Նախնական տվյալներով ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով, հայտնում է Քննչական կոմիտեն։
«2024-ի հունվարի 9-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է նշված զորամասի ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ հրազենային վիրավորումով։ Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը մահացու վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով»,- ասված է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։
Ավելի վաղ՝ հունվարի 9-ին, պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ժամը 11:30-ին զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Նույն օրը ՊՆ-ն հայտնել էր մեկ այլ զինծառայողի մահվան մասին։ Մասնավորապես, ժամը 06:20-ի սահմաններում մարտական դիրքում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ նախնական տվյալներով հրազենային վիրավորումը հասցրել է մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողը, նա ձերբակալվել է։ Կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, պայմանագրայինի մահվան մասին տեղեկությունը ստացվել է ՊՆ ռազմական ոստիկանության Վարդենիսի բաժնից։
Civilnet











