2012-ի ինն ամիսներին Իսպանիայից արտագաղթել է 55 հազ. մարդ, ինչը 21,6%-ով գերազանցում է անցած տարվա նույն ցուցանիշը: Այսպիսի տվյալներ է հրապարակել Իսպանիայի ազգային վիճակագրական բյուրոն:
Առավել զգալի է երկրից օտարերկրացիների արտահոսքը: Ըստ բյուրոյի՝ Իսպանիայից հեռացել է օտարերկրյա քաղաքացիների 87%-ը՝ 365 հազ. մարդ: Ընդ որում՝ այս տարի ևս պահպանվել է 2011-ի միտումը, երբ երկրից մեկնել էր 62 հազ. իսպանացի և 445 հազ. օտարեկրացի: Իսպանիայում առաջին անգամ արտագաղթողների և ներգաղթողների միջև բացասական բալանս է արձանագրվել:
Երկրում բավական բարդ է աշխատանք գտնել, գործազրկության մակարդակը կազմում է 25%։ Իրադրությունն ամենաբարդն է 25 տարեկանից բարձր երիտասարդների տարիքային խմբում, որտեղ գործազուրկ է յուրաքանչյուր երկրորդը:
Ի դեպ՝ միջազգային վարկանշային Standard&Poor’s գործակալությունը այսօր իջեցրել է իսպանական 11 բանկի երկարաժամկետ վարկանիշը՝ պահպանելով «բացասական» կանխատեսումը: Բացի այդ՝ իջեցվել է 4 բանկի կարճաժամկետ վարկանիշը, ևս 6 բանկ ներառվել է վերանայման ցանկում՝ վարկանիշի իջեցման հնարավորությամբ:
Անցած շաբաթ S&P-ն Իսպանիայի երկարաժամկետ սուվերեն վարկանիշն իջեցրել էր միանգամից երկու աստիճանով՝ BBB+ մակարդակից մինչև BBB-՝ «բացասական» կանխատեսմամբ։ Հաջորդը «աղբային» մակարդակն է։ Ավելի վաղ Իսպանիայի վարկանիշը իջեցրել էր Moody’s վարկանշային գործակալությունը։
Այս պայմաններում Մադրիդը քննարկում է Եվրամիության խնդրահարույց երկրների փրկության նոր մեխանիզմով վարկային գծի ստացման հնարավորությունը։
Civilnet











