«Հայաստանը Ադրբեջանին չի փոխանցել ադրբեջանական 8 գյուղերը, որոնք մինչ օրս գտնվում են օկուպացիայի տակ»։ Այդ մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման մեծ հնարավորություններ են ստեղծվել։
«Այս բարենպաստ պայմանների ֆոնին Ադրբեջանը, հավատարիմ լինելով երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ղարաբաղում ապրող հայերի վերաինտեգրմանը՝ Հայաստանին կոչ է անում կառուցողական և արդար դիրքորոշում ցուցաբերել խաղաղ գործընթացում և ճիշտ ըմբռնել տարածաշրջանային իրողությունները։ Հայկական կողմը պետք է վերջապես գիտակցի, որ տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանն այլընտրանք չկա»,- ասված է հայտարարության մեջ:
Ադրբեջանական կողմը նշում է, թե հակամարտության ավարտից հետո իրենք իբր հանդես են եկել հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացի օգտին, բայց «Հայաստանն ընտրել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները խոչընդոտելու ուղին»:
«Հայկական կողմը, ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, ոչ միայն Ադրբեջանի տարածքից դուրս չէր բերում իր զինված ուժերը, որոնք տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հիմնական սպառնալիքն էին, այլև շարունակել է նրանց նյութական և ֆինանսական աջակցություն տրամադրել, չի դադարեցրել զենքի, ռազմական տեխնիկայի և ականների ապօրինի տեղափոխումը Ադրբեջանի տարածք: Հայաստանը Ադրբեջանին չի փոխանցել նաև ադրբեջանական 8 գյուղերը, որոնք մինչ օրս գտնվում են օկուպացիայի տակ»,- նշված է հայտարարությունում։
https://civilnet.am/news/753876/%d5%a1%d5%b6%d5%af%d5%ac%d5%a1%d5%be%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%a4%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a1%d5%ac%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%ad%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d6%83%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%a7%e2%80%a4-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6/
Civilnet











