Աննա Էդգար, Իսմի Աղաև, OC Media
Ադրբեջանը կհյուրընկալի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին գագաթնաժողովը (COP29), ինչը, ըստ ակտիվիստների՝ ազդակ է այն մասին, որ գագաթնաժողովն անցնում է հանածո-վառելիք արտադրողների կողմը և հետ է կանգնում կլիմայի փոփոխության դեմ պայքարում արդյունավետ գործողություններից:
Գագաթաժողովն Ադրբեջանում անցկացնելու մասին հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ Հայաստանը, հաջակցություն Ադրբեջանի, հետ կանչեց իր դիմումը, ինչն արեց «վստահության ամրապնդման» միջոցառումների փաթեթի շրջանակում, որի մասին հայտարարվել էր դեկտեմբերի 7-ին։
ՄԱԿ-ի կանոնները սահմանում են, որ համաժողովը պետք է հյուրընկալի Արևելյան Եվրոպայի որևէ երկիր, և այդ բլոկի բոլոր երկրները պետք է աջակցեն հյուրընկալող երկրի ընտրությունը: Ռուսաստանը արգելափակել էր ԵՄ անդամ բոլոր երկրներին, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը մինչ այդ հայտարարությունն արգելափակել էին միմյանց հայտերը։
ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին գագաթնաժողովները յուրաքանչյուր տարի անցկացվող հանդիպումներ են, որոնց մասնակցում են կառավարությունների, կլիմայի և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ և քննարկում, թե ինչպես կանխել և նախապատրաստվել կլիմայի փոփոխությանը:
Այս տարի COP28-ն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Դուբայ քաղաքում։ Գագաթնաժողովը նախագահել է Դուբայի պետական նավթային ընկերության գործադիր տնօրենը: Նավթի արդյունահանումը մեծ դեր է խաղում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ԱՄԷ-ի տնտեսություններում։ BBC-ն մեջբերել էր արտահոսած փաստաթղթեր, ըստ որոնց՝ ԱՄԷ-ն ծրագրում է օգտագործել հյուրընկալող երկրի իր դերը, որպեսզի նավթային և գազային գործարքներ կնքի։
Ադրբեջանը որպես գագաթնաժողովի հյուրընկալող երկիր ընտրելու որոշման վերաբերյալ քննադատական արձագանքը չուշացավ․ մի շարք առաջատար իրավապաշտպաններ դատապարտեցին այս որոշումը՝ մատնացույց անելով ինչպես Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները, այնպես էլ Ադրբեջանի դերը՝ որպես հանածո-վառելիք արտադրող երկիր։
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության եվրոպական լրատվամիջոցների և խմբագրական հարցերով տնօրեն Էնդրյու Սթրոյլեյնը դատապարտել է որոշումը՝ նշելով, որ «պարզապես ամոթալի է, որ կլիմայական ճգնաժամը լուծելու բանակցությունների համար պատասխանատու է նշանակվում մարդու իրավունքները ոտնահարող մեկ այլ նավթային բռնապետություն»:
Ադրբեջանցի անկախ լրագրող Արզու Գեյբուլլան գրել է, որ որոշումը «նվեր է իշխանություններին»՝ անկախ լրատվամիջոցների և կառավարության քննադատների նկատմամբ շարունակվող բռնաճնշումների ֆոնին: Նա հավելել է, որ կառավարության գործողությունները ֆինանսավորվում են նավթից և գազից ստացվող եկամուտներից։
Շրջակա միջավայրի հարցերով հետազոտող Հաննա Օ'Սալիվանը OC Media-ին ասել է, որ թեև անհրաժեշտ է, որ հանածո-վառելիքից կախված պետությունները մասնակցեն բանակցություններին, սակայն COP28-ն ապացուցել է, որ «չի աշխատում» մեթոդը, երբ նրանց խնդրում են, որպեսզի հյուրընկալեն գագաթնաժողովը։
«Երբ պնդում ես, թե ցանկանում ես, որ համաձայնագրում կիրառվեն ամենահավակնոտ ձևակերպումները, սակայն հանածո-վառելիքի հազարավոր լոբբիստների ես հրավիրում բանակցություններին, դա անհամատեղելի է գլոբալ մակարդակում անհրաժեշտ կլիմայական գործողությունների հետ,- ասել է Օ'Սալիվանը,- Այն, որ հաջորդ տարի Ադրբեջանն է հյուրընկալելու [գագաթնաժողովը], մեծ լավատեսություն չի ներշնչում, որ COP29-ը տարբեր կլինի, հատկապես, որ պատրաստվելու համար ընդամենը 11 ամիս ժամանակ կա»:
Թեև ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության գագաթնաժողովներն ավարտվում են բոլոր մասնակից երկրների կողմից ընդունված համաձայնագրով, հոդվածի հրապարակման պահին դեռ որևէ տեքստ չէր ընդունվել: Մինչ այժմ առաջարկված տեքստերը քննադատության էին արժանացել գիտնականների, կլիմայական հարցերով ակտիվիստների և կլիմայի փոփոխության հիմնական բեռը կրող երկրների կողմից, քանի որ այդ տեքստերում չկար որևէ հանձնառություն հանածո-վառելիքից աստիճանաբար հրաժարվելու կամ դրա կիրառումն աստիճանաբար նվազեցնելու մասին։
