2012թ. երրորդ եռամսյակում չինական Lenovo ընկերությունը դարձել է աշխարհում անհատական համակարգիչների խոշորագույն արտադրողը, ասվում է ամերիկյան Gartner վերլուծական ընկերության զեկույցում: IDC-ն ցուցանիշների հարցում այլ կարծիք ունի։
Lenovo-ն գերազանցել է ամերիկյան Hewlett-Packard-ին, որն առաջատարի դիրքերում է սկսած 2006-ից: Այդուհանդերձ, երկու ընկերությունների ցուցանիշների միջև տարբերությունը չնչին է: Ամերիկյան Gartner-ի տվյալների համաձայն՝ 2012թ. հուլիս-սեպտեմբերին համաշխարհային մատակարարումներում Lenovo-ի մասնաբաժինը կազմել է 15,7%, HP-ինը՝ 15,5%:
Երրորդ, չորրորդ և հինգերորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են ամերիկյան Dell-ը, թայվանական Acer-ը և Asus-ը:
Հետազոտական մեկ այլ ընկերության՝ IDC-ի ուսումնասիրության համաձայն՝ 2012-ի երրորդ եռամսյակի առաջատարը HP-ն է, Lenovo-ն՝ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
Ըստ Gartner-ի՝ հաշվետու ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, մատակարարվել է 87,5 մլն համակարգիչ, ինչը 8,3%-ով զիջում է անցած տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը:
IHS iSuppli ընկերության կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարում համակարգիչների մատակարարման ընդհանուր ծավալը 11 տարվա մեջ առաջին անգամ կարող է զիջել նախորդող տարվա ցուցանիշին:
Civilnet











