Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում անցկացված ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումից հետո՝ վերադարձի ճանապարհին, պատասխանել է լրագրողների հարցերին։ Էրդողանը անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և նորից բարձրացրել «միջանցքի» հարցը:
Թուրքիայի նախագահը, վերահաստատելով Անկարայի այն դիրքորոշումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է՝ հանգեցնի հայ-թուրքական սահմանի բացմանը, ասել է հետևյալը․ «Այժմ մենք պետք է ամեն ինչ անենք խաղաղության համար։ Հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև մոտ ապագայում խաղաղություն կհաստատվի։ Թուրքիան ի սրտե աջակցում է այդ խաղաղությունը»:
«Զանգեզուրի միջանցքի բացումը խաղաղության պայմանագիրն ամբողջացնող քայլ կլինի, որը կնպաստի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի զարգացմանն ու կայունությանը։ Ցանկանում ենք, որ նման դրական որոշումներն առանց հապաղելու ընդունվեն և անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն։ Տարածաշրջանից լավ ազդակներ են գալիս, և կարծում ենք, որ դրանք լավ նորությունների կվերածվեն»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Վերջինս նաև հավաստիացրել է, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող վերոնշյալ կապը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի, այլև՝ Իրանի համար․ «Երբ այն գործարկվի, և՛ Իրանը կթեթևանա, և՛ Ադրբեջանը։ Ադրբեջանի նախագահի համար այդ միջանցքը շատ կարևոր է։ Աստծո կամոք, երբ այդ ճանապարհին շահագործվի նաև երկաթգիծը, դրանից մեծապես կշահի Ադրբեջանը»:
Թուրքիայի նախագաhը հուլիսի 12-ին երկրորդ անգամ է անդրադարձել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին։ Ավելի վաղ՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի աշխատանքների ժամանակ, վերահաստատելով Թուրքիայի ցանկությունը խաղաղության պայմանագրի կնքման հարցում, Էրդողանն այդ ուղղությամբ կատարված դրական գործընթացների մասին էր նշել։
Civilnet











