Երբ որդիները սպանում են մայրերին. ի՞նչ է սա

Այսօր մեկնարկում է Գենդերային բռնության դեմ պայքարի ակտիվ քարոզարշավի 16-օրյակը, դա մի ժամանակահատված է, երբ ամբողջ աշխարհը վերահաստատում է իր պատրաստակամությունը խոսելու գենդերային բռնության մասին և քայլեր ձեռնարկել դրա դեմ պայքարի ուղղությամբ:
Այս տարի՝ առաջին 10 ամսվա ընթացքում, Հայաստանում 8 կնասպանության դեպք է գրանցվել, որոնցից 5-ը որդու կողմից մոր սպանություններն են:
- 25-ամյա որդին սուր կտրող-ծակող գործիքով սպանել է 65-ամյա մորը, այնուհետ՝ դիմել փախուստի:
- 56-ամյա որդին բութ կոշտ գործիքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել 83-ամյա մոր մարմնի տարբեր մասերին, և արդյունքում կինը հիվանդանոցում մահացել է:
- 33-ամյա որդին հարվածներ է հասցրել 63-ամյա մորը՝ պատճառելով մահ:
- 52-ամյա որդին հարվածներ է հասցրել 73-ամյա մորը, ինչի հետևանքով նա մահացել է:
- 39-ամյա որդին հարվածներ է հասցրել 72-ամյա մոր գլխին՝ պատճառելով մահ:
Ծեծված, ճնշված, սպանված մայրեր...
Երբ առերեսվում ես այս դեպքերին, հասկանում ես, որ մենք հսկայական արժեհամակարգային խեղման միջավայրում ենք ապրում, որի արդյունքն է նաև մայրասպանությունը:
Ո՞վ է մայրը երեխայի համար. մայրն առաջին մարդն է, որի միջոցով աշխարհ է գալիս երեխան՝ նրա մարմնից վերցնելով բոլոր ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են ապրելու համար, մայրն առաջին մարդն է, որի հետ հաղորդակցվում է երեխան, երբ ծնվում է, նրա միջոցով է ճանաչում աշխարհն ու նրանից է ակնկալում սնունդ, սեր ու ջերմություն: Հիմա պատկերացնենք, թե ինչ անփոխարինելի դեր ունի մայրը և ինչպիսի հեղինակություն է երեխայի համար:
Նա գալիս է մի աշխարհ, որը լիովին խեղում է նրա բնական պատկերացումը մոր մասին: Մայրը երեխայի հետ մտնում է մի միջավայր, որտեղ նա հարգված չէ, մոր խոսքը ոչինչ է, մոր կարծիքը չունի որևէ նշանակություն, ավելին, նրա վրա բղավում է մի տղամարդ, որին երեխան նոր պետք է ճանաչի որպես հայր, և դեռևս անծանոթ այդ տղամարդը երբեմն էլ հարվածում է արդեն հարազատ մորը՝ երեխայի աչքի առաջ: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է կատարվում երեխայի հետ: Այն մարդը, որը աշխարհաճանաչության հիմնական խողովակն ու կյանքի աղբյուրն է, նվաստացած ու խեղճ է: Եվ այստեղ հիշենք նորից Շիրազի հայտնի բանաստեղխությունը՝
Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ...
Իսկ ինչու՞ է փոքր, ինչու՞ է խեղճ...
այո, փոքր ու խեղճ մայրերը միջին վիճակագրական մեր մայրերն են, որոնց դերը մեր կյանքում այնքան է նվազեցվել, որոնց կարծիքն այնքան է ստորադասվել ու դարձել աննշան, որ երեխաների աչքի առաջ նա այլևս այն բնական հեղինակություն չէ:
Մայրասպանությունը կնասպանության ամենբարդ ու դաժան ձևերից է, երբ քեզնից ծնված որդին, որին ծնել, սնել, խնամել ես, սպանում է քեզ: Եվ հիմքում դարձյալ գենդերային դերերն են ու հայրիշխանությունը:
Հայրերի վարքը կրկնող ու այդ վարքային ձևերը շարունակող որդիները բռնության են ենթարկում իրենց կանանց, մայրերին, դուստրերին, սակայն, եթե կինը մի օր, երբ արդեն համբերության բաժակը լցվում է, կարող է խզել բռնարար հարաբերությունները, մայրերը երբևէ չեն լքում իրենց որդիներին, նրանք միշտ մնում են որդիների կողքին, չեն դիմում ոստիկանություն, և, նույնիսկ, եթե հարևաններն են ահազանգում, թաքցնում է կապտուկներն ու վնասվածքները, ասելով՝ ընկել է:
Երբ բարձրացնում եք բաժակն ու խմում մայրերի կենացը, վերանայե՛ք ձեր վերաբերմունքը մոր նկատմամբ, նա մի հոզոր էակ է, որը չի կարող բռնության ենթարկվել, առավել ևս՝ սպանվել:
Զարուհի Հովհաննիսյան










