Գլխավոր Լրահոս

Ըստ Ալիևի՝ եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիր չի կնքվի

Ըստ Ալիևի՝ եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիր չի կնքվի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար կրկին խոչընդոտ է համարել Հայաստանի սահմանադրությունը։ Այդ մասին նա հայտարարել է հունիսի 6-ին Թյուրքալեզու երկրների խորհրդարանական ասամբլեայի անդամների հետ հանդիպմանը։

«Եթե Հայաստանի սահմանադրությունն անփոփոխ մնա, պարզապես անհնար է լինելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելը»,- հայտարարել է Ալիևը։ 

Նա կարծում է, թե այդ պահանջով Ադրբեջանը «չի միջամտում Հայաստանի ներքին գործերին»։

Ալիևը նաև նշել է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին առաջարկել է համատեղ դիմում ներկայացնել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանդքով։

«Մինսկի խմբի կարիքը չկա, այն այժմ չի գործում։ Մենք չենք թույլատրի, որ այդ կառույցը դե ֆակտո գործի, այս դեպքում մնում է նրա գործունեության իրավական կողմը։ Դա նաև ցույց կտա Հայաստանի անկեղծության աստիճանը։ Եթե Հայաստանը պաշտպանի Միսնկի խմբի պահպանության հարցը, ապա կնշանակի, որ մեր դեմ շարունակում է տարածքային պահանջ ներկայացնել»,- ասել է Ալիևը։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 4-ին ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ համոզմունք էր հայտնել, որ սահմանադրությունը չի կարող խնդիր լինել խաղաղության հաստատման համար. «Եվ Ադրբեջանը, և Հայաստանը բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ և խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար։ Համոզմունք ունենք, որ և մեր, և իրենց (Ադրբեջանի – խմբ․) սահմանադրությունը, մեծ հաշվով, չի կարող իրավական առումով խնդիր լինել երկարատև խաղաղության հաստատման համար: Ոչ մեր, ոչ իրենց Սահմանադրության փոփոխությունները Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս չեն կազմում»,- ասել էր Միրզոյանը։

***

Հունվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության․ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»։

Արարատ Միրզոյանը հունվարի 23-ի ասուլիսի ժամանակ խոստովանել էր, որ Ադրբեջանը խնդիրներ տեսել է Հայաստանի սահմանադրությունում․ «Երկու կողմն էլ (Հայաստանը և Ադրբեջանը – խմբ․) իրավական խնդիրներ տեսել են այս առումով, այդ խնդիրները ներկայացրել են միմյանց և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ։ Այո, որքան որ Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի՝ սկսած իրենց Սահմանադրությունից»։

Հայաստանի ընդդիմությունը նշում էր, որ իշխանությունը մտադիր է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում նշվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում