Գլխավոր Լրահոս

Տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը «շատ մոտ է»․ Թուրքիայի արտգործնախարար

Տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը «շատ մոտ է»․ Թուրքիայի արտգործնախարար

Տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը շատ մոտ է, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ 

Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ դեկտեմբերի 14-ի համատեղ ասուլիսին Ֆիդանն ասել է, որ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կբարելավվեն այն բանից հետո, երբ կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը։ Մենք շատ մոտ ենք տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Կշարունակենք սերտ շփումներն Ադրբեջանի հետ այդ ուղղությամբ»,- ասել է Ֆիդանը։

Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրից հետո տարածաշրջանում պետք է սկսվի «բարգավաճման և զարգացման շրջան»։

«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում այլևս տեղ չկա պատերազմի, հակամարտության համար։ Եթե Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, անմիջապես կկարգավորվեն Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ։ Մենք պաշտպանում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ քննարկումները, այդ ոլորտում պատրաստ ենք կատարել մեր առջև դրված ցանկացած խնդիր: Մենք դեմ ենք որոշ երկրների ոչ ճիշտ մոտեցումներին»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ հայտարարել է, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար պատմական հնարավորություն է ստեղծվել։

«(Հաքան Ֆիդանի հետ – խմբ․) բանակցությունների ընթացքում ներկայացրել եմ ադրբեջանական կողմի տեսակետը Հայաստանի հերթական մեկնաբանությունների (խաղաղության պայամանգրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի 6-րդ առաջարկի – խմբ․) վերաբերյալ։ Առաջիկայում կներկայացվի Ադրբեջանի դիրքորոշումն այդ կապակցությամբ»,- ասել է նա։

Բայրամովը նաև կարծիք է հայտնել, թե բանակցություններին Թուրքիայի մասնակցությունը ձեռնտու կլինի Հայաստանին․ «Որպես տարածաշրջանի երկիր՝ Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատմանը։ Եթե Հայաստանը հետևի այդ տրամաբանությանը, ապա նրա համար ձեռնտու կլիներ Թուրքիային տեսնել բանակցությունների սեղանի շուրջ։ Այժմ որոշումը Հայաստանն է։ Վերջին շրջանում Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»։

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Բաքուն մերժում է Հայաստանի հետ սահմանից զորքերը հայելային ետ քաշելու՝ Երևանի առաջարկ, ինչի մասին խոսել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Կարճ կպատասխանեմ՝ ես համաձայն չեմ Հայաստանի արտգործնախարարի հետ։ Հայ-ադրբեջանական սահմանը դելիմիտացված չէ, դա բավականին բարդ հարց է։ Եթե զորքերը հետ քաշվեն՝ առանց ամբողջական համաձայնության, ո՞վ կարող է երաշխավորել, որ կողմերից մեկը կրկին դիրքեր չի գրավի»,- արձագանքել է Բայրամովը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում