Միջազգային վարկանշային Moody's գործակալությունը Կիպրոսի սուվերեն վարկային վարկանիշն իջեցրել է միանգամից երեք աստիճանով՝ Ba3-ից մինչև B3՝ «բացասական» կանխատեսմամբ։ Գործակալությունն իր այս որոշումը պայմանավորել է երկրի բանկային համակարգում առկա խնդիրներով, որոնք կապված են ինչպես Կիպրոսի, այնպես էլ Հունաստանի տնտեսական իրադրության վատթարացման հետ։
Moody's-ը միաժամանակ իջեցրել է Կիպրոսի երեք խոշոր բանկերի վարկանիշները՝ Bank of Cyprus-ինը և Cyprus Popular Bank-ինը՝ մինչև caa3, և Hellenic Bank-ինը՝ մինչև caa2։ Այս բանկերի պորտֆելները ծանրաբեռնված են հունական ակտիվներով, Կիպրոսի իշխանությունները հարկադրված են եղել միլիոնավոր դոլարներ ուղղել դրանց վերակապիտալիզացիային։ Ըստ Moody's-ի՝ բանկային համակարգին աջակցելու կառավարության հնարավորությունները երկրում սահմանափակ են:
Գործակալության կանխատեսման համաձայն՝ բանկային ոլորտին աջակցելու համար մոտ ապագայում Կիպրոսը հարկադրված է լինելու դիմել միջազգային դոնորների եռյակին՝ Եվրահանձնաժողովին, Եվրոպական կենտրոնական բանկին և Արժույթի միջազգային հիմնադրամին: Եռյակի ներկայացուցիչները երկու անգամ այցելել են Կիպրոս, սակայն ֆինանսական աջակցության մասին խոսք չի եղել: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ վարկատուները մտադիր են աջակցության տրամադրման դիմաց Կիպրոսի իշխանություններից պահանջել բյուջետային ծախսերի մինչև 15% կրճատում։
2012թ. ամռանը Կիպրոսը ֆինանսական աջակցության խնդրանքով դիմել է նաև Ռուսաստանին: Սեպտեմբերի սկզբին կիպրական լրատվամիջոցներում լուրեր հայտնվեցին, թե Մոսկվան համաձայնել է Նիկոսիային մինչև €5 մլրդ-ի վարկ տրամադրել: Տեղեկությունը, պաշտոնապես չեն հաստատել ոչ Ռուսաստանի, ոչ էլ Կիպրոսի իշխանությունները։
Civilnet











