Գլխավոր Լրահոս

Մեղադրյալներ չկան, նախաքննությունը շարունակվում է. ՔԿ-ն՝ իշխանական պատգամավորի կնոջ ապօրինի հանքի գործի մասին

Մեղադրյալներ չկան, նախաքննությունը շարունակվում է. ՔԿ-ն՝ իշխանական պատգամավորի կնոջ ապօրինի հանքի գործի մասին

Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ընկերության կողմից ընդերքի ապօրինի հանքարդյունաբերության դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն, և որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում դեռևս չի հարուցվել։ Այս մասին #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը 2023-ի նոյեմբերին հետաքննություն էր հրապարակել, ըստ որի՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կինը՝ Նաիրա Հակոբյանը, ավազի ապօրինի հանք է շահագործում։

Հետաքննությամբ պարզվել էր, որ Բագրատյանի կնոջը պատկանող «Արարակ» ՍՊԸ-ն Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի տարածքում առանց բնապահպանական փորձաքննության և համապատասխան թույլտվության ապօրինի ավազի հանք է շահագործում, որի մասին Բագրատյանն իր 2022-ի հայտարարագրում չի հիշատակել։ Հետաքննության հրապարակման օրը Բագրատյանի կինը «Արարակ» ՍՊԸ-ում իր 100 տոկոս բաժնեմասը փոխանցել էր ոմն Վրեժ Եղյանի, որը, ինչպես պարզվում է, Բագրատյանի վաղեմի գործընկերն է։

Մինչ օրս քրեական վարույթում մեղադրյալ չկա

Քննչական կոմիտեից 2024-ի փետրվարի 8-ի գրությամբ հայտնել են, որ վարույթը գտնվում է նախաքննության փուլում և որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։

Ընդ որում՝ ՔԿ-ն չի պատասխանել մեր գրավոր հարցմանը, թե արդյոք ապօրինի ավազի հանքի գործունեությունը կասեցվել է, թե ոչ։ Նույն կերպ, հղում անելով նախաքննական գաղտնիքին, ՔԿ-ն հրաժարվել է հայտնել, թե արդյոք ընկերության նախկին և ներկա սեփականատերերը հարցաքննվել են, թե ոչ։

Քննչական կոմիտեի ու դատախազության կայքերում այս վարույթի վերաբերյալ որևէ հրապարակում չի արվել, չնայած՝ օրինակ, դատախազության կայքում 2023-ի ընթացքում հրապարակվել են բազմաթիվ նմանօրինակ հանցագործությունների վերաբերյալ հարուցված վարույթների մասին նյութեր [1, 2, 3, 4]։

Պատգամավորի մոլորեցնող «հերքումները»

Բագրատյանը հերքել էր մեղադրանքները՝ պնդելով, թե իր կնոջ ընկերությունը այգեգործությամբ է զբազվում և կատարել է «ավազի լվացում», ոչ թե արդյունահանում, իսկ համապատասխան բոլոր պետական մարմինները թույլտվություն են տրամադրել։

#CivilnetCheck-ը անդրադարձել էր պատգամավոր Բագրատյանի այս պնդումներին և պարզել, որ շրջակա միջավայրի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները որևէ դիմում չեն ստացել ու ընկերությանը թույլտվություն չեն տվել։

Տես՝ Կեղծիքների շարք պատգամավոր Սերգեյ Բագրատյանից՝ կնոջ ավազի ապօրինի հանքի վերաբերյալ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում