ԱՄՆ-ը և Եվրամիությունը պատրաստվում են բանակցություններ սկսել ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ, ինչը թույլ կտա երկկողմ առևտրի ծավալներն ավելացնել տարեկան առնվազն $120 մլրդ-ով, իսկ տնտեսական աճը խթանել 0,3-0,7%-ով։ Համաձայնագիրը հազիվ թե ներառի փոխգործակցության «ցավոտ» կողմերը, ինչպես օրինակ, ազատ պարենային շուկաների, ավիաշինության և հեղինակային իրավունքի կարգավորման խնդիրները։ Հնարավոր է՝ բանակցությունները մեկնարկեն արդեն հաջորդ գարնանը, իսկ համաձայնագիրը ուժի մեջ մտնի 2014-ի կեսերից։
Մինչ այս տարեվերջ փորձագետների խումբը՝ առևտրի հարցերով եվրահանձնակատար Կառլ դե Գյուխտի և ԱՄՆ առևտրի հարցերով ներկայացուցիչ Ռոն Կիրկի գլխավորությամբ, ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարների շուրջ զեկույց կներկայացնի: Նախաձեռնությունն ինքնին նոր է, չնայած դեռ 2006թ. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես էր եկել անդրանտլանտյան ազատ առևտրի գոտի ստեղծելու առաջարկով՝ որպես այլընտրանք այդ տարիներին մշակվող միջազգային միասնական համաձայնագրի (այն այդպես էլ իրականություն չդարձավ): Մերկելի կարծիքով՝ նման գոտին կարող էր ծառայել բոլորի շահերին։ Սակայն կողմերը միայն այժմ են պատրաստ կառուցողական երկխոսության՝ այն էլ հանուն տնտեսական աճի խթանման։
ԵՄ-ն համաձայնագրի ամենալայն տարբերակի կողմնակիցն է։ Սակայն համաձայնագրում, սուր հարցերը չեն ներառվի։ Խոսքն առաջին հերթին գյուղատնտեսության մասին է։ ԱՄՆ-ում արդեն 15 տարի արգելված է եվրոպական հորթի մսի ներկրումը։ Պայքարը ոչ պակաս թեժ է նաև ավիաշինության ոլորտում, մասնավորապես՝ պետֆինանսավարման հարցում: Հակասություններ կան նաև մտավոր սեփականության իրավունքի իրացման և էլեկտրոնային տվյալների գաղտնիության հետ կապված հարցերում:
Ուշագրավ է, որ ներկայում երկկողմ առևտրում բավական ցածր են մաքսատուրքերը, ընդհանուր առմամբ՝ միջինը 3%: Առևտրային հիմնական խոչընդոտը տարբերություններին են ստանդարտներում և կարգավորումներում, ինչպես նաև սպառողների պաշտպանության հարցերում: ԱՄՆ Առևտրի պալատի գնահատականների համաձայն՝ սակագների չեղյալ հայտարարումը թույլ կտա երկկողմ առևտրի ծավալները հինգ տարում ավելացնել $120 մլրդ-ով: Ներկայում ԵՄ-ից ապրանքների արտահանման ծավալը $700 մլրդ է, որը $75 մլրդ-ով գերազանցում ներկրման ծավալները:
Եվրահանձնաժողովի հաշվարկների համաձայն՝ ոչ սակագնային սահմանափակումների գրեթե կեսի չեղյալ հայտարարումը կարտահայտվի ԵՄ ՀՆԱ-ի 0,7% և ԱՄՆ-ի ՀՆԱ-ի՝ 0,3% աճով։ Փորձագետների կարծիքով՝ ազատ առևտրի գոտու ստեղծումը ԵՄ կառավարություններին կհարկադրի անցնել կապիտալի և աշխատաշուկայի առավել ճկուն կարգավորման։ Հակառակ դեպքում եվրոպական ընկերությունները արդյունավետությամբ կզիջեն ամերիկյան մրցակիցներին:
Civilnet











