Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Համացանցում տարածվել է տեղեկություն, թե Ռուսաստանում կարելի է տաքսի վարել և այլ աշխատանքային կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել Հայաստանում տրված միջազգային վարորդական իրավունքով։
Տեղեկությունը տարածվել է հայաստանյան ABC Media-ի եթերում, որում հաղորդավարը պնդել է, թե ՌԴ-ում ՀՀ քաղաքացիները կարող են աշխատանքային գործունեություն իրականացնել, եթե ունեն միջազգային վարորդական իրավունք։
«Ձեր գրպանում ունեցեք ոչ թե հայկական [ազգային - խմբ.], այլ միջազգային վարորդական վկայական և ոչ մի խնդիր չեք ունենա»,- ասել է հաղորդավարը։
#CivilNetCheck-ն իր ընթերցողների խնդրանքով ստուգել է այս տեղեկությունը։
Առկա իրավիճակը
Ռուսաստանում օտարերկրյա վարորդական իրավունքով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելու արգելքը գործում է դեռ 2017-ի հուլիսից։ Արգելքը չի վերաբերում անձնական նպատակներով մեքենա վարելուն։
Այսինքն՝ ՌԴ-ում տաքսի վարել կամ վարորդական այլ աշխատանք իրականացնել կարելի է միայն ՌԴ վարորդական վկայականով։ Բացառություն են ԵԱՏՄ անդամ այն երկրների վկայականները, որտեղ ռուսաց լեզվին տրված է պետական լեզվի կարգավիճակ. այդպիսիք են Ղրղզստանը, Ղազախստանը և Բելառուսը։
Օրենքի ընդունումից հետո Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ հայաստանցի վարորդները Ռուսաստանում խնդիրներ կունենան այնքան ժամանակ, քանի դեռ ռուսերենը Հայաստանում չունի պաշտոնական կարգավիճակ:
Շուրջ երկու տարի անց՝ 2019-ի դեկտեմբերին, ՀՀ Ազգային ժողովը օրենսդրական փոփոխությամբ նույնանման արգելք սահմանեց, ըստ որի՝ Հայաստանում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնել կարելի է միայն ՀՀ վարորդական իրավունքով։ Արգելքը չի կիրառվում միայն ԵԱՏՄ անդամ այն երկրների քաղաքացիների նկատմամբ, որտեղ ընդունվում են ՀՀ վարորդական վկայականները։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության մասի ապահովման մասին» ՀՀ օրենք
2022-ի հունիսին Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծ, որով ճանաչում էր Հայաստանի վարորդական վկայականները՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն ծավալելու համար։ Սակայն արդեն 2023-ի հոկտեմբերին՝ Հայաստանի իշխանությունների հետ քաղաքական լարվածության ֆոնին, Պետդուման անժամկետ հետաձգեց օրինագծի ամբողջական ընդունումը։
ՌԴ-ի հետ վարորդականների փոխճանաչման բանակցությունները շարունակվում են
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ վարորդականների ճանաչման հարցը ներկայում գտնվում է «երկկողմ հարաբերությունների քննարկման օրակարգում»։

Այսպիսով, տարածված պնդումը, թե ներկայում Հայաստանում տրված միջազգային վարորդական վկայականով Ռուսաստանում կարելի է տաքսի վարել կամ այլ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել, կեղծ է։
Civilnet
CivilNetCheck











