Գլխավոր Լրահոս

Երերուն դիրքերով քաղաքապետը․ իրավիճակն ամեն պահի կարող է փոխվել

Երերուն դիրքերով քաղաքապետը․ իրավիճակն ամեն պահի կարող է փոխվել

Ընդդիմադիր երկու ուժերի` Հայկ Մարությանի Ազգային առաջընթաց կուսակցության և Անդրանիկ Թևանյանի Մայր Հայաստան դաշինքի բոյկոտի և Ընտրական օրենսգրքի «ճկունության» պյամաններում հոկտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետ ընտրվեց Քաղաքացիական պայմանագիր կուսկացության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը: 

Նիստին Վարդան Ղուկասյանի («Դոգ») Հանրային ձայն կուսակցության ավագանու անդամների մասնակցությունը, որը հնարավորություն տվեց 50 տոկոս պատնեշը չհաղթահարած ՔՊ-Հանրապետություն դաշինքին ունենալ քաղաքապետ, հանրության շրջանում ծնել են հնարավոր գործարքի մասին կասկածներ:

Սև թուղթ իշխանության համար

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները մեծ հաշվով սև թուղթ են իշխանության համար: Քվեարկությանն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72 տոկոսի չմասնակցությունը կուսակցա-քաղաքական համակարգի նկտամամբ հարաճուն անվստահության վկայությունն է: Սա երբևէ գրանցված ամենացածր ցուցանիշն է, որը ՔՊ-ն և ԿԸՀ նախագահը վերագրեցին ժողովրդավարությանը․ իբր ժողովրդավար երկրներում նկատվում է ՏԻՄ ընտրությունների նկատմամբ նվազող հետաքրքրություն: 

Խոսքը, իհարկե, արդյունավետ բյուրոկրատիա ունեցող ժողովրդավարությունների մասին է, որոնցից Հայաստանը, հատկապես ինստիտուտների կայացվածության աստիճանով, մղոններով հեռու է: 

Երևանի պարագայում ավելի շատ աշխատել է անտարբերությունը, որն այս պահին իշխանության հիմնական «դաշնակիցն» է: Սա այն պարագայում, երբ ընտրարշավի ժամանակ կիրառվում էին ամենատարբեր տեխնոլոգիաներ՝ մրցակիցների վրա ցեխ շպրտելուց մինչև վախի սփռումը: 

Այստեղից էլ ծնվեցին Հայաստանում ծպտված 8000 վագներականների և դրսի որոշ կենտրոնների՝ ՀՀ-ում խարդավանքներ նյութելու, հեղաշրջում նախապատրաստելու մասին թեզերը, որոնք ջանասիրաբար տարածում էին իշխանամերձ ակտիվիստներն ու մերթընդմերթ դրանց արձագանքում էին նաև իշխանության ներկայացուցիչները: Հասարակ երկքայլանի տեխնոլոգիա՝ ինքդ ստեղծում ես խնդիր ու ջանասիրաբար հաղթարահում այն հողմաղացների դեմ պայքարող Դոն Կիխոտի նման:

Պատճառը թերևս պարզ էր: Հայաստանում, մեղմ ասած, մեծ հիասթափություն կա Ռուսաստանից, ուստի ընտրարշավի ժամանակ հյուսիսից ներթափանցող վտանգների մասին հայտարարությունները տրամաբանական են՝ հակառուսական ընտրազանգվածի ձայներին կամ դրանց մի մասին տիրանալու համար: Սակայն անգամ դա «չփրկեց» կամ գուցե հենց դա «փրկեց», որ կառավարող ուժը` ՔՊ-ն, Ռուսաստանի անդուլ քննադատ Հանրապետություն կուսակցության հետ ստացան ավագանու 65 մանդատից 32-ը: 

