Գլխավոր Լրահոս

Վարդան Ղուկասյանը դեմ է Երևանի ավագանու նոր ընտրություններին

Վարդան Ղուկասյանը դեմ է Երևանի ավագանու նոր ընտրություններին

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը («Դոգ» մականվամբ) դեմ է Երևանի ավագանու նոր ընտրություններին։ Այս դիրքորոշումը կարող է նպաստել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրելուն։

Ղուկասյանը որոշումը հիմնավորում է Հայաստանում և Հայաստանի շուրջ սրվող անվտանգային և հումանիտար խնդիրներով: 

«Այս իրավիճակում Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի, երբ ադրբեջանական զորքը կանգնած է Երասխում, երբ 100 հազար փախստական լցվել է Հայաստան, ու յուրաքանչյուր կոպեկը հաշիվ է»,-  հայտարարել է Վարդան Ղուկասյանը` հավելելով, որ այս իրավիճակում նախընտրում է՝ «նախկինները չամրապնդվեն»: 

«Եթե նույնիսկ Սիսին (նկատի ունի Ավինյանին) վերարտադրվի, ապա օրենքը թույլ է տալիս մեկ տարի հետո անվստահություն հայտնել»,- նշել է Ղուկասյանն ու հիշեցրել, որ իր աջակցությունն է առաջարկել քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին՝ պահանջելով վերահսկողական լծակներ, սակայն համաձայնության չեն եկել: 

««Կամ ես եմ քաղաքապետ, կամ՝ ոչ ոք». կրկնեց Նիկոլ Փաշինյանի բառերը։ Ես էլ պատասխանեցի՝ դու չես դառնա քաղաքապետ»,- հայտարարել է Ղուկասյանը` նկատելով, որ ստեղծված իրավիճակում իրեն ընդհանրապես չի հուզում Երևանի ավագանու ընտրությունների հարցը: 

«Հիմա ինձ հուզում է, թե ինչ է լինելու մինչև հոկտեմբերի 10-ը, արդյոք ՀՀ զինված ուժերը կբերվե՞ն մարտական պատրաստվածության, կհայտարարվի՞ մոբիլիզացիա, կսկսե՞ն զենք ու զինամթերք բաժանել: Էշի ականջում քնած են, ես չեմ՝ ուզում մենք կոտորվենք։ Խորհրդարանական ընդդիմությանն էլ ասում եմ՝ մանդատդ վայր դիր»,- ասել է նա:

Ղուկասյանի հայտարարությանն արձագանքել է Հայկ Մարությանի թիմակից Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ սա նշանակում է «ավագանու նոր ընտրությունների հետ կապված ինտրիգի» ավարտ։

«Ընդդիմադիր խոսույթով ավագանիում մանդատներ ստացած Ղուկասյանի կուսակցությունը այս իրավիճակում, ըստ էության, նպաստում է ՔՊ թեկնածուի քաղաքապետ դառնալուն։ Պարզ ասած՝ եթե ոչինչ չփոխվի, ապա Դոգը Ավինյան Տիգրանին դարձնում է քաղաքապետ։ Նույն կերպ, «Հանրապետություն» կուսակցությունը, թեև խորիմաստ լռություն է պահպանում, բայց այլ ցուցիչներից հստակ է, որ նրանք էլ են աջակցելու ՔՊ-ին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Հակոբ Կարապետյանը։

Երևանի ավագանու ընտրություններում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ղեկավարած «Ազգային առաջընթաց»-ը և Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել էին Երևանի ավագանու առաջին նիստին չմասնակցելու մասին՝ նպատակ ունենալով չապահովել քվորում, որն էլ կբերեր նոր ընտրությունների։ Քվորում չապահովելու համար նույն կերպ պետք է վարվեր նաև Վարդան Ղուկասյանի ղեկավարած «Հանրային ձայն» կուսակցությունը, որը որոշել է չհետևել ընդդիմադիր գործընկերների գործելաոճին: 

Երևանի ավագանիում «Ազգային առաջընթաց»-ն ունի 14 մանդատ, «Մայր Հայաստան»-ը՝ 12: «Քաղաքացիական պայմանագիր»-ը ընտրություններում չկարողացավ հավաքել անհրաժեշտ մանդատների 51 տոկոսը, այն ունի 24 մանդատ։

Ավագանիում ներկայացվածության շեմը անցել է նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը՝ 8 մանդատով և Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն»-ը՝ 7 մանդատով։ Դատելով հռետորաբանությունից և մի շարք այլ հանգամանքներից՝ ՔՊ-ի հետ հնարավոր համագործակցություն, կոալիցիա կարող է ապահովել Արամ Սարգսյանի «Հանրապետություն»-ը՝ իր 8 մանդատներով։ Բայց նույնիսկ այս դեպքում, ՔՊ-ն և «Հանրապետություն»-ը միասին չեն կարող ստանալ մանդատների 51 տոկոսը իրենց 32 մանդատներով, քանի որ մյուս 3 ուժերը՝ «Ազգային առաջընթաց»-ը, «Մայր Հայաստան»-ն ու «Հանրային ձայն»-ը, կունենան 33 մանդատ։ Սա այն դեպքում, եթե «Ազգային առաջընթաց»-ը, «Մայր Հայաստան»-ն ու «Հանրային ձայն»-ը ընտրեին քաղաքապետի իրենց թեկնածուին կամ միասնաբար բոյկոտեին նիստը, ինչը, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում