Գլխավոր Լրահոս

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։

Վարդանյանի ընտանիքի տարածած հայտարարությունում ասվում է, որ նա հացադուլը սկսել է ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։  Հատկանշական է, որ հացադուլն սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Հարկ է նշել, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչև մայիս:

«Խորապես մտահոգված եմ հորս առողջությամբ և վիճակով:  Ավելի քան 200 օր մենք չենք տեսել  նրան: Ապրիլի 5-ից՝ հացադուլն սկսելուց ի վեր, նրա հետ բացարձակապես կապ չենք ունեցել»,- ասել է Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի ավագ  որդին։

«Ռուբենի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը մարդու իրավունքների և միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է, և  դրան պետք է վերջ դրվի: Այս ամբողջ իրադրության զավեշտն այն է, որ Ադրբեջանը, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսը՝ COP 29-ը հյուրընկալելով, անամոթաբար փորձում է «մաքրագործել» իր միջազգային համբավը։ COP-ը մեծ ուշադրություն է դարձնում կլիմայի փոփոխության և մարդու իրավունքների փոխկապակցվածությանը, մինչդեռ նրանք, ակնհայտորեն, երկուսն էլ չարաշահում են»,- ասել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Ընտրող հանձնաժողովի անդամ Փոլ Փոլմանը։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը պահանջում է.

1.    Անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին։

2.    Ապօրինի դատավարությունները կայանալու դեպքում դրանք պետք է տեղի ունենան մինչև մայիսին բանտարկյալների կալանքի ժամկետների լրանալը, պետք է համապատասխանեն համաշխարհային իրավական չափանիշներին, և միջազգային դիտորդներին ու լրատվամիջոցներին պետք է թույլատրվի մասնակցել դրանց:

3.    Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ մուտքի հնարավորություն տա Միջազգային կարմիր խաչին՝ Ռուբենի և մյուս բանտարկյալների վիճակը գնահատելու համար։ Պետք է վերականգնվի Ռուբեն Վարդանյանի հետ ընտանիքի հեռախոսակապը։

4.    Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ներառի բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը:

5.    COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում՝ առանց նշված քայլերի իրագործման:

***

Ռուբեն Վարդանյանն այժմ ադրբեջանական գերության մեջ է։ Նա ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին՝ Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետում։ Ադրբեջանի իշխանությունները Ռուբեն Վարդանյանի նկատմամբ երեք հոդվածով մեղադրանք են առաջադրել։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։

Ռուբեն Վարդանյանից բացի, ադրբեջանական գերության մեջ է ևս 22 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։

23 գերիների թվում են նաև Արցախի 7 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44-օրյա պատերազմից հետո ևս 32 գերիների առկայության մասին, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է:

https://civilnet.am/news/770965/%d5%bc%d5%b8%d6%82%d5%a2%d5%a5%d5%b6-%d5%be%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b6%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%b8%d5%a2%d5%a5%d5%ac%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d6%80%d6%81%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում