Հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը տեղի չի ունենա, այն հետաձգվում է: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը հեռավար մասնակցում է APRI Armenia վերլուծական կենտրոնի` «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին:
Նրա խոսքով, հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն Արևմուտքի միջնորդությամբ դանդաղ, սակայն ճիշտ ուղղությամբ է ընթանում: Նա դրական գնահատեց Գրանադայում բանակցությունները, որին սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չմասնակցեց: Այնուամեյնիվ Կլաարը հույս ունի, որ բանակցությունները կշարունակվեն, որոնց վերջնաարդյունքը կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը: Նա նշում է, որ ԵՄ նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տները։
Կլաարը նաև դրական գնահատեց վերջերս Թեհրանում «3+3» ձևաչափով կայացած հանդիպումը․ «Դա օգտակար ենք համարում և այն հակասող չեմ համարում որևէ ձևաչափի: Կարծում եմ կարևոր և օգտակար են հարևաննրի միջև քննարկումները: Մենք սկզբունքորեն մշտապես համագործակցության օգտին ենք արտահայտվում», - ասաց նա:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կանադայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է, որ Բրյուսել մեկնելու ժամանակ չի գտել Ադրբեջանի նախագահը․ «Մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը»,- ասել է նա։
***
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հոկտեմբերի վերջին Բրյուսելում հանդիպման է հրավիրել․ «Մենք հավատում ենք դիվանագիտությանը, հավատում ենք քաղաքական երկխոսությանը, և այդ պատճառով ես երկու առաջնորդներին՝ վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին, կհրավիրեմ մինչև հոկտեմբերի վերջ Բրյուսել՝ հանդիպման»։
Հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ և Հայաստանը, և Ադրբեջանը «նախնական հրապարակային պատրաստակամություն» են հայտնել Բրյուսել մեկնելու։
Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցությունից, որի շրջանակում նախատեսված էր հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հնգակողմ ձևաչափով հանդիպմանը պետք է մասնակցեին Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարները, ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Հնգակողմի փոխարեն Գրանադայում տեղի էր ունեցել քառակողմ հանդիպում՝ Փաշինյանի, Մակրոնի, Շոլցի և Միշելի մասնակցությամբ, որի արդյունքներով ընդունվել էր հայտարարություն։
Civilnet











