Ծննդատուն․ կանանց նկատմամբ բռնության ամենածանր փորձառությունը

Հիշո՞ւմ եք Ձեր հղիության շրջանը՝ որքան դյուրագրգիռ էիք, ինչքան տագնապներ ունեիք, վախենում էիք ցանկացած նոր զգացողությունից, ցանկացած ցավ կամ անհանգստություն վերածվում էր հիստերիայի, երբեմն չէիք կարողանում ուտել, երբեմն էլ՝ անհագ ախորժակ ունեիք:
Կնոջ մարմինը լրջագույն փորձության է ենթարկվում հղիության ընթացքում, չկա կին, որը չունենա ցավեր, վախեր, գերզգայունություն, նյարդային լարվածություն և այլն: Այդ ընթացքում կնոջ օրգանիզմի ծանրաբեռնվածությունը զգալիորեն մեծանում է, սրվում են այն բոլոր խնդիրները, որոնք կարող էին մինչ այդ աննկատ մնալ: Այդ ընթացքում կարող են լինել չնախատեսված հուզումներ, որոնք անդրադառնում են հղիության ընթացքի վրա, իսկ կինը յուրաքանչյուր ցավի կամ անհանգստության դեպքում դիմում է բժշկի օգնությանը, այն մասնագետին, որը, թվում է, թե կնոջ վիճակի, օրգանիզմում կատարվող փոփոխությունների մասին պետք է իմանա ամեն ինչ։
Արի ու տես, մերօրյա բժիշկների մոտեցումներն ու հնչեցրած արտահայտությունները հաճախ շատ չեն տարբերվում մեր մեծ տատերի՝ տատմերերի մասին պատմած պատմություններից, որոնք ցավից ճչացող կանանց լռեցնելու համար ծաղրում էին՝ ասելով, թե «տղամարդու հետ էդ անելուց լա՞վ էր, չէ՞, դե դիմացիր»։
Թեև բժիշկ դառնալու համար երկար տարիներ սովորում են, տալիս Հիպոկրատի երդում, պետք է ելնեն մարդասիրության ու գաղտնիության սկզբունքներից, սակայն այն ինչի հաճախ բախվում ենք ծննդատներում, ուղղակի անմարդկայնություն է:
Կինը կարող է ցավերով տեղափոխվել հիվանդանոց, իսկ նրան չվստահեն ու ասեն ուղղակի ձևեր է թափում, որ ամուսնու ուշադրության կենտրոնում լինի ու իր վրա դողա: Կինը կարող է ուղղակի չտանել մսի հոտն ու համը, իսկ նրան բժիշկը ստիպի, որ միս ուտի, կարծես բուսակերները երեխա չեն կարող ունենալ, կինը հնարավոր է գերզգայուն դառնալ հոտերի նկատմամբ, բայց նրան ծաղրեն, թե «շան հոտառություն ունի»:
Բժիշկները համբերություն ու ժամանակ չունեն իրենց դիմած կանանց բացատրելու, թե ինչ է կատարվում իրենց մարմնի հետ, ինչու նորմալ է, որ այս կամ այն սննդատեսակն այդ պահին զզվելի է, ինչու է արյան ճնշումը բարձրանում, ինչու են լարվում կամ տագնապում և այլն:
Ամեն ինչ շատ ավելի բարդանում է ծննդաբերության ժամանակ, երբ, օրինակ ծննդաբերող կնոջը բժիշկը թողնում է մենակ սենյակում ու գնում այլ կնոջ ծննդաբերությունն ընդունելու և նույնիսկ հղիությունն ընդհատելու, և հանգիստ ասում՝ «դու դեռ շատ ունես, ես գնամ աբորտ անեմ ու գամ»:
Կամ, օրինակ, ծննդաբերած կնոջ պատռվածքները կարելիս նրա հարցին, թե քանի կար է դնում, պատասխանում է, թե դերձակի մոտ չես եկել՝ կնոջ՝ իր մարմնի վերաբերյալ տեղեկություն ստանալու իրավունքը սահմանափակելով։
Այս ամենը յուրաքանչյուրս է ապրել ու հետո բթացրել իր մեջ տհաճագույն զգացողությունները, քանի որ գրկել է փոքրիկին ու երջանիկ դուրս եկել ծննդատնից: Բայց ես վերհիշեցի հղիության ու ծննդաբերության հետ կապված տրավմաները, ավելին, սարսափելի ծանր փորձառություն ունեցա, երբ օրերս ծննդատուն էի ուղեկցում խոցելի խմբից մի հղի կնոջ, որն ուներ ցավեր ու գանգատներ: Խտրականության ու վերբալ բռնության դրսևորումները սկսվեցին հենց ընդունարանում, երբ խախտելով բժշկական գաղտնիքն ու օտար մարդկանց ներկայությամբ խոսելով նրա հիվանդությունների մասին՝ սկսեցին պիտակավորել նաև նրա սոցիալական վիճակը: Երբ կինը խոսում էր իր վախերից, քթի տակ քչփչում էին, թե բա՝ «տղու հետ գնալուց, ինչ ասես անելուց չէիր վախենում, չէ՞»: Բժշկական և նույնիսկ մարդկային վերաբերմունքի լիակատար բացակայություն, որը այլ բան, քան բռնություն, որակել չի կարելի:
Փաստացի, արդեն իսկ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կանայք հղիության ընթացքում հայտնվում են ծննդատանն աշխատող բռնարարների թիրախում, և այս անգամ բռնություն գործադրողները ոչ թե կնոջ խոցելիությունից օգտված մի տմարդի է, այլ առողջապահության ոլորտի անձնակազմը:
Ինչպես փաստում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, բազմաթիվ կանայք ամբողջ աշխարհում ծննդաբերության ժամանակ արժանանում են անհարգալից և վիրավորական վերաբերմունքի: Նման վերաբերմունքը ոչ միայն խախտում է կանանց արժանապատիվ խնամքի իրավունքները, այլև կարող է սպառնալ նրանց կյանքին, առողջությանը, մարմնի ամբողջականության պահպանմանը և խտրականությունից զերծ լինելու իրավունքներին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր ուղերձով վերահաստատում է, որ յուրաքանչյուր կին իրավունք ունի առողջապահության հասանելիության ամենաբարձր չափանիշի, ինչը ներառում է արժանապատիվ, հարգալից բուժօգնություն՝ հղիության և ծննդաբերության ընթացքում, ինչպես նաև՝ բռնությունից ու խտրականությունից պաշտպանվածություն:
Թեմա
Զարուհի Հովհաննիսյան










