Գլխավոր Լրահոս

Մարտունու շրջան․ մարտեր Ամարասի ուղղությամբ՝ վանքից մինչև Լուսնյակ

Մարտունու շրջան․ մարտեր Ամարասի ուղղությամբ՝ վանքից մինչև Լուսնյակ

Հայկ Ղազարյան 

Ամարասի 4-րդ դարի վանքը Արցախի Մարտունու շրջանի Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում է: Հենց այս տեղանքն է 2023-ի սեպտեմբերի 19-ին և 20-ին ռազմական ակտիվ գործողությունների վայր դարձել։ Սա 3-րդ բրիգադի (Մարտունու բրիգադի) պատասխանատվության գոտին է։ Մեր զրուցակիցները Լուսավորիչ սարն անվանում են Լուսնյակ։ Լուսնյակի վրա էր բրիգադի Դ-30-ի մարտկոցի հրամանատարական դիտակետը (ՀԴԿ) և ՀՕՊ կառավարման կետը: Այս հոդվածում ՍիվիլՆեթը ներկայացնում է Լուսնյակի պաշտպանությունը և դրան նախորդած դեպքերը։

Ամարասի կորուստը և №324 մարտական դիրքի դրաման 

№324 մարտական դիրքը Ամարասից մեկ կմ հեռավորության վրա է, №323-ը՝ 2,5։ Նախքան առաջին վաշտի հրամանատարական դիտակետին (ՀԴԿ) հասնելը, ադրբեջանցիները գրավել են №324 դիրքը։ Առաջին վաշտի հրամանատարի տեղակալ Սուրեն Հովսեփյանը պատմում է, որ դիրքի անձնակազմից երկու հոգի՝ Կարեն Բալայանը և Արթուր (Ռոման) Կիրակոսյանը, զոհվել են։ Կարեն Բալայանը իրեն նռնակով է պայթեցրել։ Մեկ հոգի էլ՝ Թաթուլ Խաչատրյանը, երկար ժամանակ անհետ կորած էր համարվում։

Կարեն Բալայանը
Արթուր (Ռոման) Կիրակոսյանը (ձախից)

Թաթուլ Խաչատրյանը մեզ պատմեց, որ մերձամարտի ժամանակ հակառակորդի նետած նռնակը վիրավորել է ձեռքը, ոտքն ու մեջքը։ Նման ծանր վիճակում Թաթուլը տասը կիլոմետր ճանապարհ հաղթահարելով 14 օրում հասել է խաղաղապահներին։ Ռուսները նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել և վիրահատել։ Պայմանավորվածության արդյունքում նրան Հակարիի կամուրջ են հասցրել ադրբեջանական շտապօգնության մեքենայով։

Փրկված Թաթուլ Խաչատրյանը խաղաղապահների մոտ՝ վիրահատությունից առաջ

Դիրքում այդ օրը վիրավորվեց նաև Կարեն Թամազյանը՝ նռնականետի հաշվարկից:

Գումարտակի հրամանատար Արթուր Հակոբյանը ասում է, որ թեև հակառակորդը մխրճվել էր №324 մարտական դիրք, բայց անձնակազմի ինքնազոհության շնորհիվ հաջողվել է ժամանակ շահել․ «ժամանակ ենք ունեցել վերախմբավորում անելու, երկրորդ խրամատին տանենք մարդ նստեցնենք և հակառակորդին կասեցնենք»։ 

Թաթուլն ասում է, դիրքը կորցրել ենք ժամը մոտ 14:30-15:00-ին։

Երեք գրոհ №323 մարտական դիրքի վրա

№323 դիրքի ավագ Բորիս Մուսայելյանը ասում է, որ իրենց դիրքի մասին էլ էին ասում, որ այն կորցրել են 15։00-15։30, մինչդեռ ինքը գնդակից վիրավորվել է ժամը 17։30-18։00, և մինչև 19։00 դիրքում մարդ է եղել։ 

Թաթուլ Խաչատրյանը վաշտակից Բորիս Մուսայելյանի հետ։

Դիրքի ավագը պատմում է, թե ինչպես է սկսվել պատերազմը իրենց դիրքի համար։ ժամը մեկին հինգ պակաս վաշտի հրամանատար Սոս Ղուկասյանը կապվել ու ասել է, որ  առանց շտապելու բարձրացեք խրամատ․ «Բարձրանում ենք, ես էլ գնդացրորդին օգնում եմ, վերջին մարդն եմ եղել։ Առաջին արկը դիտակետի վրա է ծափ  տալիս։ Սկսում է հրետանին մեզ վրա աշխատել։ Նռնականետորդը՝ Սարգսյան Վահագը, վիրավորվում է, բեկոր չի կպնում, բայց կոնտուզիա է ստանում, ալիքն է շպրտում պատով տալիս»։

323 մարտական դիրքի ավագն ասում է, որ վաշտի հրամանատարը 40 րոպե անց իրեն զանգել է ու ասել, որ հարևան 324 դիրքը էլ մերը չէ և որ այդ ուղղությամբ զգոն լինեն։   

323-ում մնում են ութ հոգի, շուտով Մաճկալաշեն գյուղից դիրք է շտապում Նվեր Գաբրիելյանը։ Նա այլ ստորաբաժանման զինծառայող էր և պատերազմից առաջ հանգստի մեջ էր։ 

Երբ հրետանին լռում է, դիրքի ուղղությամբ 13։40-ի մոտ հակառակորդի առաջին գրոհային խումբն է մոտենում։ Երկու անգամ հաջողվում է հետ մղել նրանց, երրորդ փորձից թափանցում են։ Մուսայելյանը պատմում է, որ վաշտի հրամանատարի հետ է եղել կապի մեջ, որը հայտնում էր մոտենալու մասին։ Փամփուշտներն էլ սպառվում էին։  

323-ից 200 մետր հեռավորության վրա գտնվող խրամատում ԱԱԾ-ի տղերքն էին ու Մաճկալաշենի բնակիչները։

«Կանչում եմ, որ մտել են խրամատ, եկեք օգնեք, էլ տարբերակ չկա, ու բարձրանում խրամատի գլուխը»,- պատմում է նա։ 

Հենց այդտեղ էլ նա գնդակից վիրավորվում է։ Կողքի խրամատից օգնության են գալիս չորս հոգի։   

Մուսայելյանին տեղափոխում են հոսպիտալ։ Մնացած դրվագների մասին նա մեզ վերապատմում է, քանի որ արդեն ականատես չէր։ 

Նրանից հետո ևս չորս հոգի վիրավորվում է, զոհվում է Մաճկալաշենից օգնության շտապած Նվեր Գաբրիելյանը։ 

Ըստ դիրքի ավագի՝  Աշոտ Անտոնյանն էլ խրամատից դուրս է զոհվել, բայց թե ինչ պայմաններում, մինչև հիմա հարցական է։

Նվեր Գաբրիելյան։ Լուսանկարը՝ «Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից։

Մուսայելյանը ասում է, որ որոշ բաներ պիտի ճշտի։ Կարծում է, որ հայկական հրետանին մի պահ է աշխատել 324-ի ուղղությամբ, քանի որ համարում էին, որ այն արդեն գրավել են։  

«Բլինդաժում մարդ չկար, երևի IP-ի վրա [գումարտակի հրամկազմից] էնքան զանգել են, պատասխանող չկար։ Դրա համար էլ ասել են, որ մեր հրետանին աշխատի»,- ասում է նա։

Ըստ Բորիսի՝ մինչև ժամը 19:00-ն 323-ում մարդ կար և նրանք կապ են տվել հրամանատարությանը ու ասել, որ երեք հոգի են մնացել․ «Ի՞նչ եք անում, մա՞րդ եք ուղարկում։ Եթե մարդ չեք ուղարկում, դուրս ենք գալիս։ Այդ երեք հոգին էլ է իջնում դեպի Մաճկալաշեն»։ Նրա տեղեկություններով՝ ադրբեջանցիները դիրք են մտել արդեն հաջորդ օրը։  

Բարձունքը, որի վրա տեղակայված էր 323 դիրքը, տեղացիները Փուլուր խութ են անվանում։ 

Զոհվում է օգնության մեկնած 1-ին վաշտի հրամանատարը

Առաջին վաշտի սանհրահանգիչ Արուս Վարդանյանը, որն այդ ժամանակ վաշտի հրամանատարական դիտակետում էր, պատմում է, որ պատերազմը սկսվելուց հետո իրենց հրամանատար Սոս Ղուկասյանը կապ էր տվել իր դիրքի ավագներին, նրանք էլ ասել են, որ տեղում են, նորմալ է, խնդիր չկա։ Հետո վաշտի հրամանատարը չի կարողացել կապվել դասակի հրամանատար, 324 հենակետի պատասխանատու Արտյոմի (Տյոմա) հետ։ 

«Սոսը ասաց խրամատում մնա, խրամատից դուրս չգաս, նորմալ է, լավ է, ես երթամ շուտ, տեսնեմ Տյոմին ինչ է եղել, կկարգավորեմ՝ հետ կգամ։ Ասացի՝ շո՞ւտ կգաս, ասաց՝ հա, մի 20 րոպեից հետ կգամ»,- պատմում է Արուսը։ 

