Համաշխարհային բանկը նվազեցրել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական աճի կանխատեսումը: Բանկի փորձագետները որոշումը պայմանավորել են Չինաստանի տնտեսական ակտիվության նվազումով։ «Այս տարի Չինաստանում զգալի դանդաղում է արձանագրվում, և մտավախություն կա, որ այն կարող է երկար ժամանակ տևել»,- ասված է բանկի զեկույցում:
ՀԲ վերանայված կանխատեսումների համաձայն՝ այս տարվա արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ն, ամենայն հավանականությամբ, կաճի 7,7%-ով՝ ավելի վաղ կանխատեսված 8,2%-ի փոխարեն: 2013-ի համար բանկում կանխատեսել են 8,1%-ի աճ՝ նախորդ 8,6%-ի համեմատ:
Այս տարվա համար բանկի փորձագետները Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կանխատեսում են 7,2% աճ՝ մայիսյան 7,6%-ի համեմատ, և 2013-ին՝ 7,6% աճ՝ նախորդ 8,0%-ի համեմատ:
Զեկույցում նշվում է, որ տարածաշրջանի տնտեսական գնահատականներում առկա են մի շարք անորոշություններ և ռիսկեր, հետևապես ներկայացված պատկերն ամբողջական չէ։ Ըստ ՀԲ մասնագետների՝ տարածաշրջանի կառավարությունների հավակնոտ ներդրումային ծրագրերը կարող են որոշ չափով դիմակայել աճի դանդաղմանը։
Համաշխարհային բանկը ընթացիկ տարվա համար նվազեցրել է նաև Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ մինչև 3,5%՝ հունիսյան 3,8% աճ ցուցանիշի համեմատ։ 2013-ին բանկը Ռուսաստանում սպասում է 3,6% տնտեսական աճ՝ նախորդ 4,2% կանխատեսման համեմատ։ Գնահատականների նվազեցումը ՀԲ մասնագետները պայմանավորել են երաշտով ու ցածր բերքով։ Բացի այդ՝ աճի վրա բացասաբար կանդրադառնա գնաճի տեմպի արագացումն ու անցած տարվա համեմատ ոչ բարենպաստ արտաքին գործոնները, այդ թվում՝ համաշխարհային շուկաներում ակտիվության նվազումը։
Civilnet











