Գլխավոր Լրահոս

Մինչ Քամիլ Զեյնալլըն Բաքվում է, Հայաստանը դիմելու է ՌԴ-ին նրա հանձնումը կազմակերպելու համար

Մինչ Քամիլ Զեյնալլըն Բաքվում է, Հայաստանը դիմելու է ՌԴ-ին նրա հանձնումը կազմակերպելու համար

Չնայած Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի բլոգեր Քամիլ Զեյնալլըի ազատ արձակմանը և Բաքու տեղափոխությանը, Հայաստանի ներքին գործերի նախարարությունը դիմելու է ՌԴ իրավապահ մարմիններին նրա հանձնման գործընթացը կազմակերպելու համար։

«Փետրվարի 21-ի կեսօրին ՌԴ-ից պաշտոնական գրությամբ հետախուզումը նախաձեռնող ստորաբաժանմանը տեղեկացվել է հետախուզվողի հայտնաբերման մասին և խնդրվել է վերահաստատել հետախուզման փաստը։ Ի պատասխան՝ հետախուզումը նախաձեռնող ստորաբաժանման կողմից անմիջապես հաստատվել է, որ տվյալ անձը գտնվում է միջպետական հետախուզման մեջ․ խափանման միջոցը՝ կալանք։ Չնայած հետախուզվող անձի ազատ արձակման մասին տարածված լուրերին՝ ներքին գործերի նախարարության կողմից իրականացվել է հանձնման արարողակարգով նախատեսված փաստաթղթերի փաթեթի նախապատրաստում, որը կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՌԴ իրավապահ մարմիններին փոխանցելու և հանձնման հետագա գործընթացը կազմակերպելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու նպատակով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

***

Քամիլ Զեյնալլըն փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերն իր տեսաուղերձում հայտարարել էր, որ ռուսաստանցի իրավապահները իրեն բերման են ենթարկել Բաքու մեկնելիս Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և հայտնել, թե նա հետախուզվում է Հայաստանի կողմից։ Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաստատել է, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում՝ սպանության մեղադրանքով:

Տելեգրամյան և թվիթերյան մի շարք էջեր Քամիլ Զեյնալլըին են վերագրում 2020 թվականին Հադրութում արցախցի տարեց մարդու գլխատումը։ Կան նաև տեղեկություններ, որ վերջինս ներգրավված է եղել Մոսկվայում կազմակերպված հայ-ադրբեջանական բախումներում դեռ 2020 թվականի հուլիսին։

Փետրվարի 21-ի կեսօրին հայտնի դարձավ, որ Զեյնալլըն ազատ է արձակվել։ Փետրվարի 22-ի լուսադեմին նա արդեն Բաքվում է եղել։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում