Ֆրանսիական ընկերությունների ղեկավարները մտահոգված են երկրում տիրող իրադրությամբ։ Նրանց կարծիքով՝ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի իշխանության գալը միայն վատթարացրել է վիճակը։
«Իրադրությունը շատ լուրջ է։ Ֆրանսիական ընկերությունների ղեկավարների մի մասը խուճապի է մատնվել»,- հայտարարել է ֆրանսիացի ձեռնարկատերերի MEDEF միավորման ղեկավար Լորան Պարիզոն։
MEDEF-ը կառույց է, որը միավորում է ֆրանսիական 800 հազ․ ընկերություն։ Այս կառույցը ներառում է տարբեր ոլորտներում (այդ թվում՝ բանկային հատված, ապահովագրություն, ագրարային հատված, ինքնաթիռա- և մեքենաշինություն, ինժեներիա, քիմիական տեխնոլոգիաների ոլորտ) զբաղված ընկերություններ։
Նա նշում է, որ սնանկությունների թիվը կտրուկ աճել է այս ամառ, ինչը ներդրողների՝ Ֆրանսիայի տնտեսության նկատմամբ վստահության լիակատար կորստի պատճառ է դարձել։
«Խոշոր ներդրողները խուսափում են Ֆրանսիայից։ Իրավիճակը ողբերգական բնույթ է ստանում»,- ասում է Պարիզոն։
MEDEF-ի անդամների կարծիքով՝ վտանգը սովորական «փոթորկի նախազգուշացումից» աճել է մինչև «փոթորկի սկսման մասին նախազգուշացման»։ Իրադրությունը սաստկացնում է այն փաստը, որ Ֆրանսուա Օլանդի սոցիալիստական կառավարությունը մինչ այժմ չի գիտակցել ընթացիկ ճգնաժամի և նրա հետևանքների «ծայրահեղ ծանրությունը»։
Ֆրանսիայի ներկայիս կառավարության այսպիսի բացասական գնահատականը պայմանավորված է նրանով, որ հաջորդ տարի նախանշված է բյուջետային դեֆիցիտի €30 մլրդ-ի խնայողություն։ Դրանցից €10 մլրդ-ը կծածկեն ծախսերի համատարած կրճատումներից, որոնք, սակայն, չեն դիպչի թոշակներին։ €20 մլրդ-ը կհաջողվի ստանալ՝ շնորհիվ բյուջեի՝ ավելացած եկամուտների՝ կապված հարկերի բարձրացման հետ։
Հարկերից ստացվելիք հավելյալ եկամուտների առյուծի բաժինը կառավարությունը ծրագրում է ստանալ հարուստներից, որոնք €1 մլն-ից ավելի եկամուտից պետք է 75% հարկ վճարեն։
Ընկերությունների հարկային արտոնությունները կվերացվեն։ Այն ընկերությունները, որոնք արժեթղթերի գործարքներ են իրականացնում, արդեն վճարում են նոր հարկեր։ Կվերացվեն նաև բնակչության արտոնությունները, ինչպես նաև կսահմանվի կապիտալի աճի լիարժեք հարկ։
Եկամտահարկի առավելագույն չափը կբարձրացվի մինչև 45%։ Կառավարությունը խոստանում է, որ նոր հարկերի մի մասը ապագայում կվերացվեն, ընդհանուր խնայողությունն էլ հետագա տարիներին հավասարապես կբաշխվի հարկերի ու ծախսերի կրճատման միջև։ Իսկ առայժմ իշխող կուսակցությունն ընտրություն չունի։
Civilnet











