2012թ. ԱՄՆ-ի 500 խոշոր ընկերությունների զուտ շահույթը կկազմի ռեկորդային $870 մլրդ։ Սակայն այս գումարի զգալի մասը կհատկացվի ոչ թե ներդրումներին կամ շահաբաժինների վճարմանը, այլ սեփական բաժնետոմսերի հետգնմանը: Համաձայն Dow Jones Indices-ի կանխատեսման՝ ամերիկյան ընկերություններն այս նպատակին $400 մլրդ կուղղեն։
Այս տարվա երկրորդ եռամսյակում ԱՄՆ ընկերությունները բաժնետոմսերի հետգնման վրա ծախսել են $111,7 մլրդ, ինչը մեկ երրորդով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ակնկալվում է, որ երրորդ եռամսյակում ևս ցուցանիշը կգերազանցի $100 մլրդ-ը:
Սպորտային ապրանքների համաշխարհային խոշոր արտադրող Nike ընկերությունն արդեն հայտարարել է առաջիկա չորս տարում բաժնետոմսերի հետգնման վրա $8 մլրդ ծախսելու մտադրության մասին: Ներկայում ավարտին է մոտենում $5 մլրդ-ի բաժնետոմսերի հետգնման ծրագրի առաջին փուլը: Նավթային հսկա Exxon-ը անցած 12 ամիսների ընթացքում հետ է գնել $21,6 մլրդ-ի բաժնետոմս:
Այս գործընթացում առավել ակտիվ են տեխնոլոգիական ընկերությունները, ընդ որում՝ առաջատարը Johnson&Johnson-ը և Microsoft-ն են: Apple-ը ևս որոշել է հետ գնել սեփական բաժնետոմսերը՝ այս նպատակին հատկացնելով $10 մլրդ:
Աշխարհում սեփական բաժնետոմսերը հետ գնող տասը ընկերություններից ինն ամերիկյան են: Վերջին անգամ նման պատկեր արձանագրվել է անցած դարի 90-ականներին:
Ի տարբերություն ամերիկացիների՝ եվրոպացիները նախընտրում են գումարը կանխիկ պահել՝ զգուշանալով նոր ճգնաժամից: Այդուհանդերձ, մի շարք ընկերություններ, այդ թվում՝ բրիտանական դեղագործական Astra Zeneca-ն, իսպանական Telefonica-ն և նիդեռլանդական KPN-ը նույնպես հետգնման ծրագիր են նախաձեռնել։ Bloomberg-ի տվյալների համաձայն՝ եվրոպական 600 կոնցեռնների կողմից բաժնետոմսերի հետգնման ծավալն այս տարի կկրճատվի երկու երրորդով՝ մինչև $13 մլրդ: Ընդ որում՝ ցուցանիշը նման ցածր մակարդակում վերջին անգամ եղել է 2009թ.։
Civilnet











