RBC ամսագիրը կազմել է Ռուսաստանի խոշորագույն դեվելոփերների վարկանիշը՝ ըստ հասույթի չափի: Ցանկը գլխավորել է Օլեգ Դերիպասկային պատկանող «Բազովիյ էլեմենտ» հոլդինգի անդամ «Գլավստրոյ» ընկերությունը՝ $2,96 մլրդ հասույթով: Հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը վարկանիշում չորրորդն է՝ $2,6 մլրդ հասույթով։
2010-ի վարկանիշում «Գլավստրոյը» 9-րդ հորիզոնականում էր՝ $1 մլրդ հասույթով։ Նախորդ վարկանիշի համեմատ արձանագրված կտրուկ աճն ապահովվել է «Տրանսստրոյ» և «Բազելցեմենտ» մայր ընկերությունների հաշվետվությունների տվյալների կոնսոլիդացման շնորհիվ: «Գլավստրոյը» վարկանշված ընկերությունների ցանկում առաջինն է նաև ըստ պարտքի ծավալի՝ $2,72 մլրդ:
Երկրորդ հորիզոնականում Ալեքսանդր Սվետակովին պատկանող «Աբսոլյուտն» է, որի հասույթը 2011թ. կազմել է $2,93 մլրդ: Խմբի պարտքը ներկայում $100 մլն է։ Նախորդ վարկանիշի առաջատար ՍՈՒ-155 ընկերությունը, որը պատկանում է Միխայիլ Բալակինին, այս անգամ եզրափակում է վարկանիշի լավագույն եռյակը՝ $2,81 մլրդ հասույթով (պարտքը՝ $270 մլն):
Հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը վարկանիշում չորրորդն է՝ $2,6 մլրդ հասույթով ու պարտքի $350 մլն ցուցանիշով։ Հինգերորդ հորիզոնականում Անդրեյ Մոլչանովի ԼՍՌ ընկերությունն է՝ $1,77 մլրդ հասույթով:
Ցուցակում ընդգրկված ընկերություններից նախորդ վարկանիշի համեմատ ամենամեծ աճն արձանագրել է Արաս Աղալարովի Crocus Group-ը, որը դիրքերը բարելավել է 12 կետով և այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Ընկերությունը 2011-ին $1,61 մլրդ-ի հասույթ է ապահովել։ Վարկանիշում ամենամեծ անկումն արձանագրել է Լև Լևաևին պատկանող AFI Development-ը, որը նախորդ 14-րդ հորիզոնականի համեմատ այս անգամ 30-րդն է:
Ռուսաստանի տասը ամենախոշոր դեվելոփերները՝ ըստ RBC-ի
Տեղը ներկայիս վարկանիշում | Տեղը նախորդ վարկանիշում | Դեվելոփերը | Հիմնական սեփականատերը | Հասույթը 2011թ. (մլրդ $) | Հասույթը 2010թ. (մլրդ $) |
1 | 9 | «Գլավստրոյ» | Օլեգ Դերիպասկա | 2,96 | 1 |
2 | 12 | «Աբսոլյուտ» | Ալեքսանդր Սվետակով | 2,93 | 0,80 |
3 | 1 | ՍՈՒ-155 | Միխայիլ Բալակին | 2,81, | 2,07 |
4 | 2 | «Տաշիր» | Սամվել Կարապետյան | 2,60 | 2,10 |
5 | 3 | ԼՍՌ | Անդրեյ Մոլչանով | 1,77 | 1,64 |
6 | 18 | Crocus Group | Արաս Աղալարով | 1,61 | 1,48 |
7 | 7 | ՊԻԿ | Սուլեյման Քերմիով | 1,56 | 1,25 |
8 | 10 | «Մորտոն» | Սեփականատերերի անունները չեն բացահայտվում | 1,36 | 0,99 |
9 | 6 | Capital Group | Վլադիսլավ Դորոնին, Պավել Տե, Էդուարդ Բերման (փայատեր) | 1,30 | 1,20 |
10 | 5 | ԴՍԿ-1 | Վլադիմիր Կոպելև | 1,16 | 1,28 |
Civilnet