Բուժքույրն ասում է, որ հետո ռացիայով լսեց, որ Սոսի հարցը լուրջ է, շտապօգնություն են կանչում։

Սոսի տեղակալ Սուրեն Հովսեփյանը  պատմում է, որ հրամանատարը իջել էր 324-ի անձակազմին օգնության, ուզում էին 324-ը երրորդ վաշտի և հետախուզության հետ վերցնել․ «Մինչև 24 [324] հասնելը, երկրորդ սնարյադից զոհվում է»։ 

Նաև 323-ի դիրքի ավագ Բորիս Մուսայելյանի պատմածից հասկանում ենք, որ վաշտի հրամանատարը կապի մեջ է իր հետ և կոչ էր անում դիմանալ, քանի որ պիտի գային օգնության։

Արուս Վարդանյանը շատ ծանր է տանում հրամանատարի կորուստը։ 

«44-օրյայի ժամանակ էլ եմ առաջին գծում եղել՝ Մարտակերտում, բայց էս պատերազմը, չգիտեմ, ուրիշ ձև է ինձ ազդել, որովհետև տասը ամիս շրջափակման մեջ ենք եղել, ասենք, մեր վաշտի տղերքն են կողքս եղել ամբողջ ժամանակ, սաղ ախպեր են եղել, ուրիշ ձև էր»,- ասում է նա։

Սոս Ղուկասյան, Առաջին վաշտի հրամանատար։ Լուսանկարը՝ «Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից։

Հարձակում Առաջին վաշտի ՀԴԿ-ի վրա և նահանջ դեպի Լուսնյակ

Պատերազմն սկսվելուն պես հրետակոծության է ենթարկվել նաև Առաջին վաշտի ՀԴԿ-ն։ Վաշտի հրամանատարի զոհվելուց հետո ՀԴԿ-ում մնացել էին վաշտի հրամանատարի տեղակալ Սուրեն Հովսեփյանը, վաշտի սանհրահանգիչ Արուս Վարդանյանը, կապավոր Մուսայելյանը, հետախուզության ծառայող Սամվել Թովմասյանը (զոհվել է «Լուսնյակ» բարձունքում), վաշտի վարորդ Վարդանը և Մաճկալաշեն գյուղից Արմեն Հարությունյանը (այդ օրը գյուղի նախիրը արոտ տանելու իր հերթն էր)։

Վաշտի բուժքույրը պատմում է, որ ժամը վեցի կողմերը մի տասը րոպեով հանդարտվեց իրավիճակը։ Նրանք գիտեին, որ երրորդ վաշտի տղերքը եկել են իրենց օգնության և հենց բարձունքի տակ են։ 

«Մեկ էլ նայենք՝ մեր տղերքը մի 20-25 րոպե հանգիստ, խոսելով, կարծես, իրար ջան-ղուրբան ասելով, վերև կհելնեն մեր սարի դոշով։ Վաշտի հրամանատարի տեղակալը ինձ դիմեց ու ասաց՝ մեր տղերքը գժվել են: Մի 20-25 մետր էր մնում մեզ հասնելու, մեկ էլ սկսեցին ռացիայով խոսել՝ թուրքերեն։ Սուրոն ասաց՝ սրանք թուրք են, ու այդ պահին ասաց՝ ելեք Կամազ»,- պատմում է Արուս Վարդանյանը։  

«Մի չորս մագազին կրակում եմ, կատարում ենք հետնահանջ՝ մեքենայի բորտը բացած, կապավորը և Սամվելը մեր թիկունքը ապահովելով։ Ես էլ լուսամուտը իջեցրի, նայում էի, որ դիմացից չհելնեն։ Այդպես շարժվել ենք դեպի Լուսնյակ։ Լուսնյակում արդեն վարել ենք պաշտպանողական մարտեր»,- լրացնում է Սուրենը։ 

Այդ 7 հոգանոց անձակազմը ուղևորվեց դեպի Լուսնյակ (Լուսավորիչ) սար, որտեղ տեղակայված է բրիգադի հրետանային դիվիզիոնի երկրորդ մարտկոցի հրամանատարական դիտակետը և բրիգադի ՀՕՊ կառավարման կետը:

Ամարասի ուղղություն․ 2023-ի շփման գիծը՝ պատերազմից առաջ

Ինչո՞ւ առաջին վաշտի ՀԴԿ-ի անձնակազմը տեղափոխվեց Լուսնյակ։ Արուսն ասում է, որ երբ վարորդը հարցրեց, թե ուր գնանք, Սուրենը ասաց՝ քշիր Լուսնյակ, գումարտակի հրամանատարը երևի այնտեղ է։

«Քշեցինք Լուսնյակ, այդ պահին ռացիա չունեինք, էն ժամանակ երբ Սուրոն խառնված կրակեց, ինքն էլ չհասկացավ՝ ռացիան խրամատում էր թողել կամ էլ ճամփին ընկավ։ ՀՕՊ-ի տղերքն էին վերևը, Լուսնյակի վրա։ Ասաց՝ տղերք, չեմ կարողասնում մեր կամբատի հետ կապ տալ, կապվել, տեսնենք ուր ենք և ինչ անենք։ Ասացի՝ Սուրո, արի գնանք Սոս գյուղ, կամբատը այնտեղ է։ Ասաց՝ չէ, կապվենք մի հատ կամբատի հետ։ Կամբատի հետ կապվեց, նա ասաց՝ մնացեք այդտեղ»,- պատմում է բուժքույրը։

Լուսնյակ

Պատերազմը սկսվելուն պես հրետակոծվում էր նաև Լուսնյակը։ Հրետանային մարտկոցի հրամանատար Արա Ավանեսյանը կիրառման շրջան էր տեղափոխվում՝ Լուսնյակ, երբ սկսվեց պատերազմը։ ՀԴԿ չհասած՝ նա նշանակետեր է փոխանցում իր մարտկոցին։ Նրանց նեղում էին հատկապես Խազազ սարից։ Երկու ժամ անց, երբ իրավիճակը փոքր ինչ հանդարտվեց, նա իր անձնակազմի հետ տեղափոխվեց հրամանատարական դիտակետ։  

Սոս գյուղը և Լուսավորչի սարը արևմուտքից, լուս. Ն. Երանյանի։ Սարի վրա է գտնվում սբ. Լուսավորիչ վանական համալիրը։

Նրա Դ-30-ի մարտկոցը տեղակայված էր Լուսնյակից մոտ 7 կմ հեռավորության վրա գտնվող Կոլխոզաշեն գյուղի մոտ։ 

Երեկոյան արդեն Լուսնյակում էին առաջին վաշտի ՀԴԿ-ի աձնակազմը և մաճկալաշենցի Արմեն Հարությունյանը, Լուսնյակի հրետանային ՀԴԿ-ի անձնակազմը, Լուսնյակի ՀՕՊ կառավարման կետի անձնակազմը և օգնության եկած առաջին գումարտակի հակատանկային դասակի ծառայողները, միասին՝ 19 մարդ։ 

Սեպտեմբերի 19-ին ժամը մոտ 19:00-20:00-ին Լուսնյակում առաջին զոհերն են արձանագրվում։ Զոհվում են ՀՕՊ-ի սպաներից մեկը՝ Վաչագան Դադալյանը, և առաջին վաշտի ՀԴԿ-ի անձնակազմին միացած մաճկալաշենցի կամավորական Արմեն Հարությունյանը։

ՀՕՊ սպա Վաչագան Դադալյան
Արմեն Հարությունյանը

Լուսանկարները՝ «Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից

Լինելով հրետանավոր՝ Ավանեսյանը փորձում է բացատրել, թե ինչքան ինտենսիվ է եղել հրետանային ներգործությունը իրենց վրա․ «Եթե ես մի մարտկոց ունեի, իրենք հինգ հատ դիվիզիոն ունեին, որը մեզ վրա աշխատում էր աջից, ձախից, մեջտեղից, կոնկրետ՝ Դրախտիկից (2020-ին օկուպացված գյուղ Հարդութի շրջանում), Խազազից,  [նախկին] «Մարտունի 2» զորամասից։ Գումարած դրան՝ ականանետ, ինչը ավելի սարսափելի էր, ուղիղ մեր խրամատի մեջ էր մտցնում»։ 

Լուսնյակի տեսքը Խազազից։ Կարմիրով՝ շփման գիծը։

Հարձակում Լուսնյակի վրա

Մարտկոցի հրամանատարը պատմում է, որ մինչև առավոտվա 4։30 տարբեր կրակային ճնշման են ենթարկվել, հակառակորդը կիրառել է Դ-30 հաուբից, Տ-12 («Ռապիրա») և այլ զինատեսակներ։ 

Իսկ լույսը բացվելուն պես հակատանկային դասակի վարորդ Վիտո Աբաղյան (Վիտալի Աբաղյանը հետագայում զոհվում է), որը այդ պահին դիտորդ էր, կանչում է Ավանեսյանին․ «Կամանդիր, երկու հոգի կա մեր առջևում՝ գլուխները փակած սպիտակ գլխարկներով»։   

«Ասում եմ՝ թուրք չեն լինի, հայ կլինեն, կանչեք։ Ո՞վ ես, ի՞նչ ես՝ ձեն չեն հանում։ Դիրքի մեջտեղից մի հոգի՝ դիտարկող Գաբրիելյան Գաբրիելը, ասում է, որ թուրքեր են, ձայնը լսել եմ նրանց։ Դե որ թուրքեր են, ասում եմ՝ անցնել շրջանաձև պաշտպանության»,- պատմում է Արա Ավանեսյանը։ 

Ըստ հրետանավորի՝ առաջին վաշտի կապավորը առաջին կրակոցով կպնում է հակառակորդին։ Այդ երկու հոգին դիրքից գտնվում էին 40-50 մետր հեռավորության վրա, իսկ դրանից ներքև՝ ևս երեք հոգի։ Բոլորին Լուսնյակի անձնակազմը ոչնչացնում է։  

Դրանից հետո մոտ 25 հոգի գրոհում են ՀԴԿ-ի ուղղությամբ։ Սկսվում է մերձամարտ։ Ըստ Արայի՝ այդ 25-ից մոտ 7-10 հոգու շարքից հանում են, իսկ մնացածը՝ նահանջում են։ 

Արան ասում է, որ հակառակորդը երևի կարծում էր, որ այդքան հրետակոծությունից հետո կա՛մ բոլորը փախել են, կա՛մ էլ զոհվել․ «Չէ՞ որ մի քանի անգամ շտապօգնութուն է եկել, և նրանք այդ ամենը տեսել են»։    

Չնայած մերձամարտը բարեհաջող է ավարտվում «Լուսնյակի» համար, հակառակորդի հրետանին շարունակում էր կյանքեր խլել։ 

«Արկը ուղիղ «կանտովկի» (հողաթումբ) վրա պայթեց, երկուսն էլ զոհվեցին։ Աղամալյան Սամվելը և Աբաղյան Վիտոն»,- պատմում է Ավանեսյանը։  Երկուսն էլ ծառայում էին հակատանկային դասակում և մոտ ընկերներ էին։

Սամվել Աղամալյան
Վիտալի Աբաղյան

Լուսանկարները՝ «Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից

Արա Ավանեսյանն ասում է, որ շտապօգնությունը տասը րոպե էլ չի քաշում, գալիս է։  Բուժքրոջը հազմոզում են, որ գնա շտապօգնության մեքենայի հետ։ 

«Ես չէի գնա, Սուրոյին ասացի՝ Էդ վերջին պահին մնացել ենք էսքան մարդ։ Ես լացեցի․․․ ասի՝ ի՞նչ կլինի, էս մի քանի հոգի ենք, ասի՝ իջեք։ Սուրոն ինձ նայեց՝ ասաց՝ հրաման չկա, չի լինում թողնեմ իջնեմ»,- պատմում է առաջին վաշտի բուժքույր Արուս Վարդանյանը։ 

Արան պատմում է, որ դրանից հետո ևս մեկ հոգի զոհվում և երկու հոգի վիրավորվում են՝ մեկը ծանր, մյուսը՝ թեթև․ «Մեկի անունը չգիտեմ, որ զոհվել է, ինքը Կարմիր Շուկայից հետախույզ էր [խոսքը Սամվել Թովմասյանի մասին է, որը ևս առաջին վաշտի ՀԴԿ-ի անձնակազմի հետ էր]։ Իր դեպքում էլ արկը խրամատի աջ կողմին է կպնում, ինքը զոհվում է, Գաբրիելյան Գաբրիելը վիրավորվում Է»։

Սամվել Թովմասյան։ Լուսանկարը՝ «Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից։

Մարտկոցի հրամանատարն ասում է, որ ոչ ոք միտք չուներ հետ գնալ, և հաջողվեց միահամուռ պաշտպանություն կազմակերպել․ «Բոլորն էլ ինձ լսել են, ճիշտ է, ես իրենց [բոլորի] հրամանատարը չէի, բայց էդ ժամանակ պոստում ավագը ես էի՝ թե՛ կոչումով, թե՛ պաշտոնով»։

Առաջին վաշտի հրամանատարի տեղակալ Սուրեն Հովսեփյանն ասում է, որ անձնակազմը ինքն ու Ավանեսյանն են ղեկավարել․ «Դե ես աձնակազմին ղեկավարել եմ, Արոն էլ իրենց հրետանավորներին ցելերը տվել է, որ հրետանավորները հարվածեն։ 

Այս երկու տեսանյութը արվել է Լուսնյակում պատերազմից հետո։ Նկարահանողը հրետանային դիվիզիոնի շտաբի պետ Կարեն Մանուկյանն է։ Արան Կարենին ասում է, որ այստեղ կարկուտ է թափվել, ինչին ի պատասխան Կարենն ասում է՝ տեսել ենք, մեզ մոտ էլ նման մի վիճակ էր։ Տեսանյութում երևում է նռնականետ և դիպուկահար հրացան, որը Լուսնյակ են բերել պատերազմից հետո։ Լուսնյակում տեղակայված զորքը մերձամարտի ժամանակ պաշտպանվել է ինքնաձիգերով։ 

Արա Ավանեսյանը դժվարանում է Լուսնյակի հատվածում հակառակորդի կորուստների մասին թիվ ասել․ «Պատերազմից հետո ընդհանուր երկու «Ուրալ» դիակ են հավաքել՝ հրետանու և մեր հասցրած վնասներից հետո»։

Հրետանին․ Դ-30-ի երկրորդ մարտկոցը 

Դ-30-ի երկրորդ մարտկոցի արձակված պարկուճները

Արա Ավանեսյանի մարտկոցը (չորս հաուբից) տեղակայված էր Կոլխոզաշեն գյուղի մոտ, որը Լուսնյակին աջակցող հիմնական հրետանին էր։ Մարտկոցի հետ էր գտնվում դիվիզիոնի շտաբի պետ Կարեն Մանուկյանը։ 

Հրետանային շտաբի պետը երկրորդ մարտկոցի հետո

Համարվում է, որ բրիգադի երեք մարտկոցներից ամենաշատ արկը կրակել է երկրորդ մարտկոցը։ Այն 300-ից ավելի արկ է արձակել։ Միգուցե և սա մեկօրյա պատերազմում ամենամեծ ցուցանիշն է մեկ մարտկոցի համար։ 

Դ-30 հրանոթի կրակված պարկուճները

Կարենին հարցնում ենք, թե որո՞նք են եղել ոչ պլանային ամենաշատ կրակված նշանակետերը։

«Մաճկալաշենի ուղղությամբ, Ղաջարի (Ջիվանի) ուղղությամբ նոր հրետանի են դրել՝ Խազազ բարձունքի մյուս կողմը. այնտեղ ինքնագնաց հրետանի էր։ Այնտեղից է շատ կրակ եղել, Դրախտիկից երկու դիվիզիոն էր աշխատում, Չանախչիի (Ավետարանոցի) կողմերից նաև»,- ասում է նա։  

Երկրորդ մարտկոցի կրակակետի վրա ևս ինտենսիվ հրետանային ներգործություն է եղել։ Բարեբախտաբար, այստեղ զոհեր ու վիրավորներ չեղան։ Ավանեսյանն իր զորքի մասին կատակով ասում է, որ անձնակազմը շելերը (թաքստոց) պաչպչել է, քանի որ դա է փրկել նրանց կյանքը։ 

Երկրորդ մարտկոցի աշխատանքը

Բրիգադի երրորդ մարտկոցը, որը տեղակայված էր Մարտունու Մսմնա գյուղի մոտ, աշխատել է Շուշի-Շոշ ուղղությամբ, կրակով ևս աջակցել է Լուսնյակին։ Երորրդ մարտկոցի չորս հրանոթից երկուսը շարքից դուրս է եկել,  երկու հրանոթով են աշխատել։ Իսկ բրիգադի առաջին մարտկոցը տեղակայված էր Գիշի գյուղում և աշխատում էր Մարտունի-Ճարտար ուղղությամբ:  

Արա Ավանեսյանն ասում է, որ հրետանու գրագետ աշխատանքի կազմակերպման մեջ շատերն են մեծ դեր խաղացել՝ և՛ դիվիզիոնի հրամանատար Վահրամ Դաշյանը, և՛ զորամասի հրետանու պետ Մհեր Ղուկասյանը։ 

«Կրակային խոցումներ է կազմակերպել, անընդհատ կապի մեղջ է եղել»,- ասում է Ավանեսյանը դիվիզիոնի հրամանատար Դաշյանի մասին: 

Բրիգադը նաև երկու հատ КС-19 զենիթային թնդանոթ ուներ (արտադրվել է 1948-ից մինչև 1955 год), որը պիտի գործածեր զորակոչված պահեստը։ Այդ տենխիկան այդպես էլ չի աշխատել։ 

