Մարկ Դովիչ, Հաագա
ԱՄՆ-ում գործող Ճշմարտության և արդարության կենտրոն կազմակերպությունը (Center for Truth and Justice, CFTJ) Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) պաշտոնապես դիմել է հետաքննելու Ադրբեջանի ղեկավարներին նրանց ցեղասպանական գործողությունների համար։ Սա Հայաստանի կողմից Հաագայի տրիբունալին ուղղված առաջին հայցն է այս տարվա սկզբին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո:
Ավելի քան 100 էջանոց հաղորդագրության մեջ CFTJ-ն ներկայացնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի իրականացրած վայրագությունների մի ամբողջ շարք՝ սկսած այն պահից, երբ Ադրբեջանը մոտ երեք տարի առաջ առաջին անգամ սկսեց զավթել Հայաստանի տարածքը։
CFTJ-ն այժմ ՄՔԴ-ին խնդրում է սկսել այդ ապացույցների նախնական քննությունը՝ «գնահատելու, թե արդյոք ողջամիտ հիմք կա պաշտոնական հետաքննության համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մյուսների նկատմամբ, որոնք մեղադրվում են հայերի նկատմամբ պետական քաղաքականության մակարդակով ցեղասպանություն ծրագրելու, հրահրելու, պատվիրելու և իրականացնելու համար»:

«Ապրիլի 24-ին գրեթե մեկ շաբաթ է մնացել, և մենք այստեղ ենք, որպեսզի ևս մեկ անգամ ասենք, որ հայերը, ցավոք... ցեղասպանության միջով են անցնում։ Դա շարունակական ցեղասպանություն է»,- հինգշաբթի ՄՔԴ-ի առջև կայացած մամուլի ասուլիսին ասաց կալիֆոռնացի դատավոր և CFTJ-ի խորհրդական Գասիա Աբգարեանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան:
«Հայոց պատմության մեջ առաջին անգամ մենք դատարանին խնդրում ենք գործնականում քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու շարունակվող ապօրինի օկուպացիան, բռնի տեղահանումները, գլխատումները, շինծու գործերով բանտարկությունները, հարձակումներն ու քաղաքացիական անձանց թիրախավորումը և քաղաքացիական ենթակառուցվածքները Հայաստանի սահմաններում»,- ասաց Աբգարեանը։

Որևէ ժամանակացույց չի ներկայացվել, թե ՄՔԴ-ն ինչպես է քննելու CFTJ-ի միջնորդությունը, որը հիմնված է 2020-ի Ղարաբաղյան պատերազմից հետո հանցագործությունների մասին հավաքված վկայությունների վրա:
2021 և 2022 թվականներին մի շարք հարձակումների և ներխուժումների ընթացքում ադրբեջանական ուժերը օկուպացրել են Հայաստանի մոտ 170 քկմ տարածք։
Civilnet











