Լոնդոնաբնակ գործարար Վաչե Մանուկյանը՝ անգլիական «Էվերտոն»-ի հավանական գնորդ

Լոնդոնաբնակ ներդրող, բարերար Վաչե Մանուկյանի ղեկավարած կոնսորցիումը միացել է անգլիական «Էվերտոն» ֆուտբոլային ակումբը գնելու պայքարին։ Այդ մասին հաղորդում է Guardian-ը։
Մանուկյանը, ըստ հրապարակման, 400 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջարկ է ներկայացրել՝ ակումբը գնելու համար՝ ներգրավելով ներդրողներ նաև ԱՄՆ-ից ու Ծոցի երկրներից։ «Էվերտոն»-ի՝ նոր սեփականատերեր փնտրելու թեման ակտիվացել է հունիսի 1-ից, երբ ֆուտբոլային ակումբը հաղորդեց, որ ամերիկյան 777 partners ընկերության հետ բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագիրը տապալվել է ու ակումբը բաց է սեփականատերերի այլ տարբերակներ քննարկելու հարցում։
Վաչե Մանուկյանը տեխնոլոգիական ոլորտի ներդրող IMS Digital ventures կազմակերպության գործընկերներից է։ Ըստ կենսագրության՝ Մանուկյանն իր կարիերան սկսել է Մեծ Բրիտանիայում՝ որպես իրավաբան, ապա տեղափոխվել ԱՄՆ՝ օգնելու մասնավոր, ընտանեկան բիզնեսին կառուցել, զարգացնել ու գործարկել աշխարհի ամենահաջողակ խաղերի ու զվարճանքի ընկերություններից մեկը։ Նա լոնդոնաբնակ խոշոր գործարար, բարերար Վաչե Մանուկյանի եղբորորդին է։
The Independent-ը գրել է՝ Վաչե Մանուկյանը ակումբի գնման առաջարկն արել է անցած ուրբաթ, իսկ շաբաթ զրուցել է «Էվերտոն»-ի մեծամասնական բաժնետիրոջ հետ։ Հայազգի գործարարը պատրաստ է «Էվերտոն»-ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքն ավարտել առաջիկա մի քանի ամիսներին։ Մանուկյանի գլխավորած կոնսորցիումում է ներառված նաև Myer Family Investments ավստրալական խոշոր ընկերությունը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանում «Էվերտոն»-ը զբաղեցրել է 15-րդ տեղը։ «Էվերտոն»-ը անգլիական ֆուտբոլի հնաբնակներից է, հիմնադրվել է 1878 թվականին։
Civilnet










