Իտալական Fiat ավտոկոնցեռնը դիտարկում է Opel ավտոարտադրողի բրենդի ձեռքբերման հնարավորությունը։ Ամերիկյան General Motors-ին (GM) ուղղված համապատասխան առաջարկը նախապատրաստման փուլում է: Fiat-ի գլխավոր տնօրեն Սերժիո Մարկիոնեն մտադիր է վնասաբեր ակտիվը գնել չնչին գումարով։
Մարկիոնեն, ըստ իտալական լրատվամիջոցների, մտադիր է Opel-ի դիմաց չնչին գումար առաջարկել՝ համեմատ Chrysler-ի գործարքի։ Իտալական ավտոարտադրողը Chrysler-ում մասնաբաժին ձեռք բերեց դեռ 2009թ.՝ ամերիկացիներին առաջարկելով կոմպակտ ավտոմեքենաների արտադրության սեփական տեխնոլոգիաներն ու իր փորձագետների խորհրդատվությունը։ Որոշ ժամանակ անց Fiat-ին անցավ Chrysler-ի վերահսկիչ փաթեթը։ Ներկայում այն ընդգրկված է իտալական ավտոարտադրողի կառուցվածքում:
Անցած ամիս Մարկիոնեն հայտարարել է, որ եվրոպական ավտոարտադրողները դժվարությունները հաղթահարելու համար պետք է համախմբվեն: «Մենք՝ բոլորս ենք պատասխանատու ոլորտը ճգնաժամից դուրս բերելու համար»,- ասել է Մարկիոնեն: Նա, ի դեպ, Եվրոպական ավտոարտադրողների միության նախագահն է:
GM-ը դեռևս որևէ առաջարկ չի ստացել, Fiat-ը համապատասխան գործարքը կառաջարկի, եթե GM-ը և ֆրանսիական Peugeot-ն փոխհամաձայնության չգան: Ներկայում կոնցեռնների միջև բանակցություններ են ընթանում ալյանսի ստեղծման շուրջ:
Opel-ը ևս որևէ պաշտոնական հայտարարություն չի արել: Անցած ամիս ընկերության ֆինանսական տնօրեն Միխաիլ Լոխշելլերն ասել էր, թե GM-ը մտադիր չէ վաճառել Opel-ը: Ընդհակառակը՝ ընկերությունը ցանկանում է նոր լիցք հաղորդել եվրոպական իր ստորաբաժանմանը։
Civilnet