Երևանի մակարդակում փոխվեց նաև իշխանության կազմն ու բովանդակությունը․ եթե 2018-ին Փաշինյանը կոալիացիա կազմեց ռուսամետ համբավ ունեցող Բարգավաճ Հայաստան ու Դաշնակցություն կուսակցությունների հետ, այժմ պատկերը գլխիվայր շուռ է եկել:

Մաշվող ընդդիմություն

Նվազող լեգիտիմությամբ իշխանության պատկերին բավական տխուր է պատկերն ընդդիմության դաշտում: Նախ, լուսանցք են մղվել խորհրդարանական ընդդիմությունը՝ Հայաստան և Պատիվ ունեմ դաշինքները: Նրանք գոնե այս պահին փատացի հակաքաղաքագիտական պահվածք են դրսևորում` չեն մասնակցում ընտրություններին, չեն ձգտում իշխանության, որը քաղաքական կուսակցությունների հիմնական գործառույթն է: 

«Լավ կյանքը» չէ որ նրանց դրդել է գնալ այդ քայլին: Քաղաքական հաշվարկով թելադրված կեցվածք է, որը ցույց է տալիս ընտրական շանսերի հետևողական նվազումը: 

Փաստացի, նրանց «հաջողության պատմությունն» ավարտվեց 2021-ի արտահերթ ընտրություններով: 44-օրյա պատերազմում պարտության ֆոնին խորհրդարանում հայտնվելուց հետո այդ ուժերի կուտակած կապիտալը հետևողականորեն մաշվել է: Վկան՝ իշխանության հեռացման համար պայքարի ձախողված քաղաքական ձևաչափերն են` Հայրենիքի փրկության շարժում, Դիմադրության շարժում, հիմա էլ՝ Ազգային կոմիտե: 

Փոքրամասնության քաղաքապետը

ՔՊ-ն ստանձնում է Հայաստանի 1/3-ի` Երևանի կառավարումը շատ հեղհեղուկ վիճակում, երբ քաղաքական համակարգը հայտնվել է գրեթե ամբողջական ապալեգիտիմացման եզրին` «թույլ իշխանություն և ավելի թույլ ընդդիմություն» բանաձևմամբ: Փոքրամասնության աջակցությունը վայելող քաղաքապետն ու նրա թիմը «անակնկալների» պակաս չեն ունենա թե՛ քաղաքապետարանի պատերից ներս, թե՛ դրանցից դուրս: 

Ընդդիմություն-իշխանություն ուժերի հարաբերակցությունը (ոչ հօգուտ իշխանության) ավագանիում և քաղաքական բարդ իրավիճակն ավելի են դժվարացնելու քաղաքապետի ու նրա թիմի աշխատանքը: 

Գործարքները, հատկապես, երբ դրանք քաղաքական են, հավերժ չեն: Դրանք փոխվում են՝ դրանց ծնող պայմանների փոփոխությունից: Ուստի միշտ չէ, որ ՔՊ-Հանրապետություն դաշինքը ստանալու է երրորդ ուժի լռելյալն աջակցությունը: 

Ցանկության ու կամքի պարագայում մյուս երեք խմբակցությունները ի զորու են տապալել ցանկացած կարևոր նախաձեռնություն` բյուջեի, զարգացման պլանի, հաշվետվության ընդունում, ինչը կարող է հանգեցնել ընդհուպ մայրաքաղաքի կառավարման ճգնաժամի: Սա իշխանությունից պահանջելու է ուժերի գերլարում` իրավիճակը կառավարելի պահելու համար:

Պատկերն ավելի է ամբողջանում, եթե հաշվի առնենք Երևանի հյուսիսում և հարավում քաղաքական տրամադրությունների կտրուկ տարբերությունը:

Այժմյան թվացյալ կայունությունը, իսկ իրականում երերուն քաղաքական իրավիճակը, որի արգասիքն է քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանը, կարող է ամեն պահի փոխվել, գլխիվայր շուռ գալ: Հարցն այն է, թե երբ և ինչը կծառայի դրա համար որպես ձգան: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում