Բրիտանական Financial Times հեղինակավոր պարբերականը և Penguin գրահրատարակչությունը չեն «տեղավորվում» Pearson մեդիահոլդինգի հայեցակարգում, և հնարավոր է՝ հոլդինգի նոր գործադիր տնօրեն Ջոն Ֆելոնն ազատվի այս ակտիվներից։
Financial Times-ի սեփականատեր Pearson հոլդինգի ղեկավարությունը փոխվում է, ինչին, մի շարք փորձագետներրի կարծիքով, կարող է հաջորդել թերթի վաճառքը: Financial Times-ն այդպես էլ չի «տեղավորվել» կոնգլոմերատի կառուցվածքում, որի հիմնական հասույթն ապահովում է կրթական ոլորտի բիզնեսը։
Pearson-ի գլխավոր տնօրեն Մարջորի Սկարդինոն, որը ընկերությունը ղեկավարել է 16 տարի, պաշտոնը լքում է 2012թ. վերջին: Նրան փոխարինելու է Ջոն Ֆելոնը, որը 2003թ. հիմնել և ղեկավարում է հոլդինգի կրթական բիզնեսը Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս: Ֆելոնը պատասխանատու է եղել զարգացող շուկաների համար, այդ թվում՝ Չինաստանում անգլիական դպրոցների ձեռքբերման, Հարավային Աֆրիկայում ուսումնական ճամբարների կազմակերպման և Բրազիլիայում թվային դասարանների ստեղծման համար։
Ֆելոնի նշանակումը ենթադրում է, որ երկարաժամկետ հեռանկարում Pearson-ն զարգացնելու է հիմնական բիզնեսը՝ ընդլայնելով ուսումնական գրականության և կրթական տեխնոլոգիաների վաճառքն ամբողջ աշխարհում։ Փորձագետները երկար ժամանակ է կանխատեսում են, որ ընկերությունը կվաճառի Financial Times-ը և Penguin-ը, որոնց հասույթը համեմատաբար դանդաղ է աճել՝ հիմնական միջոցներն ուղղելով կրթական թվային տեխնոլոգիաների զարգացմանն ու զարգացող շուկաներում պրոֆիլային նոր ակտիվների ձեռքբերմանը։
2011թ. Penguin-ի հասույթը կրճատվել է 1%-ով և նրան բաժին է ընկել Pearson-ի ընդհանուր վաճառքների (5,86 մլրդ ֆունտ ստեռլինգի) 18%-ը՝ մոտ 1 մլրդ ֆունտ ստեռլինգ: FT Group-ի վաճառքները, որոնք ապահովել են ընկերության հասույթի 7%-ը, կազմել են 427 մլն ֆունտ ստեռլինգ: Կրթական ոլորտը բիզնեսը հոլդինգին 4,4 մլրդ ֆունտ ստեռլինգ է բերել։
Սկարդինոն արդեն հայտարարել է, որ Pearson-ը մտադիր է առաջատարի դիրքեր գրավել կրթական ծառայությունների 20 խոշոր շուկաներում՝ նպատակի իրագործմանն ուղղելով մյուս ակտիվների վաճառքից ստացված միջոցները։ Սկարդինոն նշել է նաև, որ իր ղեկավարման շրջանում Financial Times-ը չի վաճառվի, քանի որ այս ակտիվը հաջող է ինտերգված ընկերության բիզնեսում։
Այդուհանդերձ, չի բացառվում , որ նրա հեռանալուց հետո թերթը վաճառվի, ինչը հոլդինգին ավելի քան $1 մլրդ կբերի։ Հնարավոր գնորդների թվում են ամերիկյան հեղինակավոր Thomson Reuters Corp. և Bloomberg գործակալությունները: Պարբերականի ձեռքբերմամբ հետաքրքրված են նաև մասնավոր ներդրողները։
Ուշագրավ է, որ հենց Սարդինոյի օրոք է Pearson-ը բազմապրոֆիլ խմբից վերածվել կրթական բիզնեսում մասնագիտացած հոլդինգի: Այսպես՝ նրա ղեկավարման տարիներին վաճառվել են Pearson-ի ժամանցային և հեռուստատեսային նախագծերը, այդ թվում՝ Մադամ Թյուսոյի մոմե տիկնիկների թանգարանը, «Հաջողության գինը» հեռուստահաղորդումը և այլն: Pearson-ը վաճառել է նաև Lazard ներդրումային բանկում և Interactive Data Corp. ինֆորմացիոն ընկերությունում իր մասնաբաժինը։
Civilnet











