Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) այսօրվա նիստում բազային տոկոսադրույքը անփոփոխ է թողել՝ 0,75% մակարդակում: Եվրոգոտու տնտեսության վրա գնաճային ճնշումն այնքան մեծ է, որ տոկոսադրույքն իջեցնելու հնարավորություն չկա։ Այն բարձրացնել թույլ չի տալիս տնտեսական անկումը։
Եվրոպական կարգավորիչը բազային տոկոսադրույքը նույն մակարդակում է թողնում երրորդ ամիսն անընդմեջ՝ հուլիսին այն 0,25 տոկոսային կետով իջեցնելուց հետո: ԵԿԲ որոշումը փորձագետներից շատերի համար կանխատեսելի էր: Նրանց մեծ մասը պնդում էր, որ ԵԿԲ-ն տոկոսադրույքը չի իջեցնի, քանի որ եվրոգոտում ավելանում է գնաճային ճնշումը։
Սեպտեմբերին Եվրոպայում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 2,7%-ով: Bloomberg-ի հարցմանը մասնակցած 55 տնտեսագետներից միայն 3-ն է տոկոսադրույքի իջեցում կանխատեսել՝ մինչև տարեկան 0,5%: Danske Bank-ի փորձագետների կարծիքով՝ տոկոսադրուքյը ներկայում այնքան ցածր է, որ նրա հետագա իջեցման շնորհիվ ապահովվող առավելությունները կարող են խիստ սահմանափակ լինել:
Փորձագետները ԵԿԲ կողմից տոկոսադրույքի իջեցում դեկտեմբերից շուտ չեն կանխատեսում: «Մինչ այդ ԵԿԲ-ն կկարողանա գնահատել տարածաշրջանում տնտեսական անկման մակարդակը, բացի այդ՝ ավելի հստակ կլինի՝ կդիմի Իսպանիան ֆինանսական աջակցության, թե՝ ոչ»,- նշում է ֆրանսիական Newedge ընկերության փորձագետ Անալիզա Պյացան:
ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին նիստին հաջորդած մամլո ասուլիսին հայտարարել է, որ գնաճի տեմպի արագացման ռիսկերը նվազագույն են: Նրա կանխատեսմամբ՝ այս տարի գնաճը կպահպանվի 2%-ից բարձր մակարդակում, և 2013թ. այն կնվազի կարգավորիչի սահմանած թիրախային ցուցանիշից:
Դրագին հերթական անգամ հաստատել է, որ եվրոգոտին շարունակում է բարդ ժամանակներ ապրել, և տնտեսության համար ռիսկերը պահպանվում են շուկաների լարվածության պատճառով: Այս ամենի հետնապատկերին՝ եվրոգոտւ ՀՆԱ-ի աճի տեմպերը թույլ կլինեն:
«Մենք ակնկալում ենք, որ եվրոգոտու տնտեսությունը կշարունակի թույլ մնալ կարճաժամկետ հեռանկարում, ինչին կհաջորդի դանդաղ վերականգնումը»,- ասել է Դրագին։ Նա դրական է գնահատել պարտատոմսերի գնման նոր ծրագրի ազդեցությունը: Ըստ Դրագիի՝ պարտատոմսերի հետգնումը հնարավորություն է տվել անցած ամիս թուլացնել լարվածությունը շուկաներում, ինչպես նաև խնդրահարույց երկրների պարտատոմսերի նկատմամբ ճնշումը:
ԵԿԲ նախագահը հերթական անգամ շեշտել է, որ եվրոպական արժույթից հրաժարումը և վերադարձը ազգային արժույթներին անհնար է:
Շուկաների արձագանքը ԵԿԲ որոշմանը թույլ է եղել: Տոկոսադրույքի պահպանման մասին հայտարարությունից հետո տասնամյա պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է մինչև 0,02 տոկոսային կետ միջակայքում: Ընդ որում՝ իսպանական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է մինչև 5,86%, իտալականինը՝ մինչև 5,08%:
Արժութային շուկայի արձագանքը ավելի ուժեղ է եղել: Եվրոյի փոխարժեքը ԵԿԲ որոշմանն սպասելիս բարձրացել էր, կարգավորիչի հայտարարությունից հետո բարձրացել է ևս 0,12%-ով՝ կազմելով $1,296/€:
Այսօր Անգլիայի բանկը ևս բազային տոկոսադրույքը անփոփոխ է թողել՝ տարեկան 0,5%՝ ակտիվների հետգնման ծավալը պահպանելով 375 մլրդ ֆունտ ստեռլինգ: Այս շաբաթ Ավստրալիայի կենտրոնական բանկը տոկոսադրույքը 3,5%-ից իջեցրել էր մինչև 3,25%՝ այդպիսով միանալով այն կարգավորիչներին, որոնք փորձում են աճի աշխուժացմանն ուղղված քայլեր ձեռնարկել:
Civilnet











