Բրիտանական Financial Times պարբերականը կազմել է բիզնեսի կառավարման մագիստրոսական լավագույն ծրագրերի վարկանիշը՝ Global MBA Rankings 2012-ը: Լավագույն Executive MBA կրթությունն ապահովում է ԱՄՆ-ի Կելոգի դպրոցի և Հոնգ Կոնգի բնական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանի համատեղ ծրագիրը։ Նրա շրջանավարտները տարեկան վաստակում են միջինը $465 հազ., ինչը 50%-ով գերազանցում է հիմնական մրցակիցների համապատասխան ցուցանիշը: Ընդ որում՝ Executive MBA լավագույն 12 ծրագրերից ինն ասիական են:
Վարկանիշի հեղինակները գնահատել են ծրագրերի շրջանավարտների ոչ միայն աշխատավարձերը, այլև հաշվի են առել նախկին շրջանավարտների կարիերայի մակարդակը, ուսանողների և դասախոսների ազգությունը, ինչպես նաև դասախոսների ակադեմիական հեղինակությունը, ներառյալ՝ գիտական հրատարակությունները:
Այս տարվա վարկանիշը էական փոփոխություններ է արձանագրել։ Executive MBA թոփ 100-ը համալրվել է 18 ծրագրով, որից 12-ը նոր են։ Ամենահաջողված նորեկը Պեկինի Tsinghua համալսարանի և Սինգապուրի Insead կամպուսի համատեղ ծրագիրն է, որի միանգամից զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:
Վարկանիշի երկրորդ և երրորդ հորիզոնականներում կրկին համատեղ ծրագրեր են: Այսպես՝ երկրորդ տեղում ԱՄՆ-ի Կոլումբիայի և Մեծ Բրիտանիայի Լոնդոնի բիզնես դպրոցների ծրագիրն է, երրորդում՝ Փարիզի HEC-ի, Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի և Նյու Յորքի համալսարանի համատեղ Trium ծրագիրը:
Վարկանիշի հեղինակները նշում են, որ MBA կրթության հեղինակությունը Ասիայում սկսում է նույնքան բարձ լինել, որքան ԱՄՆ-ում և Եվրոպայում է: Ընդ որում, Executive MBA կրթությունը աշխարհագրական զգալի առանձնահատկություններ չունի՝ թեև ԱՄՆ-ում այս ծրագրով սովորողների տարիքը մի փոքր զիջում է Եվրոպայի և Ասիայի ցուցանիշներին։
MBA ուսանողների միջին տարիքը 36 է, և մինչ ուսանելը, նրանք, որպես կանոն, արդեն երեք պաշտոն են զբաղեցրած լինում երկու տարբեր երկրում: Այս ծրագրով սովորողների հիմնական նպատակը գործարար նոր կապերի ստեղծումն է և եկամուտի աճի ապահովումը, քանի որ MBA-ի դիպլոմի առկայությունը հնարավորություն է տալիս բարձրանալ ծառայողական սանդղակով։
FT վիճակագրական տվյալների համաձայն՝ Executive MBA ծրագրերի շրջանավարտները կարերիայի ավելի հաջող աճ են արձանագրում: Շրջանավարտների շրջանում անցկացված հարցումները վկայում են, որ ծրագրի ավարտից երեք տարվա ընթացքում MBA շրջանավարտ տնօրենների մասնաբաժինը ընկերություններում 16%-ից ավելանում է մինչև 31%, տնօրենների խորհրդի ադամներինը՝ 8%-ից մինչև 21%։
Executive MBA ծրագրերի լավագույն տասնյակը ըստ Financial Times-ի
Տեղը 2012-ի վարկանիշում | Տեղը 2011-ի վարկանիշում | Բուհը | Երկիրը |
1 | 1 | Կելոգի դպրոց/ Հոնգ Կոնգի բնական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարան | ԱՄՆ/Չինաստան |
2 | 3 | Կոլումբիայի բիզնես դպրոց/ Լոնդոնի բիզնես դպրոց | ԱՄՆ/Մեծ Բրիտանիա |
3 | 2 | Փարիզի HEC դպրոց/ Լոնդոնի էկոնոմիկայի դպրոց/ Նյու Յորքի համալսարան | Ֆրանսիա/ Մեծ Բրիտանիա/ Նյու Յորք |
4 |
| Tsinghua համալսարան/ Insead | Չինաստան/Սինգապուր |
5 | 9 | Կալիֆոռնիայի Լոս Անջելոսի համալսարան. Anderson/ Սինգապուրի ազգային համալսարան | ԱՄՆ/Սինգապուր |
6 | 4 | Insead | Ֆրանսիա/Սինգապուր |
7 | 11 | Ceibs | Չինաստան |
8 | 7 | Փենսիլվանիայի համալսարան. Wharthon | ԱՄՆ |
9 | 15 | Վաշինգտոնի համալսարան | ԱՄՆ |
10 | 5 | Չիկագոյի համալսարան. Booth | ԱՄՆ/Մեծ Բրիտանիա/Սինգապուր |
Civilnet