Բրիգադի բարձրաստիճան սպաներից մեկն ասում է, որ  զորամասի հրետանային և մյուս ստորաբաժանումները պատերազմից առաջ մարտակարգում են գտնվել։ Թեև շրջափակման պատճառով բանակի սննդի ապահովության հարցում լուրջ խնդիրներ կային․ «Գոնե տներում քչից-շատից հաց կար»։ 

Աշխատում է երկրորդ մարտկոցի Դ-30 հաուբիցը (Կոլխոզաշենի մոտ)

Արդյունքում

Ադրբեջանական զինված ուժերը Ամարասի ուղղությամբ երկու մարտական դիրք են գրավել և շարժվել վաշտի հրամանատարական դիտակետի ուղղությամբ։ Այս ռազմագործողությունների ընթացքում հայկական կողմը չորս զոհ է տվել և ինը վիրավոր:  

Հաջորդիվ հայկական կողմը փորձել է հակառակորդին կանգնեցնել Լուսնյակ սարում։ Մեկ օրում ինտենսիվ կրակային ներգործության է ենթարկվել բարձունքը, որտեղ հայկական կողմից հինգ հոգի զոհվել է, երեքը՝ վիրավորվել, երկուսը՝ ծանր։ Լուսնյակի ուղղությամբ սեպտեմբերի 20-ի առավոտյան նաև հակառակորդի հետևակն է գրոհել, բայց այդպես էլ հաջողության չի հասել։ 

Այդ ընթացքում Լուսնյակին ակտիվ աջակցել է հայկական հրետանին, մասնավորապես՝ Կոլխոզաշենի մոտ տեղակայված Դ-30-ի մարտկոցը, որի հրամանատարը այդ պահին բարձունքում էր։ 

Ճանապարհների վերահսկողություն և մեկուսացում

Գումարտակի հրամանատար Արթուր Հակոբյանն ասում է, որ հակառակորդը Լուսնյակը գրավելու դեպքում կտիրանար միջհամայնքային ճանապարհին և 4-5 գյուղ միանգամից շրջափակման մեջ կմցտներ, Ճարտարից մինչև Կարմիր Շուկա շարժը լրիվ կարգելափակեր։  

Համարվում է, որ սեպտեմբերյան պատերազմի գրոհի հիմնական ուղղությունները եղել են ռազմավարական նշանակություն ունեցող ճամփաբաժանները։ Այդպիսով Ադրբեջանը Արցախի տարբեր հատվածներ մասնատեց ու մեկուսացրեց իրարից։

Մարտունին ևս ադրբեջանցիները մեկուսացրել են Արցախի մյուս շրջաններից։ Մարտունու բրիգադի բարձրաստիճան սպաներից մեկը բացատրում է, որ հակառակորդին հաջողվել է կտրել Ստեփանակերտ-Քռասնի-Հարավ-Ննգի-Մարտունի ճանապարհը։ Սրա մասին սեպտեմբերի 21-ին նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքներն էին հայտնել։ Ադրբեջանցիները նաև անցակետ էին տեղադրել այս նույն ճանապարհի վրա՝ Քռասնի գյուղի և Ստեփանակերտի Աջափնյակ (Մալիբեյլու) թաղամասի արանքում։ Պարզ չէ, թե կոնկրետ երբ են անցակետ տեղադրել այս հատվածում, բայց սեպտեմբերի 26-ին Մարտունու շրջանից տարհանվող բնակչությունը տեսել է այն։ Ինչպես հայտնի է, հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը շարունակում էին մոտենալ ճանապարհներին և ռազմավարական բարձունքներին։        

Պատերազմի ժամանակ նաև Մյուրիշեն-Ավդուռ գրունտային ճանապարհն են կտրել (այս հատվածում Մարտունու բրիգադը պաշտպանություն չէր իրակակացնում), այն Ստեփանակերտը կապում է Մարտունու Ավդուռ, Նոր Շեն, Հացի և Բերդաշեն գյուղերի հետ։ Մյուրիշենի ու Ավդուռի բնակիչներին տարհանել էին Եմիշճան գյուղ։  

Սեպտեմբերի 19-ին ադրբեցանցիները կտրել էին Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհը Մխիթարաշեն-Շոշ գյուղի մոտ, որտեղ պաշտպանություն էր իրականացնում Մարտունու բրիգադի ենթակայության տակ գտնվող աշխարհազորը։  

Մոտավորապես այս ճանապարհահատվածներում են Մարտունու շրջանը մեկուսացրել Ստեփանակերտից

Խաղաղապահները

Մարտունու բրիգադի պատասխանատվության գոտում ռուսները դիտակետեր ունեին վեց վայրում՝ Շոշի, Կարմիր Շուկայի, Թաղավարդի, Ճարտարի, Բերդաշենի (Каракенд) և Մարտունի քաղաքի մոտ։  

Պատկերը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքից։ Իրադրությունը խաղաղապահների գործողության տարածքում 2023 սեպտեմբերի 19-ին։ Կանաչ շրջանակների մեջ առված են խաղաղապահների դիտակետերը, որոնք գտնվում էին Մարտունու բրիգադի պատասխանատվության գոտում։

Զորամասի բաձրաստիճան սպան ասում է, որ խաղաղապահներին տեսել է պատերազմից հետո, իսկ պատերազմի ժամանակ նրանց չի նկատել․ «Ոչ մի շարժում չեն արել, պարզապես իրենց թաքստոցներում են եղել, սպասել են՝ տեսնեն, թե ինչով է ավարտվում»։ 

Խաղաղ բնակչությունը. Մաճկալաշեն և Սոս գյուղեր

Մաճկալաշենը առաջնագծից գտնվում է 1-2 կմ հեռավորության վրա։ Իսկ 324 մարտական դիրքից, որը ամենաշուտն է ընկել, մոտ 2 կմ հեռավորության վրա է։ 

Սեպտեմբերի 19-ին, ժամը մոտ 13:30-ին գյուղի երեխաներին տարել են թաքստոց։ 

«Խաղաղ ժամանակ պարապում էինք, այնտեղ հին թաղբանդ (կամարաձև կառուցված՝ ծածկված շինություն) կա, հրաhանգ կար, որ տանենք այնտեղ»,- ասում է Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։ 

Իսկ երբ 324 մարտական դիրքը գրավված էր, համայնքի ղեկավարը մտածել է, թե հակառակորդը կարող է գյուղ մտնել։ Քանի որ նրան զանգել են ու ասել, որ հակառակորդը 324-ը գրավել է ու իջել դեպի գյուղի թթենու այգիներ։ Ավանեսյանը լավ չի հիշում, բայց ասում է, որ դրա մասին իրեն տեղեկացրել են պատերազմը սկսվելուց 2-3 ժամ անց։ 

«Երեխոցը ոտքով մի երթուղի եմ ցույց տվել, դե բենզին-բան չկար, ես էլ առաջացել եմ դեպի 324»,- ասում է Ավանեսյանը։  

Մաճկալաշենցիները սկզբում Սոս են գնացել, հետո՝ Կոլխոզաշեն, Քարահունջ ու Գիշի։ Շատերը գնացել են իրենց բարեկամների մոտ։ 

Խաղաղ բնակիչներից անմիջապես գյուղի մեջ զոհվել է Գառնիկ Գաբրիելյանը։ Գրադի արկը ընկել էր իրենց տուն։ 

Գառնիկ Գաբրիելյանը։ Լուսանկարը՝ «Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից։

Մաճկալաշենը առաջնագծին էր մոտ, Սոս գյուղն էլ Լուսնյակ սարի տակ էր գտնվում։ Սոսի խաղաղ բնակչությունից մի հոգի՝ Համլետ Գասպարյանն է զոհվել, երկու հոգի էլ վիրավորվել են։ Սոս գյուղում 15 տուն է վնասվել։ 

Հունան Գրիգորյանն ասում է, որ այստեղից-այնտեղից մի կերպ վառելիք են գտել, որ տարհանումը կարողանան իրականացնել․ «Ամսի 19-ին, երբ սկսվել է, մի ժամ արկակոծություն է եղել, մեծ մասը Լուսնյակի վրա, շատ-շատ են կրակել։ Դե գյուղի մոտերին էլ են խփել։ Մի ժամից հետո գյուղի վրա են սկսել կրակել, էդ պահին հնարավոր չէր տարհանում իրականացնել, ահագին շատ տներ են վնասվել։  Տարհանումը արել եմ, երբ հրետակոծությունը կանգնել էր, արդեն ուշ ժամի, մթնելուց հետո՝ կին, երեխա, տարեց մարդիկ»։ 

Ամարասի ուղղությամբ առաջանալուց հետո Մաճկալաշենի բնակիչների մի մասը տեղափոխվել էր Սոս։ Նրանք բոլորը հիմնականում շարժվել են դեպի Կոլխոզաշեն, իսկ ով բարեկամ է ունեցել Քերթում, գնացել են Քերթ։ 

Կարդացեք նաև՝ N32 մարտական դիրքի կռիվը Մարտունու պաշտպանության համար

Ինչպես նաև՝ Հետկապիտուլյացիոն բախումը Ստեփանակերտի «Պառալելնի» և Կրկժան թաղամասերում

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում