Բրիտանական HSBC բանկը գլոբալ սպառողական նոր բում է կանխատեսել, որի շարժիչ ուժը կլինեն վեց երկրներ՝ Չինաստանը, Հնդկաստանը, Ֆիլիպինները, Պերուն, Մալայզիան և Ռուսաստանը: Սպառողական բումը կապահովի միջին խավը, որը մինչ 2050թ. կհամալրվի ևս 3 մլրդ-ով. այն երկրագնդի ներկայիս բնակչության 40%-ն է:
HSBC բանկի փորձագետների կարծիքով՝ սպառողական բումը չեն կարող գլխավորել զարգացած երկրները, քանի որ դրանցում առաջիկա 40 տարիներին սպառողական աճը չի գերազանցի տարեկան 2%-ը: Փոխարենը՝ մինչ 2050թ. զարգացող 17 երկիր կընդգրկվի աշխարհի խոշոր 30 տնտեսությունների ցանկում: Ցուցակը կգլխավորի Չինաստանը՝ առաջին հորիզոնականից դուրս մղելով ԱՄՆ-ին: Երրորդ խոշոր տնտեսությունը կդառնա Հնդկաստանը:
Սպառողական նոր տրենդները կախված կլինեն սպառողների ազգային կազմի փոփոխությունից: Այսպես՝ մինչ 2050թ. Չինաստանում աշխատողների միջին եկամուտը կաճի 7 անգամ՝ $2,5-$18 հազ.: Հնդկաստանի բնակչությունը, որը մինչ այդ կկազմի 1,6 մլրդ, վեց անգամ ավելի շատ եկամուտ կունենա: Ամենատպավորիչ աճը, սակայն, կարձանագրի Ֆիլիպինները. մինչ 2050թ. երկրի բնակչությունը երկու անգամ կգերազանցի Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի բնակչությանը, իսկ եկամուտները՝ ինն անգամ ավելի շատ կլինեն, քան ներկայում է։
Արդյունքում միջին եկամուտ ունեցող զարգացող մի շարք երկրներ կվերածվեն հարուստ երկրների, որոնց բնակիչները կփոխեն իրենց սպառողական սովորույթները: Դրանք կախված կլինեն ամսական աշխատավարձի չափից, և որքան եկամուտը բարձր լինի, այնքան ավելի զգալի կլինեն փոփոխությունները:
Ներկայում զարգացող երկրներում սննդամթերքի վրա ծախսվում է համախառն եկամուտի ավելի քան 40%-ը: Եկամուտների աճին զուգահեռ պարենամթերքի վրա ծախսվող գումարը կնվազի մինչև 10%: Մարդիկ, հայտնվելով միջին խավում, որպես կանոն ավելի շատ գումար ծախսում են անշարժ գույքի վրա՝ գնելով կահույք և տեխնիկա: Բացի այդ՝ ավելի մեծ գումարներ են ուղղվում զվարճանքներին։
Սպառողական բումի առաջատարները կդառնան Հնդկաստանը և Չինաստանը: Արևելյան Եվրոպայի երկրների շրջանում ամենից շատ բոլոր տեսակի ապրանքների նկատմամբ պահանջարկը կավելանա Թուրքիայում: Հարավային Ամերիկայի երկրներից առաջատարը կլինի Պերուն, որտեղ «ոչ հիմնական» ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկը կմեծանա 20 անգամ:
HSBC-ի փորձագետները միջին խավ են համարում տարեկան $3-15 հազ. եկամուտ ունեցողներին: Ներկայում այն ամենամեծն է Չինաստանում է՝ 400 մլն, որն այս երկրի բնակչության 30%-ն է: Հնդկաստանում և Ֆիլիպիններում միջին խավին է պատկանում բնակչության 10%-ը, Բրազիլիայում՝ 40%-ը: Իրադրությունը կտրուկ կարող է փոխվել մինչ 2050թ.: Չինաստանում, Եգիպտոսում, Արգենտինայում, Լեհաստանում և Ռուսաստանում գրեթե ամբողջ բնակչությունը կհամալրի միջին կամ միջինից բարձր եկամուտներ ունեցողների շարքը:
Civilnet











