Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կուտական գյուղում անասնապահությամբ զբաղվող Մարտինի տունը ամենամոտն է հայկական և ադրբեջանական դիրքերին։ Այն զորքերի շփման գծից ընդամենը 700 մետր հեռավորության վրա է։
Վերջին օրերին, մասնավորապես մարտի 21-ին և 22-ին, գիշերային ժամերին գյուղում լսվել են կրակոցների ձայներ։
«Կրակոցները գյուղի ուղղությամբ չեն եղել»,- ասում է Մարտինը։ Նրա կարծիքով՝ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը գյուղում նկատելիորեն ավելացրել է կայունությունն ու հանգստությունը։ Մինչ այդ Կուտականում, ինչպես նաև Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի այլ համայնքներում, հերթապահում էին ռուս սահմանապահները, որոնց այժմ փոխարինել են եվրոպացի դիտորդները։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծին Եվրամիության դիտորդներ տեղակայվեցին 2023-ի փետրվարին՝ մի քանի ամիս անց այն Ադրբեջանի՝ Հայաստանի վրա հարձակումից հետո 2022-ի սեպտեմբեր 13-14-ին։ Դա 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանի ամենամեծ հարձակումն էր, որը հայկական կողմում հանգեցրել է պաշտոնապես 207 զինծառայողի կորստի։
Մեր նկարահանման պահին դիտորդներն իրենց աշխատանքն էին կատարում։ Մարտինի տան դիմացով նրանք հնարավորինս մոտենում էին հայկական դիրքերին՝ դիտարկում իրականացնելով։ Դիտորդները տեսանելի էին նույնիսկ անզեն աչքով։
«Մինչև այսօր մեզ ապահով ենք զգացել նրանց ներկայությամբ,– ասում է Մարտինը և հավելում։– Նույնիսկ հիմա, երբ փողոցում կանգնած ենք՝ ադրբեջանցիների աչքի առաջ, ու մեզ վրա չեն կրակում, հենց դիտորդների շնորհիվ է»։

Մարտինը մեզ ցույց է տալիս իր մեքենայի կցորդը, որի վրա ադրբեջանցիները կրակել են 2022-ի սեպտեմբերի 13-14-ին։ Նա ցույց է տալիս փամփուշտների անցքերը։
Բայց դա ամենը չէ։ Մարտինը մեզ տանում ու ցուցադրում է իր հավաքածուն՝ պայթած արկերի տարբեր բեկորներ, որոնք հավաքել է դաշտերից և իր տան շրջակայքից։ Նա անասնապահությամբ է զբաղվում եղբոր և որդիների հետ։
«[2022-ի սեպտեմբերին] Մի քանի արկ հենց իմ տան մոտ ընկավ։ Քաոսային վիճակ էր։ Հասցրի ընտանիքս դուրս բերել, բայց անասուններիցս մի քանիսը սատկեցին», – հիշում է նա։
Գյուղերից ամենաշատը տուժել է Սոթքը։ Այստեղ մինչ օրս պահպանվում են այդ օրերի հետքերը։ Սոթքի համայնքապետարանի դարպասներն ու պատերը կրում են հրետակոծության բեկորների նշանները։

Գյուղի տարբեր հատվածներից երևում է կարմիր կտուրներով մոտ երեք տասնյակ տուն։ Դրանք հարձակումից հետո կառավարության աջակցությամբ փոխված կտուրներն են։
Չնայած վերջին օրերի կրակոցների մասին լուրերին՝ Սոթքում կյանքը շարունակվում է բնական հունով։ Գյուղի բնակիչները հաստատում են՝ մարտի 21-ին և 22-ին եղել են կրակոցներ, սակայն՝ գիշերային ժամերին և կարճատև։
Սոթքի երիտասարդ բնակիչներ Գևորգին ու Արթուրին հանդիպեցինք 1276-ին վերակառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ։ Այդ տարածքում Գևորգի ընտանիքին պատկանող տուն կա, որտեղ նրանք այդ պահին խոտ էին դասավորում խոշոր եղջերավոր կենդանիների համար։
Գևորգն ասում է՝ գիշերները կարճատև կրակոցներ եղել են, սակայն ոչ ուղղակիորեն գյուղի ուղղությամբ։
Հարցին, թե որն է Սոթքի առաջնային խնդիրը, Գևորգը պատասխանում է՝
«Խաղաղություն։ Մնացածը մենք ինքներս կստեղծենք»։

Սոթքը, որն ունի ավելի քան 1,000 բնակիչ, շարունակում է զգալ 2020-ի Ղարաբաղյան պատերազմի հետևանքները։ Պարտության արդյունքում հայկական զինված ուժերը դուրս եկան հարակից Քելբաջարից շրջանից, Սոթքի ոսկու հանքի մի մասը մնաց Ադրբեջանին, ինչի հետևանքով այստեղ կրճատվեց նաև աշխատատեղերի թիվը։ Այս ամենին գումարվել է անվտանգության մշտակա սպառնալիքը։
Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայմանների թվում առաջ է քաշում ԵՄ դիտորդների դուրսբերումը։
Գևորգ Թոսունյան