Առաջին տեքստի նախագիծը, որը մերժվեց երեքշաբթի, առաջարկում էր, որ երկրները «կարող են» նվազեցնել հանածո-վառելիքի օգտագործումը և արտադրությունը:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, Climate Analytics-ի գործադիր տնօրեն Բիլ Հեյրը համաձայնագրի երկրորդ նախագիծն անվանել է որպես «նավթ և գազ արդյունահանող երկրների և հանածո-վառելիք արտահանողների գլխավոր հաղթանակ»:
«Թույլ մի՛ տվեք, որ թմրամիջոցներ վաճառողները ղեկավարեն թմրամիջոցներից հրաժարվելու նախաձեռնությունը»,- գրել է Պոտսդամի կլիմայի ազդեցության հետազոտությունների ինստիտուտի Երկրի համակարգերի վերլուծության բաժնի ղեկավար պրոֆեսոր Ստեֆան Ռահմսդորֆը՝ միաժամանակ կոչ անելով փոխել համաձայնագրերի ընդունման կարգը, որպեսզի դրանք ընդունվեն ոչ թե ամբողջական կոնսենսուսի, այլ ճնշող մեծամասնության համաձայնության դեպքում։
Կանաչ էներգիա Լեռնային Ղարաբաղում և ցույցերի ճնշում
Շաբաթ Դուբայում կայացած COP28-ի ժամանակ իր ելույթում Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Մուխթար Բաբաևն ասել է, որ Ադրբեջանը «լիովին հավատարիմ է նպաստելու գլոբալ ջանքերին»՝ ուղղված կլիմայի փոփոխությունը մեղմելուն։
Նա հավելել է, որ Ադրբեջանը նպատակադրվել է մինչև 2030-ը վերականգնվող աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը հասցնել 30%-ի։
Բաբաևը նաև նշել է, որ մինչև 2050-ը Ադրբեջանը «ածխածնային չեզոք գոտի» կդարձնի «ազատագրված տարածքները»՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղն ու շրջակա տարածքները։
Նա բացատրել է, որ դա կարվի կայուն գյուղատնտեսության, էկոլոգիապես մաքուր տրանսպորտի, խելացի քաղաքների, խելացի գյուղերի և անտառների վերականգնման միջոցով:
Ադրբեջանը վերջին մեկ տարում բարդ հարաբերություններ է ունեցել բնապահպան ցուցարարների հետ։
2022-ի դեկտեմբերից սկսած՝ կառավարության աջակցությունն ստացող ինքնակոչ բնապահպան ցուցարարները փակեցին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, որը փակ մնաց ինը ամիս։ Ադրբեջանական բնապահպանական մի քանի անկախ կազմակերպություններ հերքել են իրենց առնչությունը ցույցերին:
Այնուամենայնիվ, հանքարդյունաբերական ընկերությունների կողմից Ադրբեջանում լճերի աղտոտվածության դեմ հունիսին անցկացված բողոքի ակցիաները դաժանորեն ճնշվեցին, ցուցարարները ծեծի ենթարկվեցին և ձերբակալվեցին, լրագրողներին արգելվեց լուսաբանել ցույցերը, իսկ դրանից հետո գրեթե վեց ամիս ոստիկանությունը շրջափակման մեջ պահեց Սոյուդլու գյուղը:
Թեև Ադրբեջանում ցուցարարների ձերբակալությունները սովորական են, վերջին ամիսներին առնվազն վեց անկախ լրագրողներ են ձերբակալվել, ընդորում՝ շատերը զգուշացնում են, որ դրանք բռնաճնշումներ են անկախ լրատվամիջոցների նկատմամբ։
Ժալա Բայրամովան, որն իրավապաշտպան է և կալանավորված քաղաքական գործիչ ու տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի դուստրը, OC Media-ին ասել է, որ «անհիմն» են Ադրբեջանի կառավարության պնդումները թե՛ կլիմայի փոփոխության դեմ պայքարի, թե՛ մարդու իրավունքների պաշտպանության հարցում իրենց ջանքերի վերաբերյալ։
«Երբ դիտարկում ենք քաղբանտարկյալներին և անմարդկային պայմանները, որոնցում նրանք պահվում են, շատ ակնհայտ է, որ Ադրբեջանի պնդումներն ապակողմնորոշիչ են,- ասել է Բայրամովան,- Հայրս հանդես էր գալիս ի պաշտպանություն նավթի, գազի և հանքային պաշարների բաց և հաշվետու կառավարման: Դրա համար նա կորցրեց աշխատանքը Տնտեսագիտական պետական համալսարանում»։
Բայրամովան հավելել է, որ Ադրբեջանը «որևէ մեկին նույնիսկ թույլ չի տալիս վերահսկել կլիմայի փոփոխությունը», կամ նավթի, գազի և օգտակար հանածոների արդյունահանման հետևանքները։
«Դա դրսևորվում է Նազիմ Բեդերբեյլիի նման բնապահպանների կալանավորմամբ, մարդկանց սպառնալով, որ կկորցնեն իրենց աշխատանքը, ինչպես եղավ հորս դեպքում, ինչպես նաև սահմանափակումներով այն մարդկանց նկատմամբ, որոնք վերահսկում և նկարահանում են նավթի և գազի հորատումները»,- ասել է Բայրամովան: Նա հավելել է, որ կառավարությունը վերջերս ճնշումներ է գործադրել քաղաքացիական հասարակության և լրագրողների նկատմամբ, «որպեսզի իրենց կեղծ և անաչառ պնդումները հնարավոր չլինի հերքել»։
Civilnet











