Գլխավոր Լրահոս

Կցանկանայինք Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկել օրակարգի բոլոր հարցերը․ Օ’Բրայեն

Կցանկանայինք Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկել օրակարգի բոլոր հարցերը․ Օ’Բրայեն

ԱՄՆ-ն աջակցում է խաղաղության համաձայնագրին, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը, հունվարի 11-ին հեռավար ճեպազրույցում հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։

«Մենք շատ ոգևորված ենք, որ նրանք շարունակում են երկկողմ հագեցած օրակարգ ունենալ և լուծել այն խնդիրները, որոնք կան նրանց միջև: Դեռ աշխատանք կա անելու, և մենք պատրաստ ենք աջակցել՝ ինչով կարող ենք։ Մենք երկու երկրի հետ էլ լիարժեք հարաբերություններ ունենք՝ տնտեսական, անվտանգային և քաղաքական կապեր և շատ կուզեինք, որ երկուսն էլ օգուտներ քաղեին խաղաղության համաձայնությունից։ Կարծում եմ՝ սա ևս մեկ հիանալի հնարավորություն է երկու կառավարությունների համար՝ ավելին անելու հանուն իրենց ժողովրդների»,- ասել է նա։

Օ’Բրայենը Հայաստանում բարեփոխումների օրակարգը շատ տպավորիչ է համարել։ Խոսելով Ադրբեջանի մասին՝ նա ասել է, որ այդ երկիրը ցանկանում է ներդրում ունենալ տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցում։ ԱՄՆ պետքարտուղարի օգնականն ընդգծել է, որ խաղաղության համաձայնությունը կնպաստի այդ պլանների իրականացմանը։

«Այժմ մենք կցանկանայինք հնարավորություն ունենալ երկու երկրների հետ քննարկելու  օրակարգային բոլոր հարցերը՝ սկսած կալանքի տակ գտնվող որոշ մարդկանց հետ կապված մեր մտահոգություններից մինչև երկկողմանի հարցեր»,- նշել է Ջեյմս Օ’Բրայենը։

***

Բաքուն հրաժարվել էր նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցել։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ արված հայտարարություններին, հայտարարել էր․ «Ջեյմս Օ’Բրայենի միակողմանի և կողմնակալ մեկնաբանությունները անհիմն և անընդունելի են։ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ նա կորցնի միջնորդի իր դերը: Այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»։

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-ին Բաքվում «դրական ու կառուցողական» հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո Օ՛Բրայենը X-ի իր միկրոբլոգում գրել էր․ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուսով է, որ առաջիկայում Վաշինգտոնում կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու համար»։

Հունվարի 8-ին Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոն այցելել էր Երևան, հանդիպել անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նախատեսված էր, որ Բոնոն նաև պետք է հանդիպումներ ունենա Բաքվում, սակայն այցը չկայացավ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում