Շուրթերդ մաքրի՛ր, Անդրանիկ Քոչարյան

ՀՀ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կանանց միամսյակի շրջանակներում նոր սեքսիստական դրսևորմամաբ է հանդես եկել: Նա հերթական անգամ թիրախավորել է կին լրագրողին՝ հրամայելով «մաքրել շուրթերը»: Քոչարյանը հրաժարվել է ներողություն խնդրել՝ ասելով, որ իր աղջիկը «երբեք նման պահվածք չի կարող ունենալ», ինչպիսին տիկին Ջեբեջյանինն է:
Այո՛, Անդրանիկ Քոչարյանը մշտապես աչքի է ընկել կանանց և հատկապես կին լրագրողների նկատմամբ ընդգծված խտրական, սեքսիստական և թշնամական վերաբերմունքով: Նա երբեք ներողություն չի խնդրել ո՛չ Արփինե Հովհաննիսյանից, երբ հարցազրույցներից մեկում մտավ անձնական դաշտ ու ասաց. «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով․ իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները», ո՛չ լրագրող Անի Գևորգյանից, երբ նրա հարցին չպատասխանելով՝ հակադարձեց, «․․․ դու գնա վարսավիրանոց»։
Նա այս անգամ էլ ներողություն չի խնդրի, քանի որ տղամարդ է, «ուժեղ տղամարդ», իշխող կուսակցության տղամարդ, մշտական հանձնաժողովի նախագահ տղամարդ, ու այդ տղամարդուն որևէ դեպքով իր կուսակիցները, ԱԺ պատգամավորները, պաշտոնյաները կարգի չեն հրավիրել, էլ չեմ խոսում ԱԺ էթիկայի հանձնաժողով ձևավորելու և այս դեպքերից որևէ մեկը քննելու մասին, որքան էլ հայտարարություն գրենք ու պահանջենք:
Կին լրագրողների նկատմամբ սեքսիստական դրսևորումները մշտապես եղել են թե՛ նախորդ իշխանության, թե՛ 2018 թվականի հեղափոխության արդյունքում կառավարման ղեկը ստանձնած պաշտոնյաների շրջանում։ Եվ եթե բռնության այլ դրսևորումները դատապարտվում են տարբեր խմբերի, այդ թվում նաև մասնագիտական հանրույթի, լրագրողական կազմակերպությունների կողմից, ապա սեքսիզմի դրսևորումները հաճախ ընկալվում են որպես նորմ և պատշաճ ուշադրության, ինչպես նաև դատապարտման չեն արժանանում։
2016թ․ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Լրագիր» և 1in. am կայքերի լրագող Սիրանուշ Պապյանին մասնագիտական գործունեություն իրականացնելիս վիրավորել էր՝ ասելով. «Ես քո մեջ կին չեմ տեսնում»:
Կանանց իրավունքների պաշտպանները ՀՀ ոստիկանապետի այդ վարքը գնահատել էին որպես սեքսիզմի դրսևորում, կանանց հանդեպ խտրական վերաբերմունք և հոգեբանական բռնություն, բայց միայն կանանց իրավունքներով զբաղվողներն են ընկալում այսպիսի արտահայտությունների անընդունելիությունը: Մնացյալներն այդքան էլ զգայուն չեն սեքսիզմի դրսևորումների նկատմամբ, խորապես չեն գիտակցում և պատկերացնում, թե ինչպիսի խորը ազդեցություն կարող է թողնել այն կնոջ անձնական կյանքի և մասնագիտական գործունեության վրա։
Իրականում սեքսիստական արտահայտություններն առաջացնում են արժանության անկում, հանգեցնում ինքնագրաքննության ու խուսափողականության, վարքագծի փոփոխման և առողջության վատթարացման։ Բացի կին լրագրողի անձնական և մասնագիտական կյանքի վրա ազդեցությունից, նման վարքագիծը կնատյաց, խտրական ու սեքսիստական արտահայտություններ անող տղամարդկանց՝ հասարակության կառուցվածքի վերաբերյալ պատկերացումների մասին է, որտեղ կինը ստորադաս է, անձայն ու անկարծիք, իսկ տղամարդը իշխողն է. նա է որոշում, թե ինչ անի կինը: Այդպիսի պատկերացմամբ տղամարդկանց պակաս կառավարող էլիտաներում չկա ու չի եղել, և որևէ ժամանակահատվածում նման պահվածքը չի դատապարտվել, կնատյացությունը նորմալիզացված է:
Ընդհանրապես, լրագրությունը Հայաստանում ֆեմինիզացված տարածք է, լրագրողների գրեթե 70 տոկոսը կանայք են, և նրանք փաստացի աշխատում են թշնամական մթնոլորտում: Լրագրողները թիրախավորվում են քաղաքական գործիչների կողմից, հատկապես խորհրդարանական ընտրությունների և քարոզչական ելույթների ժամանակ, ինչպես նաև ԱԺ բարձր ամբիոնից հնչող ելույթների ընթացքում:
Մասնավորապես, 2021թ․ հունիսի 11-ին, ելույթ ունենալով Տավուշի մարզում կայացած նախընտրական հանրահավաքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիրախավորել էր լրագրողներին՝ ասելով, որ այսօր Հայաստանի լրատվական դաշտը վերածվել է աղբանոցի, որտեղ գործում են մարդիկ, որոնք ավելի շատ «քիլլերի» են նման, քան լրագրողի։
Լրագրողներին թիրախավորող և վիրավորող խոսք է հնչում նաև ՀՀ բարձրագույն ամբիոնից, Ազգային ժողովի իշխող կուսակցության «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից, որոնցից մեկը՝ Վահագն Ալեքսանյանը, իր ելութներից մեկում լրագրողներին անվանել է «վերբալ մարմնավաճառներ»։ Ու եթե հաշվի առնենք այն հագամանքը, որ կանայք լրագրության մեջ գերակշռում են, ապա հստակ կարելի է ասել, որ թիրախավորող այս բառապաշարն ուղղված է մեծամասամբ կանանց:
Այսպիսով, երկրում հանդուրժողականության, խոսքի ազատության և լրագրողների նկատմամբ հարգանքի հարցում գերակա դիրքերում է գտնվում քաղաքական իշխանությունը, որը նաև իր բառապաշարով թելադրում է տոնայնություն և ձևավորում այն անբարյացակամ մթնոլորտը, որում ստիպված են աշխատել կին լրագրողները։
Ու չփորձեք այլևս մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց մեծարել ուղերձներով, կեղծ ճառերով. իրական վերաբերմունքը երևում է, երբ կինը փորձում է իր ավանդական դերից դուրս գալ և հանդես գալ որպես մասնագետ, և հենց այդ ժամանակ էլ տղամարդիկ բացահայտում են իրենց խտրական, թշնամական և սեքսիստական իրական պատկերացումները:
Զարուհի Հովհաննիսյան










