Գլխավոր Լրահոս

Հայկական ժառանգությունը՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում

Հայկական ժառանգությունը՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում

«Հայաստանը՝ առաջին քրիստոնյա ազգը, սկսեց զարգացնել ազատական քրիստոնեական ավանդույթները Քրիստոսից հետո առաջին դարում»,- ահա այսպես է Հայաստանը ներկայացվում աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանում։

«Մշտապես ձգտելով անկախության՝ հայերը պատմության ընթացքում եղել են Բյուզանդիայի և իսլամական տիրապետության տակ»,- ասվում է թանգարանի՝ հայկական պատմությանն առնչվող տաղավարում։ Այնուհետև անդրադարձ է կատարվում Կիլիկյան թագավարությանը։ 

«Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանում ներկայում հայկական պատմությանն ու արվեստին առնչվող 14 նմուշ կա։ Մինչ այժմ թանգարանում նմանաբնույթ 116 նմուշ է ներկայացվել։

Ցուցադրվող նմուշներից մեկը Հայոց արքա Տիգրան Մեծ Բ-ի պատկերով մետաղադրամն է։ Այն ցուցադրվում է հայկական ժառանգության հետ՝ թանգարանի 300-րդ ցուցասրահում։

Այս նույն ցուցասրահում առկա է 1311-ի Ավետարանի չորս մանրանկար, որոնք պատկերում են Քրիստոսի կյանքը։ Ցուցադրվում է նաև Կիլիկիայի հայոց գահակալ իշխան Լևոն Ա-ի պատկերով մետաղադրամ (քառադրախմը): Սա միակ պատմական ժառանգությունը չէ Կիլիկյան թագավորությունից, առկա են նաև Հեթումի Ա ու Հեթումի Բ արքաների պատկերով մետաղադրամներ։ Թանգարանի 461-րդ ցուցասրահում ներկայացված են 19-րդ դարի հայկական կուժ և սկուտեղ, իսկ երաժշտական գործիքների համար նախատեսված առանձին ցուցասրահում՝ 19-րդ դարի թառ, որը, սակայն վերագրվում է ադրբեջանական մշակույթին, թեև նշվում է, որ տարածված էր նաև Հայաստանում։

Թանգարանում 2008-ից ցուցադրվում է Լոռի-բերդից 12-րդ դարի խաչքար, որի բարձրությունը 2,5 մետր է: Խաչքարը անսահմանափակ ժամանակով «Մետրոպոլիտեն» թանգարանին է նվիրել Հայաստանի պատմության թանգարանը։ 

Մետրոպոլիտենում 2018-2019-ին տեղի էր ունեցել «Armenia!» ցուցահանդեսը, որը ներկայացրել է հայկական արվեստը, մշակույթը, կերպարվեստը, քանդակագործությունն ու ճարտարապետությունը: Ցուցահանդեսին ներկայացվել էր 140 նմուշ։ Դրանից հետո, փաստորեն, նմուշներից մի քանիսը մնացել են թանգարանում՝ որպես մշտական ցուցադրության առարկա։ 

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի մասին

«Մետրոպոլիտենը» համարվում է աշխարհի ամենախոշոր և լավագույն թանգարաններից մեկը։ Forbes-ի տվյալներով՝ 2022-ին թանգարանը տասը ամենաշատ այցելու ունեցող թանգարանների շարքում էր՝ ավելի քան 3 մլն այցելուով։ Իսկ Blooloop.com-ի համաձայն՝ «Մետրոպոլիտենը» 2023-ին աշխարհում չորրորդն է եղել այցելուների թվով։ Միլիոնավոր մարդիկ թանգարան են այցելում նաև առցանց։

«Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանը հավաքում, ուսումնասիրում, պահպանում և ներկայացնում է ավելի քան 5 000 տարվա արվեստի նշանակալի գործեր, որոնց թիվն անցնում է 490 000-ը։ 

Գևորգ Թոսունյան, Նյու Յորք

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում