Գլխավոր Լրահոս

Քրեակատարողական համակարգը՝ կնոջ դեմքով. արթնացել են բոլոր կարծրատիպերը

Քրեակատարողական համակարգը՝ կնոջ դեմքով. արթնացել են բոլոր կարծրատիպերը

Քրեակատարողական համակարգը, թերևս, ամենափակ և կարծրացած համակարգերից է, և երբ այդ ոլորտում ղեկավար դիրքերում կին է նշանակվում, հանրության շրջանում զարթնում են բոլոր կարծրատիպերը: 

Ծովինար Թադևոսյանի նշանակումը Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում լուրջ մարտահրավեր էր թե՛ համակարգի, թե՛ հասարակության համար, քանի որ ավանդաբար այդ պաշտոնում տղամարդիկ են եղել, այն էլ՝ կոչումներով: Եվ հանկարծ հայտնվում է մի երիտասարդ կին, որը չունի կոչումներ և մինչ նշանակումը ղեկավարել է Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը։

«Կինը չի կարող քրեականների հետ լեզու գտնել»

Հանրային քննարկման հիմնական թեման այն է, թե ինչպես են կանայք քրեականների հետ լեզու գտնելու, իրենց ով է բանի տեղ դնելու, ո՛ր «զոն նայողը» կենթարկվի կնոջը: Զարթնել են մեր հասարակության ներսում առկա բոլոր կարծրատիպերը, և դա պատկերացումների խնդիր է, թե ինչպես ենք մենք վերաբերվում քրեակատարողական համակարգին: 

Ինչո՞ւ պետք է պետական պաշտոն զբաղեցնողն ընդհանրապես լեզու գտնի քրեական ենթամշակույթ կրող կամ ղեկավարող անձանց հետ, որպեսզի այդ համակարգը աշխատի և լինի կառավարելի: Խնդիրն այն է, որ մենք չենք տեսնում, թե որքան տարածված ու խրախուսված է քրեական ենթամշակույթը հենց մեր առօրյա կյանքում՝ քաղաքական գործիչների, հանրային անձանց բառապաշարի, հաղորդակցման մշակույթի, ապրելակերպի մեջ: Եվ դա ոչ միայն գործում ու զարգանում է բանտային պայմաններում, այլև ներհյուսված է մեր մտածողության մեջ, և որքան թերի է պետությունն իր ինստիտուտներով, այնքան ուժեղ է քրեական ենթամշակույթի ցանցային համակարգը: Երբ անձը հայտնվում է քրեակատարողական հիմնարկում, և պետության կողմից մատուցվող ծառայությունները՝ պահման պայմաններ, սնունդ, առողջապահություն, սոցիալ-հոգեբանական աջակցություն և այլն, խիստ անբավարար են, դոմինանտ է դառնում քրեական ենթամշակույթը, որն իր վրա է վերցնում բանտում հայտնված մարդու խնդիրները լուծելու պարտականությունը՝ փաստացի պատանդ վերցնելով և պարտքի տակ գցելով նրան: 

Ուստի խնդիրը ոչ թե քրեական ենթամշակույթի հետ լեզու գտնելն ու ենթարկեցնելն է, այլ պետության կողմից տրամադրվող ծառայությունները բարելավելը: Եվ այս համատեքստում կանանց ներգրավումը համակարգում, անշուշտ, կարող է բավական դրական ազդեցություն ունենալ: Հատկապես, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ 2018 թվականից սկսած՝ ՀՀ կառավարության ծրագրով հռչակվեց, թե քրեակատարողական համակարգը պատժողականից անցում է կատարելու վերասոցիալականացման, սակայն անցած վեց տարվա ընթացքում այդպես էլ շոշափելի փոփոխություններ տեղի չունեցան և համակարգը մնաց նույնը։

Ավելին, Քրեակատարողական համակարգն իր վրա կրում է բոլոր այլ ոլորտներում առկա բացթողումներն ու խնդիրները: Ինչպես, օրինակ, դատական համակարգում առկա բացերը, ոստիկանական բաժիններում բռնություններն ու խոշտանգումները, անհիմն կալանավորումները և այլն: 

Մասնավորապես, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձինք ավելի շատ են, քան դատապարտյալները, և օրինակ, եթե կալանավորված անձանց թիվը 2022թ. եղել է 1 210 , 2023թ. հասել է 1 341-ի, իսկ 2024թ. դեկտեմբերի 19-ի դրությամբ՝ 1 417: 

Եվ եթե ՔԿՀ-ներում պահվում է 2 701 անազատության մեջ գտնվող անձ, նրանցից միայն 1 284-ն է դատապարտյալ, այսինքն՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա է պահվում ճաղերի հետևում: 

Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց շարունակում է լայնորեն կիրառվել և ավելանալ: Իրականում այս թվերը վկայում են նրա մասին, որ բանտերը շարունակում են մնալ ցուցմունք կորզելու, մարդկանց վախեցնելու, հասարակությունից անհիմն մեկուսացնելու վայրեր, և այս պատժողական մոտեցման պարագայում ողջ բեռը կրելու է քրեակատարողական համակարգը: Դա նշանակում է, որ մենք ունենք լրջագույն խնդիր՝ վերանայելու արդարադատության մեթոդաբանությունը: Այդ մոտեցման ողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է հենց քրեակատարողական համակարգի վրա, և շատ կարևոր է մարդու նկատմամբ մոտեցման փոփոխությունը։

Քրեակատարողական ծառայության նորանշանակ ղեկավարը գալիս է մի վարչությունից, որն անմիջապես զբաղվում է դատապարտյալների իրավունքների պաշտպանությամբ՝ սոցիալական, հոգեբանական ու իրավական խնդիրների լուծմամբ։ Եվ բանտում հայտնված մարդուն կփորձի առնվազն նայել ոչ թե որպես լոկ պատիժ կրողի, այլ՝ հասարակություն վերադարձող անձի: 

Դա ավելի գլոբալ պատկերացումային փոփոխություն է, որը, եթե, իհարկե թողնեն իրագործել, կարող է դրական ազդել համակարգի վրա: 

Ցավոք, մենք ականատես ենք եղել նաև բազմաթիվ նշանակումների, երբ նույնիսկ լավագույն ցանկություններով լցված անձինք, անկախ սեռից, այնպիսի դիմադրության են հանդիպել թե՛ կառավարության ավելի բարձր օղակների, թե՛ ներքին դաշտի կողմից, որ այլևս անհնար է եղել շարունակել պաշտոնավարումը: 

Մտավախություն է առաջացնում նաև այն հանգամանքը, որ կանանց ներգրավելով որոշումների կայացման մակարդակում՝ ոլորտային փոփոխություններ փաստացի թույլ չտրվեն, ինչն ավելի հավանական է, քանի որ մեր կառավարման համակարգը շատ հիերարխիկ է: Բազմաթիվ, նույնիսկ ոչ այնքան ծանրակշիռ հարցերում երբեմն լսվում են պատասխաններ, թե դա վարչապետի անհատական որոշումն է, ուստի եթե կարող եք՝ համոզեք նրան, մենք անզոր ենք այդ հարցում: 

Գլխավոր հարցը մնում է հետևյալը՝ եթե մեր կառավարման համակարգը դեռ այդքան տղամարդակենտրոն և ուղղահայաց է, ապա արդյոք կանայք կարո՞ղ են փոխել այդ կարծրացած մեքենան: Իսկ ամենատխուրը կլինի այն, որ տղամարդիկ փորձեն իրենց ապաշնորհ որոշումները թաքցնել կանանց մեջքի հետևում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում