Գլխավոր Լրահոս

Ադրբեջանն ականային քարտեզները տրամադրելու Հայաստանի քայլը չի գնահատում «վստահության կառուցման գործիք»

Ադրբեջանն ականային քարտեզները տրամադրելու Հայաստանի քայլը չի գնահատում «վստահության կառուցման գործիք»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ի գիտություն է ընդունել ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման վերաբերյալ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը։ Ըստ այդ երկրի ԱԳՆ-ի՝ հայկական կողմի քայլը «չի կարելի գնահատել որպես վստահության կառուցման գործիք», և որ Հայաստանի «մտադրությունը չի նպաստում հումանիտար գործընթացին»։

«Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը կտրամադրի ականապատված բոլոր տարածքների ճշգրիտ քարտեզները։ Պետք է նաև անհետաձգելի միջոցներ ձեռնարկվեն Հայաստանի կողմից վերջին 30 տարում անհետ կորած շուրջ 4 000 ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև ադրբեջանցիների զանգվածային թաղման վայրերի մասին տեղեկատվություն տրամադրելու նպատակով»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Ադրբեջանական կողմը նշում է, որ 2020-ի պատերազմի ավարտից մինչև օրս ականի պայթյունից տուժել է 342 քաղաքացի ադրբեջանցի։ Նրանցից որոնցից 65-ը զոհվել են, այդ թվում ՝ 3 լրագրող, իսկ 65 զոհերից 50-ը քաղաքացիական անձինք են եղել։

«2020-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ականապատ դաշտերի փոքրաթիվ քարտեզների հավաստիությունը կազմել է ընդամենը 25%: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ քարտեզներն անօգուտ են և թերի, չեն արտացոլում իրական իրավիճակը։ Թեև այդ քարտեզներում նշված է, թե տեղադրված է 400 հազար ական, իրականում ականների քանակը գերազանցում է 1 միլիոնը»,- նշված է հաղորդագրությունում։

Հունվարի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ «ԱԱԾ-ն վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ: Այդ տեղեկամատյաններն առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների»։

ԱԱԾ-ն հայտնել է, որ 2021-ին մի քանի անգամ առանց նախապայմանների հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ․ «Հայաստանի ներկայացուցիչները հրապարակային և աշխատանքային մակարդակներում բազմիցս հայտարարել են, որ ՀՀ տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան: Իսկ փոխանցված քարտեզները ձեռքբերված են եղել ԼՂ զինծառայողների միջոցով»։

Աղդամի շրջանում ականի պայթյունի հետևանքով մեկ ադրբեջանցի վիրավորվել էր հինգ օր առաջ՝  հունվարի 21-ին։ Դեպքից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով միջազգային հանրությանը «պարտադրել Երևանին հանձնել ականապատ դաշտերի քարտեզները»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում