարկած տարածքների փոխանակման թեման (որն ի վերջո ավարտվել էր 2001-ին Քի Վեստի համաձայնությամբ), որ ընկել են իրենց լարած թակարդը։ Ու այս ամենը անում են ատելությունից ու ներքաղաքական պոպուլիզմից ելնելով, քանի որ Քի Վեստը նախկիններն էին բանակցել։ Մինչդեռ Քի Վեստը եղել է կարգավորման պլաններից լավագույնը, որը հենց ինքը՝ Ալիևն է մերժել՝ վերադառնալով Բաքու։ Փաստերն իհարկե չեն խանգարում, որ ՔՊ-ական վերնախավը ստեր տարածի բանակցային տարբեր փաստաթղթերի, այդ թվում այս մեկի մասին։

- Մյուս պատճառը, կարծում եմ, արցախցիների նկատմամբ Հայաստանի գործող վերնախավի ատելությունն է։ Առանց չափազանցության՝ այդ ատելությունն այնքան գերիշխող է, որ պատրաստ են փուռը տալ բոլոր արցախցիներին։ Վարչապետի հայտարարությունները, իշխանական պատգամավորների կողմից փաստերի շարունակական աղավաղումը այդ ատելության վկայությունն են։ 

Հիմա էլ Հայաստանի կառավարությունը մի կողմից խոսում է Արցախում հայերի էթնիկ զտման վտանգի մասին, մյուս կողմից սովի ու հուսահատության եզրին հասած այդ մարդկանց դրդում գնալու ինտեգրացիայի Բաքվի հետ։  

Ես չեմ պնդում, որ իմ ասածը հավակնում է բացարձակ ճշմարտության։ Սակայն առնվազն սառը մտքով քննարկելը ու եղածի մեջ նվազագույն վատն ընտրելը քննարկման թեմա պե՛տք է լինի։

Մեր խնդիրն այն է, որ չենք ուզում ծանր իրականությանն առերեսվել ու հաշվարկել, թե կորուստներից որն է նվազագույնը։ Իսկ մեր ընտրությունը վատի ու սարսափելի վատի միջև է։ Մենք փաստորեն ընտրել ենք երկրորդը։

Եթե կան մարդիկ, որոնք այլ՝ նվազ կորուստներով ելք են տեսնում այս մղձավանջից, թող անկեղծ առաջարկեն՝ առանց հույզերի։ 

Հ․Գ․

Վստահ եմ, որ Հայաստանի ղեկավարության կոմպետենտության դեպքում անգամ ծանր պարտությունից հետո մենք այս հանգրվանին հասած չէինք լինի։ Բայց ունենք այն, ինչ ունենք։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում