«Ֆրանսիան Հայաստանին նոր պատերազմի է դրդում», մարտի 28-ին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևը։
«Ֆրանսիան երեսուն տարի մեր տարածքները բռնազավթած Հայաստանին սպառազինություն մատակարարելով և ռազմական աջակցություն ցուցաբերելով՝ ռևանշիստական տրամադրություններ է արթնացնում [Հայաստանում], նրան նոր պատերազմի է դրդում և նորից ձգտում է Հարավային Կովկասը պատերազմական թատերաբեմի վերածել», - ասել է Նաղիևը։
Ադրբեջանցի պաշտոնյայի կարծիքով՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համար բարենպաստ պայմանների ստեղծումը անհանգստացնում է մի շարք արևմտյան երկրների, որոնց նպատակները մեր տարածաշրջանում ոչ այնքան խաղաղության ու կայունության ապահովումն են, որքան երկու երկրների [Հայաստան-Ադրբեջան] սահմանին «դիտորդական առաքելության» անվան տակ գործունեության ծավալումը»։
Ադրբեջանցի պաշտոնյան այդ համատեքստում մասնավորապես թիրախավորել է Ֆրանսիային, որն, ըստ նրա, «իրականում երկար տարիներ միակողամանիորեն սատարում է Հայաստանին և նրան համակողմանի աջակցություն է ցուցաբերում»։
Մարտի 27-ին Ադրբեջանի արտգործնախարարությունը Վաշինգտոնին և Բրյուսելին մեղադրել է «հայամետ» դիրքորոշման համար՝ նշելով, որ «եթե Հայաստանը որևէ ապակայունացնող քայլի դիմի, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները կկիսեն պատասխանատվությունը»։
https://civilnet.am/news/769497/%d5%a2%d5%a1%d6%84%d5%b8%d6%82%d5%b6-%d5%be%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%a3%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d5%b6-%d6%87-%d5%a2%d6%80%d5%b5%d5%b8%d6%82%d5%bd%d5%a5%d5%ac%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%a4%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b4%d5%a5%d5%bf-%d5%a4%d5%ab%d6%80%d6%84%d5%b8%d6%80%d5%b8%d5%b7%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80/
Civilnet











