Ուոլ սթրիթի աշխատակիցների գրեթե կեսն այն տարի ավելի մեծ պարգևավճարներ է ակնկալում, քան 2011-ին։ Այսպիսի տվյալներ է պարունակում 911 ֆինանսիստների շրջանում eFinancialCareers կայքի անցկացրած հարցումը: Նրանց 82%-ն աշխատում է ընկերություններում, որոնց գլխամասերը ԱՄՆ-ում են: Ընդ որում, բանկիրները խոչընդոտող հանգամանք չեն համարել ինչպես տնտեսական դժվարությունները, այնպես էլ ֆինանսական ոլորտում զանգվածային կրճատումները:
2011-ի համեմատ ավելի բարձր պարգևավճար ակնկալում է հարցվածների 48%-ը՝ անցած տարվա 41%-ի դիմաց։ Բոնուսների հարցում լավատես են առավելապես հեջ-ֆոդների աշխատակիցները և ֆոնդերի կառավարիչները՝ ի տարբերություն բանկերի աշխատակիցների և բրոքերների, որոնք ավելի զուսպ են իրենց կանխատեսումներում։
Փորձագետների կարծիքով՝ իրական պարգևավճարների ծավալը կարող է չհամապատասխանել բանկիրների սպասումներին։ Ըստ ամերիկյան Johnson Associates-ի տվյալների՝ Ուոլ Սթրիթի առաջատար հինգ բանկերի եկամուտներն այս տարի ամենացածրն են 2008թ. ի վեր։ 2011թ. Ուոլ սթրիթում միջին պարգևավճարը կազմել է $121,15 հազ.։ Ընդ որում՝ անցած տարվա ապրիլ-դեկտեմբեր ժամանակահատվածում ֆինանսական ոլորտում կրճատվել է 4,3 հազ. աշխատատեղ: Ամերիկյան The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ Bank of America-ն մինչև այս տարվա վերջ կկրճատի 16 հազ. աշխատակից։
Ուշագրավ է, որ հարցվածների մեծ մասը պատասխաններում առաջնորդվել է ոչ թե ֆինանսական ցուցանիշներով, այլ աշխատանքի գնահատման ակնկալիքով։ Այսպես, հարցվածների 41%-ի կարծիքով՝ բարձր պարգևավճարի իրավունք իրենք վաստակել են ակտիվ աշխատանքի շնորհիվ, 26%-ը մատնանշել է ընկերության եռամսյակային լավ ցուցանիշները, 12%-ը՝ իրենց ստորաբաժանումների արդյունավետ աշխատանքը:
Ֆինանսական ոլորտի «վարդագույն հեռանկարներ» հարցվածների գերակշիռ մասն ապագայում չի տեսել։ Հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների միայն 27%-ն է ակնկալում պարգևավճարների բարձրացում առաջիկա երեք տարում: 31%-ի կարծիքով զգալի փոփոխություններ տեղի չեն ունենա, և ըստ 42%-ի՝ պարգևավճարները կկրճատվեն:
Civilnet











